«Հայրենիքի փրկության շարժման» անդամ ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը վիճելի է համարում ԳՇ պետի լիազորությունները դադարեցնելու մասին կառավարության տարածած հաղորդագրությունը: Այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այդ հարցին՝ Գեղամ Մանուկյանն ասաց. «Նախագահը հայտարարել է, որ դիմել է ՍԴ օրենքի սահմանադրականությունը ճշտելու հարցով, որի վրա հղում անելով՝ կառավարությունն ասում է, որ իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանը ԳՇ պետ չէ։ ԳՇ պետի պաշտոնավարումը կարգավորվում է Հայաստանի Սահմանադրությամբ, 2020 թվականին նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ՝ ճշտելու իր գործառույթները, ՍԴ-ն արձանագրել է՝ Հայաստանի նախագահը նշանակում է Գլխավոր շտաբի պետ, ազատման մասին խոսք չկա»։
Ավելի ուշ, նաեւ Օնիկ Գասպարյանը հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ իր ազատման հարցը վիճարկելու է Վարչական դատարանում: Դրան հետեւեց ԳՇ մյուս սպաների հայտարարությունը: Նաեւ պաշտոնապես հաստատվեց` Արմեն Սարգսյանն առաջարկություն է ստացել ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու մասին:
Մինչ այս իրադարձությունները կհետեւեին մեկը մյուսին, Գեղամ Մանուկյանը պնդում էր` բոլոր չափորոշիչներով Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ ԳՇ պետ։
Գեղամ Մանուկյանը մի բանում էլ է վստահ. «Նիկոլ Փաշինյանն առաջին օրվանից եկել է՝ նպատակ ունենալով ՀՀ զինված ուժերը գլխատել: Նրա թիրախներից մեկը եղել է ՀՀ զինված ուժերը, այսօր էլ հետեւողական փորձում է ջլատել»։
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Գլխավոր շտաբի պետի պաշտոնում վարչապետի նախընտրած թեկնածուներին, Գեղամ Մանուկյանն ասել էր․ «Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանի մտքում Արգիշտի Քյարամյանն է կամ իր աներձագը, որովհետեւ իրենց ուղեղն այդ մակարդակից վերեւ չի բարձրանում: Այն ավերը, որը բերեց Փաշինյանը… Մի օր «ոտքի դատարանն է գալիս» արտահայտությունից հետո այդ ամենի մասին կխոսվի»:
Գեղամ Մանուկյանը նաեւ ասաց, որ ամբողջ գիշեր քաղաքացիների հոսքը Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցներ չի դադարել, նրանք եկել են աջակցություն հայտնելու: Գիշերն էլ հանդարտ է անցել։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ