Aravot.am-ը Աբովյանի Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Քամիլե Առաքելյանին խնդրեց պարզաբանել, թե ի՞նչ է տեղի ունեցել դպրոցում, ինչու են ոստիկանները քաշքշելով դուրս հրավիրել դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանին:
«Միջադեպը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ես ոստիկանություն դիմեցի, որպեսզի ազատված ուսուցչին Հայկ Փայտյանին թույլ չտան դպրոց մտնել: Նա փետրվարի 22-ից ազատված է աշխատանքից, եւ փորձում է շարունակել խաթարել դպրոցում առանց այն էլ չկայացած ուսումնական գործընթացը, նպաստում է, որպեսզի չկայանա կրթությունը»,-ասաց տնօրենը:
Ինչ վերաբերում է անօրինական ազատելու մասին պնդումներին, տնօրենը փաստում է. «Հայկ Փայտյանը ծանուցումը, հրամանը ձեռքիցս չի վերցրել, դրանից հետո ես փոստով եմ ուղարկել, կրկին փոստով հետ է ուղարկել: Ես օրենքի բոլոր նորմերը, սահմանները պահել եմ, բայց սաբոտաժ է անում ինքը, փորձում է այնպես ներկայանալ, իբր ես որեւէ ծանուցում չեմ ուղարկում: Այո, ինքն ազատված է աշխատանքից: Ես ասել եմ`ուզո՞ւմ եք բողոքարկել, դիմեք դատարան»:
Հավելենք , որ Քարմիլե Առաքելյանը դիմել է դատարան: «Դիմել եմ դատարան… Իրենց գործադուլը, որը գործադուլ չի համարվում, գործադուլ կլիներ այն դեպքում, եթե գործատուի եւ աշխատողների միջեւ աշխատանքային վեճ ծագած լիներ: Բայց այդ վեճը չէր կարող լինել, քանի որ ես դեռ չէի հասցրել այցելել դպրոց, իրենք մանկավարժական խորհրդի նիստ էին հրավիրել եւ հայտարարել գործադուլ: Ի պաշտոնե մանկավարժական խորհրդի նախագահը տնօրենն է, խախտվել է հենց այդ կետը:
Կարդացեք նաև
Երկրորդ, մեր մեջ աշխատանքային վեճ չի եղել: Եթե իրենք պահանջ ունեն ԿԳՄՍ նախարարի դեմ ուղղված` իմ նշանակման հետ կապված, ասել եմ` թող վիճարկեն դատական կարգով, թող դիմեն վարչական դատարան, եւ դատարանը կորոշի: Իսկ երեխաների ուսումնական գործընթացը ուսուցչի կողմից խաթարելը պարզապես անբարո է»,-շեշտեց տնօրենը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ