Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասում է, որ Արայիկ Հարությունյանը պարտավոր է ցուցմունք տալ եւ խոստովանել՝ ինչպես են իրեն խոչընդոտել սահմանադրական լիազորությունները կատարելիս։ Գալստյանը համոզված է, որ չեն կարող գործը «ջրել» հանցակազմի բացակայության հիմքով․ «Կա հստակ հայտարարություն, Արայիկ Հարությունյանն ասում է, որ իրեն խանգարող ուժեր կային, եւ որպես գերագույն գլխավոր հրամանատար՝ չի կարողացել իր քայլերը կատարել։ Հիմա պետք է նրան կանչեն եւ ցուցմունք վերցնեն, եւ նա ասի, թե այդ ինչ ուժեր կամ անձինք են իրեն խոչընդոտել, որի հետեւանքով կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, եթե հրաժարվեց խոստովանել, վաղ թե ուշ կբացահայտվի, եւ Արայիկ Հարությունյանը, որպես հանցակից, կդատվի»։
Արայիկ Հարությունյանը, սակայն, դեռեւս իրավապահների կողմից ծանուցում չի ստացել։ Այս մասին մեզ տեղեկացրեց նրա խոսնակ Լուսինե Ավանեսյանը․ «Երբ ծանուցում կստանա, անպայման կներկայանա։ Նախագահը պատրաստակամ է պատասխանելու նախաքննական մարմինների բոլոր հարցերին»։ Մեր հարցին՝ Հարությունյանն առարկություններ չունի՞ հարուցված քրգործի հոդվածի վերաբերյալ, համաձա՞յն է, որ տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում, եւ ինքը չի կարողացել իր լիազորություններն իրականացնել։ «Քանի որ այս փուլում գնահատականներ տալն անշնորհակալ գործ է, ուստի չենք անի, եթե նախաքննական մարմինները հարկ կհամարեն Արցախի նախագահին կանչել վկայություն տալու, ապա նախագահը պատրաստակամ կարձագանքի»,- եզրափակեց խոսնակը։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: