«Այդ դրվագի հետ կապված շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչ կարգավիճակով է պատկերացնում պարոն Գասպարյանն իր ծառայությունը։ Սպասենք, երբ ինքը նպատակահարմար գտնի, կներկայացնի։ Ենթադրությունների դաշտում չէի ուզենա խոսել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Օնիկ Գասպարյանի՝ ԳՇ պետի պաշտոնից ազատման հարցով վարչական դատարան դիմելու փաստին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Մեկնաբանելով ԳՇ-ի՝ կառավարության հրաժարականը պահանջող հայտարարությունը՝ նա նշեց․ «Բոլորս արձանագրել ենք, այդ թվում մեր խմբակցությունը, որ զինվորականների կողմից քաղաքականությանը միջամտելն անընդունելի է։ Պատահական չէ, որ տարբեր երկրներից այդ հայտարարության հետ կապված եղավ արձագանք։ Խոսքը ԵԽԽՎ-ի, ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի եւ այլ երկրների մասին է»։
Նկատառմանն ի պատասխան, որ Թուրքիան էլ է արձագանքել հայաստանյան ներքաղաքական իրավիճակին եւ ԳՇ-ի հայտարարությանը, Մակունցը շեշտեց․ «Խնդրում եմ՝ անընդհատ պետք չէ մեջբերել մեր հակառակորդ եւ թշնամի պետությունների ղեկավար անձանց ելույթները, որովհետեւ դրանով որեւէ կերպ չենք նպաստում մեր երկրին, որեւէ լավություն չենք անում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ