Օբյեկտիվ է, երբ պատերազմում ծանր պարտություն կրած, գրեթե մի ամբողջ երիտասարդ սերունդ կորցրած, տարածքների կորուստ ունեցած և անվտանգության փլուզված համակարգի առաջ հայտնված պետության ներսում ներքաղաքական թեժ իրավիճակ է և դիմակայություն: Դա օբյեկտիվ է, տարօրինակ կլիներ, եթե լիներ հակառակը՝ հանդարտ, հանգիստ ներքաղաքական կյանք: Տարօրինակը սկսում է այլ տեղից կամ կետից՝ այդ ներքաղաքական կյանքի բովանդակությունից:
Եթե ներքին հասարակական-քաղաքական թեժ մթնոլորտը օբյեկտիվ է, ապա այդ մթնոլորտի անբովանդակությունը բացարձակապես սուբյեկտիվ իրողություն է: Ներքաղաքական իրավիճակը, պայքարը, դիմակայությունը թեժացնում է ոչ թե պետական անվտանգությանն ու հեռանկարներին առնչվող որևէ բովանդակություն, այլ կեղծիքը, սուտը, այսպես ասած՝ ֆեյք նյուզը, հանրության հոգեբանական կետերի վրա խաղալու անբարո մղումը, պատերազմի զոհերի և անհետ կորածների, ռազմագերիների հարազատների զգացմունքների վրա խաղալու անբարոյությունը:
Այդ ամենը վկայում է, որ այն, ինչ կատարվում է հետպատերազմյան Հայաստանում, ունի որպես նվազագույն նպատակ՝ Հայաստանում անկայուն և անորոշ մթնոլորտով երկիրը պարզապես խաղից նաև հետպատերազմյան շրջանում դուրս բերելը, իսկ որպես առավելագույն նպատակ՝ երկրում հանրայնորեն ոչ լեգիտիմ զարգացումներ խթանելով ուղղակի քաոսի մատնելն ու այդպիսով քաղաքացիական բախումների երկարատև գործընթաց հրահրելը:
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: