Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) Առցանց ազգային քարոզչական կոնֆերանսի ու Քարոզչական շաբաթվա երկրորդ պանելային քննարկման խումբը երկուշաբթի օրը, մարտի 8-ին, կենտրոնացավ «Պահպանել հայկական մշակույթը և ժառանգությունը» թեմայի վրա: Սա ճիշտ ժամանակին քննարկվող մի թեմա է, մինչ հազարավոր հայկական կրոնական ու մշակութային ժառանգության տարածքներ ներկայում Ադրբեջանի կողմից բռնագրավման և ոչնչացման ռիսկի տակ են, հատկապես Լեռնային Ղարաբաղում և դրա շրջակա տարածքներում:
Բանախոսների թվում էին Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, Քորնել համալսարանից պրոֆեսոր Լորի Խաչատուրյանը և Թաֆթս համալսարանից պրոֆեսոր Քրիստինա Մարանցին, իսկ Միջազգային քրիստոնեական կոնցեռնի նախագահ Ջեֆ Քինգը գրավոր հայտարարություն ներկայացրեց: Լաֆայեթ համալսարանից պրոֆեսոր Ռեյչել Գոշգարյանը այս պանելային քննարկման խմբի մոդերատորն էր:
Ընդգծելով մշակութային ժառանգության կարևորությունը՝ արքեպիսկոպոս Տերտերյանը նշեց, որ «մշակույթը ծնվում է ազգի հետ», և ճանաչելով հայ ազգի մշակույթն ու ժառանգությունը՝ «մենք տեսնում ենք մեր պատմության շերտերը և մեր նախնիների ձգտումները, որոնք թողել են նշանակալից ազդեցություն»:
Նա նշեց, որ մշակույթն ու ժառանգությունը «կամուրջներ» են ազգերի անցյալի և ապագայի միջև, և որ հայրենիքի ստեղծագործական կյանքն արտացոլվում է հայկական եզակի մշակութային ժառանգության մեջ:
Կարդացեք նաև
Արքեպիսկոպոս Տերտերյանը հայտարարեց, որ կարևորագույն ակադեմիական հայտնագործություններ ու ուսումնասիրություններ, ինչպես նաև շարունակական երկխոսություն քաղաքական առաջնորդների և միջազգային մշակութային կազմակերպությունների հետ, վճռորոշ են վտանգված հայկական մշակութային ժառանգության տարածքների համար լուծում գտնելու հարցում:
Քորնել համալսարանի Մերձավոր Արևելքի ուսումնասիրությունների ամբիոնում դասավանդող հնագետ, պրոֆեսոր Խաչատուրյանը արձակեց Caucasus Heritage Watch-ը՝ բարձր կետայնության արբանյակային պատկերների միջոցով մշտադիտարկելու հայկական մշակութային ժառանգության տարածքներին հասցվող վնասը: Նախնական փուլում գտնվող նախագիծը փաստագրում է հուշարձանների վիճակը և հետագայում կարող է օգնել պատասխանատվության ենթարկել հանցագործներին:
Նա ընդգծեց այն փաստը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն «խուսափում է քննադատել այն կառավարություններին, որոնցից ֆինանսական կախվածության մեջ է գտնվում», ուստի կան «քիչ գործիքներ, որոնք հետ կպահեն պետական դերակատարներին իրենց սուվերեն վերահսկողության տակ գտնվող մշակութային ժառանգությունը վնասելուց կամ այդպիսի դերակատարներին պատասխանատվության կենթարկեն»:
Խաչատուրյանը նշեց, որ ավելի քան 1000 հայկական մշակութային ժառանգության տարածքներ հայտնվում են Ադրբեջանի իրավասության ներքո, բաշխված են Լեռնային Ղարաբաղի նախկին մարզերի տարածքներում և ներառում են հայկական վանական համալիրներից մինչ խաչքարեր, գերեզմանոցներ և բերդեր, ի թիվս այլ հուշարձանների:
«Այս տարածքներին սպառնացող վտանգներն իրական են», – ասաց նա: «1997-2006թթ.-ին Ադրբեջանը ձգտեց ամբողջությամբ ջնջել հայերի հետքերը՝ ոչնչացնելով հազարավոր խաչքարեր և տասնյակ հազարավոր պատմական տապանաքարեր Նախիջևանում ոչնչացման աննախադեպ գործողությունների ժամանակ: Այդ լուրջ վտանգները կրկին սպառնալիք են դառնում»:
Ապացուցվել է, որ արբանյակային պատկերագրումը «արդյունավետ գործիք» է ռիսկի տակ գտնվող մշակութային ժառանգությունը մշտադիտարկելու համար՝ ըստ Խաչատուրյանի, ով մեջբերեց այնպիսի երկրներ, ինչպիսիք են Սիրիան, Եգիպտոսը, Իրաքը, Աֆղանստանը, Եմենը և Չինաստանը, որոնք կիրառել են աշխարհատարածական տեխնոլոգիաների օգտագործման այս մեթոդը:
Պրոֆեսոր Մարանցին՝ Արթուր Դադյանի և Արա Օզթեմելի անվան հայ արվեստի և ճարտարապետության պրոֆեսորն, ինչպես նաև Թաֆթս համալսարանի Արվեստի և ճարտարապետության պատմության ամբիոնի վարիչն, ուսումնասիրել է հայկական ժառանգության կորուստն ու ոչնչացումը, ինչը, նրա խոսքով, ոչ միայն «նյութական» մշակույթ է, այլ հայկական հոգևոր մշակույթի «արմատներին է հասնում»:
Նա մեջբերեց պատերազմի սարսափելի հետևանքները ժառանգության տարածքների վրա, ինչպիսիք են Շուշիում Ղազանչեցոց (Սուրբ Ամենափրկիչ) տաճարի վնասումը, միևնույն ժամանակ նշելով, որ շատ ավելի վատ կլիներ «տարածքների ամբողջական ոչնչացումը»:
Մարանցին նշեց, որ մշակութային ժառանգությունը պահպանությունը միավորում է մտավորականների՝ ինչպիսիք են պատմաբաններ ու հնագետներ, ովքեր կարող են օգտագործել կիրառելի գործիքներ և ռեսուրսներ Լեռնային Ղարաբաղի մշակութային ոչնչացման խնդիրների լուծման համար:
Պանելային քննարկման խմբի մոդերատոր և պրոֆեսոր Ռեյչել Գոշգարյանը ընդգծեց ամերիկահայ համայնքի կողմից մշակութային ժառանգության ոչնչացման մասին առավել տեղեկացված լինելու և որպես զանգվածային քարոզիչներ ներգրավվելու կարևորությունը:
Որպես Միջազգային քրիստոնեական կոնցեռնի՝ Վաշինգտոնում տեղակայված մի շահույթ չհետապնդող կազմակերպության նախագահ, որը ծառայում է ամբողջ աշխարհում հալածվող եկեղեցուն, Ջեֆ Քինգը իր գրավոր հայտարարության մեջ կենտրոնացավ հայերի դեմ առանց դրդապատճառների հարձակումների վրա՝ իրենց հարևան երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որոնք ներխուժեցին Լեռնային Ղարաբաղ՝ «որպես պանթյուրքիզմի առաջխաղացում»:
«Միջազգային քրիստոնեական կոնցեռնում, հիմնվելով նրա վրա, ինչ մենք տեսել ու լուսաբանել ենք, մենք ընդունում ենք այն դիրքորոշումը, որ վերջին հակամարտությունը ցեղասպանություն էր հայ քրիստոնյաների դեմ` Հայաստանի և ընդհանուր քրիստոնեության դեմ ուղղված այս պանթյուրքիզմի գաղափարը տարածելու միջոցով, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից զինվորների ու քաղաքացիական անձանց դեմ կիրառված դաժանության շնորհիվ», – ասաց Քինգը: «Քրիստոնեական ժառանգության տարածքների ավիրումն այս հակամարտության ընթացքում ակնհայտ կրոնական հիմքերի ընդամենը մեկ օրինակ է»:
Պրեզենտացիաներին հաջորդեց մտածելու տեղիք տվող հարց ու պատասխանի հատվածը, որի ընթացքում բանախոսները մանրամասն քննարկեցին հետևյալ թեմաները. քաղաքացիական հասարակության կառուցում, այն ազդեցությունը, որն աշխարհի վրա կարող է թողնել հայ մշակութային ժառանգության պահպանությունը և արբանյակային պատկերագրման՝ որպես դատափորձագիտական ռեսուրս օգտագործելու ներուժը՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու և քաղաքականության վրա ազդելու համար:
«Հայկական համագումարի անունից ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր հարգարժան բանախոսներին իրենց տեղեկատվական և խորաթափանց դիտողությունների, ինչպես նաև առաջիկա կարևոր աշխատանքի համար, որպեսզի այդ վկայակոչված արժեքավոր մշակութային տարածքները պահպանվեն, ինչպես նաև պաշտպանվեն հետագա բռնագրավումից», – հայտարարեց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Ամերիկայի հայկական համագումար