«Արմեն Սարգսյանը վարվեց ինչպես Պիղատոսը. սա դառը իրականություն է»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» անդամ, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանն`անդրադառնալով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման հարցով Արմեն Սարգսյանի`ՍԴ չդիմելու քայլին: Այդպիսով, ըստ Արծվիկ Մինասյանի, Արմեն Սարգսյանը փորձեց ձեռքերը լվանալ եւ «հիմա ամպագոռգոռ հայտարարություններ է անում, որ դիմելու է ՍԴ՝ օրենքի դրույթը վիճարկելու համար եւ վկայակոչված է որպես առկա խոչընդոտներից մեկը ՝ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցը»։
Իրավական տեսանկյունից, ըստ բանախոսի, նախագահի այդ քայլն էլ ընթացք ունեցող գործողություն է. «Բայց այս լարված իրավիճակում այն հանգուցալուծում տալ չի կարող, որովհետեւ այս դիմումը դեռ ՍԴ-ն աշխատակարգային քննարկման պետք է ենթարկի, պետք է նաեւ ապահովման միջոց կիրառվի, օրինակ, օրենքի դրույթը կասեցնելու տեսքով եւ այլն: Բայց այն, ինչ ստեղծել է Արմեն Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանի հետ միասին, հանրությանը եւ պետությանը տանում է բացահայտ առանց արգելքի անկման»:
Արծվիկ Մինասյանի խոսքով, ԳՇ-ն եւ նրա պետը միակ լեգիտիմ ինստիտուտն է, որը երաշխավորում է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու պաշպանությունը. «Նրանք պետք է մնան իրենց դիրքերում եւ կարողանան խնդրի հանգուցալուծումը տեղափոխել քաղաքակիրթ ճանապարհ: Լուծման ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է: Իրավական եւ քաղաքական բոլոր գործընթացներն ածանցվում են երկրի անվտանգության հարցից: Երկի անվտանգությունը պահանջում է ԳՇ պետի եւ մնացած կազմի անխոչընդոտ աշխատանքը: Հետևաբար` առանց ցնցման, առանց արյունահեղության խնդրի լուծման ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է եւ դրա հիման վրա առաջիկայում երկխոսություն սկսելը»:
Ըստ բանախոսի, իրավիճակի հանգուցալուծման ճանապարհ ունի նաեւ խորհրդարանը` հանելով ռազմական դրությունը, պաշտոնանկ անելով Նիկոլ Փաշինյանին եւ երկխոսություն սկսելով քաղաքական ուժերի ու ժողովրդի հետ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ