Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու մինչեւ հիմա օպերայի ապամոնտաժած սրճարանների տեղում չի կանաչապատվում՝ ինչպես որ քաղաքային իշխանությունները խոստացել էին

Մարտ 10,2021 16:32

Օպերայի տարածքի սրճարաններն ապամոնտաժելուց հետո քաղաքային իշխանությունները խոստացել էին տարածքը կանաչապատել, ծառեր ու թփեր տնկել: Այսօր սակայն այդ սրճարանների տեղում որեւէ կանաչապատում չի կատարվել: Այսօր այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արա Աղայանը, «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց, որ այդ տարածքները գտնվում են դատական վեճերի մեջ եւ մինչեւ դրանք չավարտվեն, այդտեղ չեն կարող կանաչապատման եւ բարեկարգման որեւէ աշխատանք կատարել. «Ինչպես գիտենք, դատարանները շատ ծանրաբեռնված են եւ այդ վեճերը կարող են տարիներ տեւել: Մինչեւ այդ վեճերի հանգուցալուծումը՝ քաղաքապետարանը չի կարող այդ տարածքներում կանաչապատում անել»:

ՀՈԱԿ-ի տնօրենի կարծիքով, գուցե օրենսդրական փոփոխություն է պետք, որպեսզի այդպիսի գործերը արագացված կարգով քննվեն, որպեսզի հանրային շահը չտուժի:

Ինչ վերաբերում է այդ տարածքները հատված-հատված բարեկարգելուն ու կանաչապատելուն, Արա Աղայանն ասաց, որ դեմ է հատվածական լուծումներին: Նա գտնում է, որ Օպերայի հրապարակում պետք է լինի միասնական նախագիծ ու միասնական լուծում, որպեսզի արդյունավետ ու գեղեցիկ լինի: Ասաց, որ այս պահին ապամոնտաժված սրճարանների տարածքում կանաչապատման ծրագրված աշխատանք չունեն:

ՀՈԱԿ-ի տնօրենը հայտնեց, որ այս տարի պատրաստվում են բոլոր վարչական շրջաններում 4000 ծառ տնկել: Ինչո՞ւ այդքան քիչ եւ ոչ թե մի քանի տասնյակ հազար կամ միլիոն ծառ՝ ինչպես վարչապետ Փաշինյանն էր ասում, Արա Աղայանն ասաց, որ ծառ տնկելը բարդ եւ մի քանի տարի պահանջող գործընթաց է. «Կարող ենք մի քանի հազար ծառ տնկել, բայց դա մի քանի տարի տեւող բարդ գործընթաց է՝ բույսի ճիշտ ընտրություն, տեղանքի ճիշտ ընտրություն, այդ ծառի՝ 3-4 տարի հետագա խնամք, համապատասխան ոռոգման համակարգի առկայություն եւ մի շարք այլ միջոցառումներ՝ բուժման, պարարտանյութերի, սնուցման եւ այլն»:

Պարոն Աղայանն ասաց, որ այս տարի ոռոգման համակարգի անցկացման մեծածավալ աշխատանքներ են նախատեսված. Երեւանի բոլոր վարչական շրջաններում կանցկացվի մոտ 30 կիլոմետր խողովակաշար: Այս տարի ՀՈԱԿ-ը կտնկի 70-80 հազար թուփ, 300 հազար ծաղիկ, 70 հազար քառակուսի մետր սիզամարգ կհիմնի:

ՀՈԱԿ-ի տնօրենն ասաց, որ ծառերի, թփերի գողություններ լինում են, բայց ոչ մեծ մասշտաբների: Մանր-մունր թփերից բացի, անցյալ տարի 5 եղեւնի են գողացել:

Առաջիկա շաբաթներում էլ շաբաթօրյակ կիրականացնեն՝ մաքրելու Հրազդանի կիրճը՝ տարվա ընթացքում կուտակված աղբից, աղբն էլ տեղում կտեսակավորեն: Ներկայումս ՀՈԱԿ-ը տերեւներից եւ աղբից կանաչ գոտիների մաքրման աշխատանքներ է կատարում: Շուտով կսկսի ծառերի էտը:

«Այս տարի կէտվի 10 հազար ծառ: Մոտ 400 ծառ էլ կհատվեն: Էտին զուգահեռ ծառերի ու թփերի տունկ է իրականացվում»,-ասաց Արա Աղայանը: Նրա խոսքով ծառերը հիմնականում տնկվելու են այն հատվածներում, որտեղ դրանք բացակայում են կամ չորացել են: Ծառատունկ կլինի նաեւ այգիներում եւ պուրակներում:

ՀՈԱԿ-ի տնօրենը նաեւ հայտնեց, որ այս տարի կբարեկարգվի Աբովյանի անվան պուրակը, որը գտնվում է Գյուղակադեմիայի հետնամասում, Սարյանի պուրակը, Մալաթիա-Սեբաստիայում պուրակը եւ այլն:

Սարալանջի հատվածը նույնպես ծրագրում է, բայց դեռեւս նախագիծ չունեն: Այդտեղ այնպիսի ծառատեսակներ պետք է տնկվեն, որպեսզի տարվա մի քանի եղանակներին մայրաքաղաքին ապահովեն գեղատեսիլ տեսարան: Արա Աղայանն ասաց՝ հատկապես սոճիներ են տնկելու.

«Դրանք նաեւ նպաստում են օդի մաքրմանը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031