Լրահոս
Օրվա լրահոսը

Օնիկ Գասպարյանին ազատեցին օրենքի այն փոփոխությամբ, որն արվեց Մովսես Հակոբյանի խնդիրը լուծելու համար. Արծվիկ Մինասյան

Մարտ 10,2021 15:11

«Իրենք` իշխանությունը վկայակոչում է մի հոդվածի մի կետ, որն, ի դեպ, իրենք են փոփոխության ենթարկել, որը այս նախագահն է ստորագրել եւ որը հիմա վիճարկվում է: Դա արել են այն ժամանակ, երբ փորձում էին Մովսես Հակոբյանի խնդիրը լուծել: Եվ գրել են մի նախադասություն, որ բարձրագույն հրամկազմի հրամանատարներին, պաշտոնատար անձանց կարելի է ազատել առանց հիմքի»,- այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն`անդրադառնալով ԳՇ պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանի ազատման`կառավարության հաղորդագրությանը եւ Արմեն Սարգսյանի`ՍԴ դիմելու հարցին:

«Սա ուղիղ հակասում է Սահմանադրության`աշխատանքի ազատության իրավունքի հետ: Որեւէ անձ չի կարող աշխատանքից ազատվել անհիմն, ազատման հիմքերը նշվում են օրենքով»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ այս փոփոխության հակասահմանադրականությունն ակնառու է: Վեճը կարող էր լուծվել ՍԴ-ում` հստակ գնահատական տալով, ինչը չի արվել:

Արծվիկ Մինասյանի կարծիքով, Օնիկ Գասպարյանը եւ ԳՇ կազմը հիմա պարտավոր են առաջնորդվել Սահմանադրությամբ եւ Պաշտպանության մասին օրենքով: «Մյուս կողմից` նա նաեւ ունի պարտավորություն եւ տրված զինվորական երդում. նա չի կարող դրժել այդ երդումը, թե ինչ է մի անձ ցանկանում է իրեն չտեսնել այդ պաշտոնում»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Պետության անվտանգությունն առաջնային դիրքում պահելով խնդիրը լուծելու համար, ըստ բանախոսի, իշխանությունը պարտավոր է զիջել իր ցանկությունների մեջ. «Ինքը`Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, իբրեւ հանգուցալուծման առաջին քայլ կամ առնվազն պետք է հրաժարվի իր առաջարկից եւ նստեն երկխոսության, հակառակ դեպքում, ամբողջ պատասխանատվությունը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի վրա»:

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը հայտարարություն տարածեց`տեղեկացնելով, որ իր ազատման հարցը վիճարկելու է Վարչական դատարանում: Դրան հետեւեց ԳՇ մյուս սպաների հայտարարությունը: Նաեւ պաշտոնապես հաստատվեց` Արմեն Սարգսյանն առաջարկություն է ստացել ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու մասին:

ՍԴ-ի նկատմամբ վստահության վերաբերյալ հարցին`մի քանի ամիս առաջ այդ կառույցում եղած փոփոխությունների եւ դրանց ձեւի համատեքստում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այո, ես էլ եմ եղել քննադատներից մեկը, որ քաղաքական իշխանությունն ապօրինի փորձեց նվաճել Սահմանադրական դատարանը եւ դրա պատասխանը հետագայում պետք է տան էս մարդիկ: Բայց այս պահի դրությամբ ինքը առնվազն սահմանադրական ինստիտուտ է եւ այդ ինստիտուտի որոշումները կարեւոր են, այդ թվում նաեւ մեկնաբանման տեսակետից: Սահմանադրության երաշխավորը ՍԴ-ն է, իսկ նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը: Այդ մարմնի որոշումները, որպես սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին, պարտադիր կատարման ենթակա են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031