Լրահոս
Օրվա լրահոսը

Համավարակի ազդեցությունը տարեցների վրա. Հայկական Կարմիր խաչի սոցիոլոգիական հետազոտության արդյունքները

Մարտ 10,2021 15:19

 Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի, Ավստրիական և Շվեյցարական Կարմիր խաչերի աջակցությամբ ՀՀ ամբողջ տարածքում իրականացրել է երկու սոցիոլոգիական հետազոտություն՝ բացահայտելու Քովիդ-19 համավարակի ազդեցությունը տարեցների, պրոֆեսիոնալ խնամակալների և Կարմիր խաչի կամավորների վրա` ընդհանուր խնամքի ապահովման համատեքստում, ինչպես նաև պարզելու բնակչության իրազեկվածության մակարդակն ու համավարակի հետևանքով առաջացած տնտեսական և հոգեբանական կարիքները։  

1-ին հետազոտության արդյունքների համաձայն, որին մասնակցել է Երևանից և յոթ մարզերից 668 տարեց, ծերացմանը զուգահեռ մեծանում է տնային խնամքի և դրա մատչելիության անհրաժեշտությունը: Քաղաքային բնակավայրերում ապրող հարցվածների 29.4% -ը տնային խնամք է ստանում, գյուղական բնակավայրերում այդ տոկոսը կազմում է ընդամենը 3%:

Տարեցների համար զգալիորեն կրճատվել է այնպիսի հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների հասանելիությունը, ինչպիսիք են համայնքային կենտրոնները և ժամանցի օբյեկտները, հասարակական տրանսպորտը, խանութները և բանկերը։

Ըստ խնամողների, տարեց մարդկանց առողջական վիճակը, ապրելակերպը, ֆինանսական վիճակը և ծախսեր անելու կարողությունը, քաղաքական գործունեությունը, ընտանիքի, ընկերների և հարևանների հետ սոցիալականացման մակարդակները, շարժունակության մակարդակը և հուզական վիճակը շատ ավելի վատթարացան Քովիդ-19- ի և դրա արդյունքում սահմանված սահմանափակումների պատճառով։

Հարցումը պարզել է նաև, որ մարդասիրական ֆինանսական աջակցությունը կարևոր է հարցվածների մեկ երրորդի համար և ավելի է կարևորվել  Քովիդ-19 – ի ընթացքում:

Հետազոտության արդյունքների ու եզրակացությունների հիման վրա մշակվել են և Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ազգային ու միջազգային կազմակերպություններին, ՏԻՄ-երին, ՀԿ-ներին և ՀԿԽԸ-ին կներկայացվեն թե կարճաժամկետ, և թե երկարաժամկետ գործողությունների առաջարկներ:

2-րդ հետազոտությունն իրականացվել է Երևանում և բոլոր մարզերում, մասնակցել է 862 մարդ՝ ներառելով 18-ից բարձր բոլոր տարիքային, կրթական և մասնագիտական խմբերը։

Արդյունքները ցույց են տվել, որ մարդկանց մեծամասնությունը Քովիդ-19-ը սահմանում է որպես «վիրուս, որը կարող է հիվանդություն առաջացնել», ընդ որում կանայք ավելի են հակված այն որպես միֆ ընդունել, քան տղամարդիկ։

Ըստ հարցման արդյունքների՝ մարդիկ ավելի լավ են տեղեկացված COVID-19- ի փոխանցման, պաշտպանության և ախտանիշների մասին, քան լրացուցիչ տեղեկատվություն ստանալու և բուժհաստատություններ դիմելու եղանակների մասին:

Հեռուստատեսությունը, պետական պաշտոնյաները և առողջապահական աշխատողները տեղեկատվության ամենավստահելի աղբյուրներն են Ֆեյսբուքն այստեղ զբաղեցնում է 4-րդ տեղը, չնայած որ այն տեղեկատվության երկու առավել նախընտրելի աղբյուրների շարքում է։ Հեռուստատեսությունը շարունակում է միջին տարիքից բարձր խմբի համար մնալ տեղեկատվության ամենավստահելի աղբյուրը, մինչդեռ երիտասարդները նախընտրում են համացանցը։

Խարանի և խտրականության դեպքերի մասին՝ ըստ հետազոտության նշել են հարցվածների միայն 8․3 տոկոսը։

Հարցվածների 25 տոկոսի մոտ ֆինանսական վիճակը վատթարացել է, մեծ մասը նախընտրում է ստանալ ամսական ֆինանսական աջակցություն, 27․2 տոկոսի հոգեբանական վիճակի վրա համավարակն ունեցել է բացասական ազդեցություն՝ առաջացնելով վախեր և դեպրեսիա։

Մեկ տարի առաջ 2020 թվականի մարտի 16-ին՝ երկրում Քովիդ-19 համավարակով պայմանավորված արտակարգ դրության հայտարարման առաջին իսկ օրվանից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ որպես աջակցող կառույց Կառավարությանը մարդասիրական ոլորտում, իր 11 մարզային, մեկ տարածաշրջանային, և 52 համայնքային մասնաճյուղերի ցանցով, փորձառու և նվիրված անձնակազմով, 2000 վերապատրաստված կամավորներով իրականացրել է արագ, միջնաժամկետ և երկարաժամկետ արձագանք։

Իրականացվել է․

  • ռիսկի հաղորդակցություն եւ հանրային իրազեկում (ավելի քան 1 միլիոն մարդ),
  • պաշտպանիչ միջոցների տրամադրում (մոտ 1 միլիոն դիմակ, ալկոգել, սփրեյ, ԱՕ արկղիկներ)․
  • մարդասիրական աջակցություն՝ սնունդ եւ հիգիենիկ պարագաներ (մոտ 33 000 մարդ)
  • թեժ գծի միջոցով սոցիալ-հոգեբանական աջակցություն (ավելի քան 30 000 անձ),
  • աջակցություն տնային տնտեսություններին (32 տնային տնտեսություն)
  • էլեկտրաէներգիայի (733 անձ), կոմունալ վճարների (11 419 անձ) եւ բնակվարձերի փոխհատուցում (421 անձ)։
  • կրթական գործընթացի համար պլանշետների տրամադրում (500 երեխա)։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման         հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 101 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:

ՀԿԽԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031