«Ամերիկայի ձայն». Վերլուծաբանները շարունակում են քննարկել հետպատերազմյան կացությունը Հարավային Կովկասում ու անվտանգության նոր իրավիճակն այստեղ: Տարածաշրջանում շատ հարցեր շարունակում են մնալ անորոշ:
Քարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալի կարծիքով անցած տարվա ղարաբաղյան պատերազմը անակնկալի բերեց Արևմուտքը, որը երկար տարիներ ջանքեր է ներդրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի մեջ: Խոսելով օրերս ԼՂ հակամարտությանը նվիրված առցանց քննարկման ընթացքում՝ դե Վաալն այսօրվա կացությունն ու վերջին պատերազմը որակում է Արևմուտքի ձախողում, որը կարող էր ավելին անել՝ հակամարտության կարգավորմանը հասնելու համար:
Վերլուծաբանի կարծիքով այսօր Բայդենի վարչակազմը ցանկանում է վերադառնալ այս գործընթացին, սակայն այս ճանապարհին կան խոչընդոտներ, ներառյալ ստեղծված կացությունն ու ՌԴ խորը ներգրավվածությունը հակամարտությունում: Թոմ դե Վաալը կարևորում է Արևմուտքի դերակատարությունը, հատկապես ոչ պաշտոնական ձևաչափի երկխոսության կազմակերպման շրջանակում (Track II diplomacy): Բացի այդ, վերլուծաբանը կարևորում է արևմտյան հաստատությունների ու միջազգային դերակատարների ֆինանսական օժանդակությունը, որի միջոցով պետք է հասնել նաև ԼՂ հայության մեկուսացման վերացմանը, որը դե Վաալը համարում է հակամարտության առաջնային խնդիրներից մեկը:
Թոմ դե Վաալն ընդգծում է, որ՝ զինադադարի հայտարարությունը չի հանդիսանում խաղաղության պայմանագիր:
Կարդացեք նաև
«Կարծում եմ, որ կարևոր է կրկին նշել, որ դա ոչ թե խաղաղության համաձայնագիր է, այլ հրադադարի մասին համաձայնագիր: Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը երեք կողմերի միջև ստորագրվեց մի փաստաթուղթ: Այն չունի միջազգային կարգավիճակ: Այն չի ստացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համաձայնությունը»,- նշել է դե Վաալը:
Ըստ վերլուծաբանի՝ շատ հիմնարար խնդիրներ արտացոլված չեն հայտարարությունում, ներառյալ ԼՂ և ռուս խաղաղապահ ուժերի կարգավիճակի հիմնահարցերը:
Անդրադառնալով ՌԴ-ի քաղաքականությանը դե Վաալն ընդգծում է, որ Մոսկվան այստեղ վարում է երկակի քաղաքականություն. մի կողմից մոտենում է Լեռնային Ղարաբաղին Հարավային Օսիայի կամ Աբխազիայի օրինակով, մյուս կողմից ակտիվորեն աշխատում Թուրքիայի հետ: Նա Պուտին-Էրդողան հարաբերությունները նմանեցնում է Լենին-Մուստաֆա Քեմալ պատմական հարաբերություններին:
Լեռնային Ղարաբաղի պատերազմում հաղթանակը կամ պարտությունը կարող է կանխորոշել, թե ինչպիսի երկրներ կդառնան Հայաստանն ու Ադրբեջանը, իր հերթին ասում է ամերիկահայ վերլուծաբան, պատմաբան Ժիրայր Լիպարիտյանը: Բաքուն, ըստ նրա, իրականացնում է քարոզարշավ՝ փորձելով ներկայացնել Ադրբեջանը որպես բազմաէթնիկ ու բազմամշակութային երկիր, ուր կարող են ապրել տարբեր էթնիկական խմբեր: Իրականում, սակայն, ըստ Լիպարիտյանի, Ադրբեջանը չի հրաժարվել ատելության ու բռնության քարոզից ու հռետորաբանությունից: Հաշվի առնելով երկրի բռնապետական բնույթը և ժողովրդավարական ուժերի նկատմամբ բռնաճնշումները՝ որևէ բողոքի ձայն չի հնչում այդ հռետորաբանության կապակցությամբ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Լիպարիտյանի կարծիքով այսօր այնտեղ բողոքի ակցիաներ իրականացնող ընդդիմությունը չի վայելում բնակչության աջակցությունը: Այն իր բնույթով և ձևով հակաժողովրդավարական է և փորձում է պարտության ողջ բեռը բարդել գործող վարչապետի վրա՝ անտեսելով սեփական պատասխանատվությունը բանակցային գործընթացի ձախողման մեջ: Ըստ Լիպարիտյանի՝ գործող իշխանությունները չեն պատասխանատու պատերազմում պարտության համար, սակայն, ըստ Լիպարիտյանի, առկա է նաև տրամաբանական հարցադրում, թե արդյոք վարչապետ Փաշինյանն է ամենաճիշտ ընտրված առաջնորդն այս պահին Պուտինի, Ալիևի և Էրդողանի հետ բանակցելու համար:
«Երկրում չկա իրական երկխոսություն տեղի ունեցածի վերաբերյալ, գերիշխում է ժխտողականությունը, նույնիսկ չկա համաձայնություն, թե ինչ է կորսվել և ինչ են նշանակում այդ կորուստները: Այժմ Հայաստանում հնչում են կոչեր ավտորիտար ռեժիմի, ուժեղ անձի կառավարման, ավելի շատ ու լավ ռազմականացման, ռևանշիզմի և բռնությամբ կառավարությունը տապալելու օգտին»,- ասում է Լիպարիտյանը:
Պատմաբանի կարծիքով վերջին պատերազմի արդյունքում լուծվել է ԼՂ հակամարտության երկու կարևոր հիմնահարցերից մեկը՝ ԼՂ շուրջ ընկած տարածքների խնդիրը: Այժմ, ըստ նրա, մնացել է մյուս՝ կարգավիճակի հարցը, սակայն այս խնդրի շոշափելի հատվածը նույնպես լուծվել է, և այժմ ենթադրվում է, որ ԼՂ-ն ընդունվում է որպես Ադրբեջանի մաս:
«Եռակողմ հայտարարության տեքստի իմ ընկալումն այն է, որ այն ստորագրած կողմերը՝ ՌԴ, Ադրբեջանն ու, ներառյալ` Հայաստանը (Ղարաբաղի ղեկավարությունը չի մասնակցել ստորագրմանը) ենթադրում են կամ լուռ ընդունում, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է»,-ասում է Լիպարիտյանը:
Ադրբեջանցի փորձագետ Զաուր Շիրիևն իր հերթին ընդգծում է, որ տարածաշրջանում պատերազմից հետո ստեղծվել է անվտանգության հետ կապված նոր վիճակ: Անհրաժեշտ է կենտրոնանալ տեղական համատեքստի վրա, նշում է վերլուծաբանը, ում կարծիքով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, սակայն դրա համար անհրաժեշտ են տասնյակ տարիներ: Դեռևս վաղ է խոսել խառը ազգաբնակչությամբ համատեղ կյանքի մասին: Կարևոր է հասկանալ, թե ինչպես կողմերը պետք է հաղորդակցվեն միմյանց հետ: Փորձագետը գտնում է, որ այսօր ամենաընդունելի տարբերակը կողմերի միջև հաշտեցումն է տնտեսական կապերի միջոցով: Նա մատնանշում է փոխվարչապետերի եռակողմ բանակցային ձևաչափը տրանսպորտային ուղիների հարցերի շուրջ, ընդգծելով, սակայն, որ այս պահին դեռևս չկա բավարար տեղեկատվություն այս գործընթացի մասին: Մարտին սպասվում է, որ կողմերը կհրապարակեն տրանսպորտային խնդիրների շուրջ համատեղ զեկույց, որը կարող է սպառիչ պատասխաններ տալ գործընթացի մասին:
Թուրքիայի ունեցած դերակատարության մասին իր հերթին խոսեց Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ֆաթմա Մյուգե Գոչեկը, ում կարծիքով Էրդողանն ու իր կառավարությունը չեն ողջունի Արևմուտքի վերադարձը այս հակամարտության կարգավորման գործընթացին: Ըստ նրա, Էրդողանը ձգտում է վարել ավելի անկախ արտաքին քաղաքականություն՝ ցանկանալով Թուրքիան վերածել անկախ միջազգային գործընկերոջ և տարածաշրջանային տերության: Դրա արդյունքում՝ մշտապես շրջանառության մեջ է դրվում ազգայնական խաղաքարտը: Գոչեքի կարծիքով՝ դրա վառ ապացույցն է Թուրքաիյի ու Ադրբեջանի միջև ստեղծված հարաբերությունները՝ չնայած վերջիններիս տարբերությանը իսլամի դավանանքի հարցում. Թուրքիան զգալի մասով սունի մահմեդական երկիր է, իսկ Ադրբեջանը՝ շիա: Հաշվի առնելով աշխարհում պոպուլիստական դրսևորումների արդիականացումը, Թուրքիայում սպասվող նախագահական ընտրություններն ու Էրդողանի որդեգրած նեոօսմանիստական քաղաքականությունը՝ նա կանխատեսում է, որ չնայած տնտեսության ծանրագույն վիճակին՝ Անկարան կշարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը:
ԼՂ հայության հետագա ճակատագրի մասին խոսելիս նա շեշտում է, որ այսօր Ալիևը փորձում է այստեղ կիրառել Թուրքիայի կողմից քրդերին ինտեգրացնելու փորձը, որտեղ Անկարան ձգտում է հասնել ինտեգրացմանը տնտեսական կապերի միջոցով: Սակայն բանախոսը այս մոտեցումը որակում է ձախողված, քանի որ ինտեգրացման փորձը ուղեկցվում էր թուրքականացմամբ, որը և հանգեցրեց այս մոդելի ձախողմանը:
Այս առումով Ֆաթիմա Գյոչեքի հետ համակարծիք է մեկ այլ բանախոս Ջոշուա Կուցերան: Նրա կարծիքով քիչ հավանական է, որ ԼՂ հայությունը ընդունի Ադրբեջանի գերիշխանությունը, իսկ Հայաստանի հանրությունն ու առաջնորդները Լեռնային Ղարաբաղը չեն դիտարկում Ադրբեջանի մաս: Ըստ նրա՝ ամենագլխավոր հարցերից է, թե ինչպես կվարվի Ռուսաստանը հինգ տարուց հետո, երբ լրանա խաղաղապահ առաքելության առաջին ժամկետը: Համեմատած հետխորհրդային այլ վիճելի տարածքների հետ, որտեղ տեղակայված են ռուսական զորամիավորումներ՝ ըստ Կուցերայի, Լեռնային Ղարաբաղի իրադրությունը յուրահատուկ է, քանի որ այլ վայրերում չկան ժամանակային սահմանափակումներ, իսկ ԼՂ-ում, ըստ եռակողմ համաձայնության, գործում է հնգամյա ժամկետը, ուստի ապագան մնում է անորոշ: Ըստ Կուցերայի, ռուսական կողմը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում հայկական ազգաբնակչության ներկայությամբ և սերտորեն համագործակցում է ղարաբաղյան դե ֆակտո իշխանությունների հետ: Վերլուծաբանը պնդում է՝ հետագա կարգավիճակի հստակեցման առումով կարևոր է Պուտին-Ալիև երկխոսությունը, որին ըստ նրա, պետք է հետևել ուշադրությամբ: Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա ըստ Կուցերայի, Հայաստանը կարող է որոշակիորեն բարելավել հայտարարությամբ ընդունված պայմանները, սակայն դրա համար անհրաժեշտ է ներքաղաքական կայունություն ու քաղաքական ճգնաժամի հաղթահարում:
Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ