«Նա հայտարարություն արեց: Եթե քայլ անելու լիներ`քայլ կաներ, ոչ թե հայտարարություն: Ընդհանրապես, առանց գնահատական տալու, ես ասում եմ`ռազմական հեղաշրջման մասին չեն հայտարարում, այլ անում են»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն`անդրադառնալով Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությանը եւ պատասխանելով հարցին`արդյոք այդպիսով Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական անկարգություններ էր ուզում հրահրել:
Ինչ վերաբերվում է Արտակ Դավթյանին ԳՇ պետի պաշտոնում առաջարկելու հարցի օրինականությանը, իրավապաշտպանը հարցին հարցով պատասխանեց. «Օրենքի մասի՞ն եք խոսում Հայաստանում: Անիմաստ է օրենքի մասին խոսելը: Հայաստանում գործում է մեկ անձի կամքը եւ այդ մեկ անձին ենթարկվում են ոչ միայն իրենց կից կառույցները`ոստիկանությունը, ԱԱԾ եւ քննչական մարմիններ, որոնց նա հրամաններ է տալիս`ում ասֆալտին պառկեցնել, ում դեմ քրեական գործ հարուցել: Օրենքը վաղուց չի գործում Հայաստանում: Ես կարծում եմ, դուք դրանում պետք է համոզված լինեիք դեռեւս ՍԴ-ի ջախջախման ժամանակ: Նույնը վերաբերվում է նաեւ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու գործընթացին: Ցավոք, իրենց պետական պաշտոնյաներ համարող, մանավանդ ուսադիրով անձինք հլու-հնազանդ ենթարկվում են մեկ անձին, ոչ թե օրենքին`անկախ այն բանից, երբ պետությունը գտնվում է կործանման եզրին, ես չեմ չափազանցնում, եթե արդեն չի կործանվել»:
Ավետիք Իշխանյանը չի ցանկանում քննադատել եւ մեղադրել ընդդիմությանը, ինչ-որ քայլեր չմտածելու եւ չանելու համար, քանի որ պատասխանատվության հարցը շատ մեծ է համարում, բայց, միաժամանակ, պատասխանատվություն ունենալը չի համարում վճռական չլինելու պատճառ: «Հայաստանում, բոլոր ժամանակներում, ընդդիմության մեջ եղել են պատասխանատու մարդիկ, բայց մարդիկ, ովքեր պատրաստ չեն եղել իշխանություն վերցնելով ամեն ինչի վրայով գնալ: 2008-ին այդպիսի մի անձնավորություն մեջտեղ եկավ, որը պատրաստ էր զոհերի միջոցով գալ իշխանության եւ, որը 2018-ին վերջապես եկավ իշխանության: Եթե այդպիսի անձնավորություն լիներ ընդդիմության մեջ, իհարկե մենք չէինք ուզի, նա արդեն իշխանությունը վերցրած կլիներ: Բայց այստեղ ողջ հարցը ոչ այնքան ընդդիմությունն է եւ ոչ էլ իշխանությունն`իր կառույցներով, որքան`ինձ համար շատ ցավալի, մղձավանջային եւ ողբերգական`մեր ժողովրդի, հասարակության գերակշիռ մասի անտարբերությունը»,- ասաց Ավետիք Իշխանյանը`ներողություն խնդրելով արցախցիներից, որ նրանց դավաճանեցինք, չկարողացանք նրանց օգնել, «չկարողացանք բռնել Արցախը հանձնող ապիկար իշխանության ձեռքը»:
Կարդացեք նաև
Այսօր, ըստ նրա, վտանգի տակ է նաեւ Սյունիքը եւ մարդիկ անտարբեր են, մեծ մասը հայրենիքի զգացողություն չունի եւ ռեստորաններում քեֆեր են անում:
Հարցին`ժողովրդի ապստամբելու իրավունքի մասին ի՞նչ կասեք, իրավապաշտպանը պատասխանեց. «Ապստամբությունն անում են, չեն ասում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ