Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Գյումրիում Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի կառուցման, ընթացիկ գործունեության և հետագա անելիքների վերաբերյալ:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը զեկուցել է, որ Գյումրիում ԱՏԳ կենտրոնի կառուցման առաջին փուլն ավարտված է, ներկայում ավարտին են մոտենում երկրորդ փուլի նախագծային աշխատանքները, և առաջիկայում կմեկնարկի շինարարության երկրորդ փուլը:
Ներկայացվել են վերլուծական տվյալներ առաջին փուլի շրջանակում՝ Հյուսիսային մաքսատուն-վարչության արդիականացումից հետո, 2019թ. նոյեմբերից տրանսպորտային միջոցների սպասարկման, մաքսային գործառնությունների իրականացման վերաբերյալ:
Կարդացեք նաև
Խորհրդակցությանը քննարկվել են Գյումրու ԱՏԳ կենտրոնի հետագա կառուցմանը և դրա ամբողջական, արդյունավետ աշխատանքի ապահովմանը վերաբերող հարցեր: Քննարկման արդյունքներով հստակեցվել են ճանապարհների նորոգման և հարակից ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների հետ կապված հարցերը:
Վարչապետը կարևորել է Գյումրիում Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի լիարժեք գործարկումը և հանձնարարել ակտիվ աշխատել անհրաժեշտ բաղադրիչների ապահովման ուղղությամբ:
Լուսանկարները՝ Տիգրան Մեհրաբյանի
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ