Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնցքամարտիկ Արման Սարգսյան. Մասնակցության դեպքում միշտ պետք է մտածել հաղթանակի մասին

Մարտ 10,2021 15:02

Բռնցքամարտի մարզիչ Արման Սարգսյանն ընդամենը 5-6 տարեկան փոքրիկ էր, երբ մայրը նրան տարավ Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց: Այդ օրվանից շատ տարիներ են անցել, իսկ այսօր Արմանի սան Պետրոս Անանյանն արդեն այնպիսի հաղթանակներ է գրանցում, որ պատիվ կբերեին ամենահայտնի բռնցքամարտիկներին:

Այսպես՝ ընդամենը ամիսներ առաջ բռնցքամարտիկ Պետրոս Անանյանը մենամարտում հաղթանակ տարավ պուերտոռիկացի Սաբրիել Մատիասի նկատմամբ։ Նշենք, որ մենամարտը տեղի է ունեցել Լաս Վեգասում Premier Boxing Champions-ի շրջանակում։ Մատիասը, ի դեպ, իր նախորդ 15 մենամարտերում հաղթել էր նոկաուտով, և ոչ բոլորն էին համաձայնվում մենամարտել նրա հետ, իսկ Անանյանն այսօր Մոսկվայի ԲԿՄԱ-ի բռնցքամարտի դպրոցի սան է, Ռուսաստանի սպորտի վարպետ:

Ինչպես Tesaketinfo.am-ի հետ զրույցում նշեց նրա մարզիչ Արման Սարգսյանը՝ Մատիասի հետ մենամարտելու առաջարկն իրենք ընդունել են առանց վայրկյան իսկ վարանելու, քանի որ այն լայն հնարավորություններ կբացեր Պետրոս Անանյանի առջև, և, փաստորեն, այդպես էլ եղավ:

Մեզ հետ զրույցում Պետրոս Անանյանը նշեց, որ, անշուշտ, հաջողված է համարում իր և Արման Սարգսյանի համագործակցությունը: «Մեր գաղափարները շատ հարցերում են համընկնում, և ամենակարևորը՝ պարապում ենք հաղթանակի համար և լիովին հասկանում ենք միմյանց»,-նշեց Պետրոսը:

Մարզիչն էլ հավելեց, որ հավատում է իր սանի հաջողություններին՝ այդպիսով մեծացնելով նրա վստահությունը դեպի հաղթանակ, իսկ Պետրոսն էլ, իր հերթին, ինքնավստահ քայլերով շարժվում է առաջ:

Այսօր 2013 թվականից մարզիչ աշխատող Արման Սարգսյանն ապրում և գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում: Մեզ հետ զրույցում բռնցքամարտիկը նշեց, որ ԱՄՆ-ում բազմաթիվ ծրագրեր ունի: «Ցանկանում եմ համախմբել տեղի հայերին և մեծ ակումբ ունենալ»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում կհաջողվի իրականացնել ծրագրերը:

Իսկ ծրագրերը, բնականաբար, կապված են բռնցքամարտում նորանոր հաջողություններ գրանցելու հետ: Ընդգծենք, որ այս ասպարեզում Արմանն ի՛նքն ունի բազմաթիվ հաջողություններ: Դեռ 1998-ին նա դարձել է ՀՀ փոխչեմպիոն, 2002-2003-ին, մասնակցելով միջազգային մրցույթների, դարձել է սպորտի վարպետ: Հենց 2003-ից էլ Արմանը զբաղվում է պրոֆեսիոնալ սպորտով:

Հետագա տարիները ևս արգասաբեր են եղել բռնցքամարտիկի կարիերայի համար. 2006-2008-ին նա դարձել է ՌԴ և ԱՊՀ սլավոնական երկրների չեմպիոն, իսկ նույն 2008-ին բռնցքամարտի աշխարհի լիգա (WBL) վարկանիշով ներառվել է աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկների ցանկում։

Սարգսյանն ունեցել է ընդհանուր 14 մենամարտ, բոլորը` հաղթանակով, ընդ որում՝ 8-ը նոկաուտով։

2010-ին նա Լաս Վեգասում անցկացրել է իր վերջին մենամարտը՝ այդպիսով դադարեցնելով մարզիկի կարիերան և 2013-ից զբաղվելով բացառապես մարզչական գործունեությամբ:

Ընթերցողին հավանաբար կհետաքրքրի, թե նման շքեղ կարիերա ունեցած մարզիկն ինչպե՛ս է վերաբերվում հաղթանակներին, և արդյոք նրա համար մասնակցությու՞նն է կարևոր, թե՞, այնուամենայնիվ, հաղթանակը: Հենց այս հարցն էլ մենք ուղղեցինք մեր զրուցակցին, ինչին ի պատասխան՝ նա նշեց. «Ես համամիտ չեմ, որ կարևորը մասնակցությունն է: Միշտ մասնակցության դեպքում պետք է մտածել հաղթանակի մասին, հաղթանակը շատ կարևոր է, պետք է չմտածել պարտվելու մասին»:

Արմանը, շարունակելով հաղթանակների վերաբերյալ թեման, պատմեց իր զգացողությունների մասին՝ նշելով, որ հաղթանակից հետո առաջին երկու օրը չես գիտակցում տեղի ունեցածը: «Հետո արդեն հասկանում ես, տարբեր առաջարկություններ ես ստանում, որոնք է՛լ ավելի են մոտիվացնում աշխատել և առաջ գնալ»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է իր սանի՝ Պետրոս Անանյանի հաղթանակին, մարզիչն ասաց, որ պատրաստվել են մեծ հավատով՝ առ հաղթանակ. «Հպարտանում ենք, որ քրտնաջան աշխատանքից հետո զգալի արդյունք է լինում»:

Ի դեպ՝ Արման Սարգսյանը 2019-ին է Պետրոս Անանյանի հետ գործուղվել ԱՄՆ՝ որպես մարզիչ, իսկ մինչ այդ՝ դեռ 2017-ին, նա Ռուսաստանում հիմնել է բռնցքամարտի դպրոց՝ Արման Սարգսյանի անվան դպրոցը, որն այսօր էլ հաջողությամբ գործում է: Մարզչի խոսքով՝ այնտեղ սովորում է մոտ 120 երեխա, իսկ պարապում են Արմանի ընկերները, որոնց հետ նա հիմնել է դպրոցը:

Անդրադառնալով աշակերտներին ու առհասարակ՝ սկսնակ բռնցքամարտիկներին՝ Արմանը նշեց, որ նախ և առաջ՝ նրանց խորհուրդ կտա քրտնաջան աշխատել, ոչ մի դեպքում հույսը չկորցնել և միշտ առաջ նայել: «Սկսնակներին խորհուրդ կտամ, որ իրենց առջև դրված բոլոր առաջադրանքները կատարեն, հույսները չկորցնեն ու քրտնաջան աշխատանքով արդյունքի կհասնեն, միշտ լավը մտածեն ու իրենց վրա շատ աշխատեն»,-նշեց մեր զրուցակիցը:

Իսկ այսքան հաջողություններից հետո ի՞նչ է երազում բռնցքամարտիկը. պարզվեց, որ նա դեռ երազանք ունի: «Միակ երազանքս՝ համախմբել բոլոր հայերին, երեխաներին, երիտասարդներին, ԱՄՆ-ում շատ հայեր կան, շատ երեխաներ կան, որ կարիք ունեն լավ մասնագիտացված մարզչի, որ իրենց ճիշտ ուղու վրա դնի, և ոչ բոլորը, բայց ոմանք ինչ-որ հաջողությունների անպայման կհասնեն, ու ամեն ինչ կանենք, որ համախմբենք բոլորին»,-նշեց Արման Սարգսյանը:

Նա հավելեց նաև, որ թե՛ ինքը, թե՛ Պետրոս Անանյանն այժմ շարունակում են պարապել, լավ մարզավիճակում են և շարժվում են առաջ՝ դեպի նորանոր հաղթանակներ:

Ամալյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Tesaketinfo.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031