Աբովյան քաղաքի Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում, ուսուցիչների հավաստմամբ, դեռ շարունակվում են գործադուլն ու դասադուլը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Էդուարդ Գրիգորյանը, ոստիկանները փորձել են բռնի ուժով դպրոցից դուրս անել պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանին, որն իր ֆեյսբուքյան էջով պարբերաբար ուղիղ եթեր էր մտնում ու տեղեկացնում դպրոցում կատարվածի մասին:
Նա հայտնեց, որ քաշքշել են նաեւ դպրոցի տնտեսավարին:
Կարդացեք նաև
«Ընդհանուր մենք թույլ չենք տվել Փայտյանին տանել, տնտեսավարին էլ են քաշքշել: Ոստիկաններից եկել էին դպրոց, Փայտյանին ասում էին` դուրս եկեք դպրոցից, դուք ազատված եք աշխատանքից, Փայտյանը եւ մենք էլ իր հետ ասում էինք, թե ի՞նչ հիմքով են ասում, որ ազատված է աշխատանքից, քանի որ ոչ մի փաստաթուղթ չկա, ծանուցում չի ստացել:
Ոստիկաններն ասում են` մեզ այդպես են ասել, բայց թուղթ պետք է լինի, ծանուցագիր ստանա, երկու անգամ նկատողություն ստանա…Բացատրագիրը կգրի, թե ոչ, այդ մարդու իրավունքն է, մի խոսքով, ընթացակարգ գոյություն ունի: Փայտյանը ոչ մի թուղթ, ոչ մի ծանուցում չի ստացել, բանավոր` դուք ազատված եք, գնացեք այստեղից, դա չէ կարգը: Մենք ընդդիմացանք, թույլ չէինք տալիս, դրա համար նրան քաշելով տարան, ոնց որ վտանգավոր հանցագործի էին տանում…»,-կատարվածն այսպես ներկայացրեց ռազմագիտության ուսուցիչը:
Էդուարդ Գրիգորյանը հավելեց. «Գործադուլը շարունակվում է, նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը դիմել է դատարան, որպեսզի օրինական կամ անօրինական ճանաչեն, պրոցեսը դեռ շարունակվում է: Մենք էլ ենք ոստիկանին ասում, երբ որ դատական պրոցեսով գործադուլն անօրինական կհամարվի, Փայտյանն էլ ծանուցում կստանա, որ աշխատանքից ազատված է, իր հերթին կդիմի համապատասխան մարմինների: Ու քանի դեռ այս ամենը չկա, ի՞նչ հիմքով են գալիս ու մարդուն դուրս անում դպրոցից»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ