Վերջին շրջանում լուրեր են պտտվում Երեւանի քաղաքապետարանի «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում չարաշահումների վերաբերյալ:
Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ ծառերի էտումից ստացված բնափայտը վաճառվել է: Այն դեպքում, երբ դա պետք է անվճար տրամադրվի կարիքավորներին: Նշվում է նաեւ թափոնների տեսակավորման արդյունքում հավաքված ստվարաթղթի վաճառքի մասին:
Ըստ շրջանառվող լուրերի, ՀՈԱԿ-ի հավաքած փայտը հասցեատերերին չի հասել կամ հասել է գումարի դիմաց:
«Հայկական ժամանակը» հարցում էր ուղարկել «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ՝ խնդրելով մեկնաբանել վառելափայտի մասին տարածված լուրերը, նաեւ հայտնել, թե ինչ առաջնահերթությամբ են ընտրվում աջակցություն ստացող ընտանիքները եւ նախորդ մեկ տարվա ընթացքում քանի ընտանիքի ու քանի խորանարդ մետր փայտ է տրամադրվել:
Կարդացեք նաև
Նկատենք, որ խնդրի շուրջ առաջացած աղմուկից հետո Թափոնների տեսակավորման վարչության պետ Հայկ Հովհաննիսյանն աշխատանքից ազատվել է: Ազատվել է նաեւ տվյալ վարչության Աջափնյակ թաղամասի պատասխանատու Վարդգես Զուռնաչյանը:
Հայկ Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց, որ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Վերջնիս խոսքով՝ նման որոշման պատճառը ՀՈԱԿ-ի տնօրինության հետ տեւական ժամանակ ունեցած անհամաձայնություններ են եղել, որոնք վերջին շրջանում արդեն անհամատեղելի էին դարձել միասին աշխատելու հետ: Իսկ վարչությունում ստվարաթղթի վաճառքի մասին շրջանառվող լուրերին Հովհաննիսյանն արձագանքեց մեկ բառակապակցությամբ՝ ֆեյք նյուզ:
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: