Այսօր ռեժիսոր, մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցը մասնակցում էր Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հավաքին: Նա ասել էր, որ այս իշխանությունը «պրոյեկտ» է, իսկ թե ինչ անել, որ կարողանանք ազատվել իշխանություններից, Ռոբերտ Սահակյանցն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանեց, որ մի ճանապարհ կա՝ բանակը պետք է միանա ժողովրդին. «Այն ժամանակ չէր երեւում, թե ում պրոյեկտն է, Թուրքիան ու Ադրբեջանը չէին երեւում, հիմա արդեն ակնհայտ է, թե ում պրոյեկտն է Նիկոլ Փաշինյանն առհասարակ: Դա հա՛մ գլոբալիստական, հա՛մ թուրք-ադրբեջանական ուժերի պրոյեկտն է»:
Ըստ Սահակյանցի, Նիկոլ Փաշինյանին շատ քիչ թվով մարդիկ են աջակցում գաղափարապես. «Իր հույսը ժամանակ ձգելն է: Այն, ինչ կատարվում է այս օրերին Տավուշում, միգուցե վերջին խոստումներն են, որ նա պետք է կատարի: Արտահերթ ընտրությունները, եթե լինեն, նա չի էլ անցնի պառլամենտ, կամ կգա շատ փոքր մասով: Մենք չպետք է թույլ տանք, որ նա նորից մտնի պառլամենտ՝ ցանկացած կարգավիճակով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ