Վիճակագրական կոմիտեի հրապարակած «Սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի համաձայն՝ Հայաստանում սննդամթերքի թանկացման տեմպը արագացել է։ Եթե անցած տարվա նոյեմբերին, 2019-ի նոյեմբերի համեմատ, սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքի գները աճել էին 0,8 տոկոսով, դեկտեմբերին՝ 2019-ի դեկտեմբերի համեմատ, արդեն 4,9 տոկոսով, ապա այս տարվա հունվարին գների աճն ավելի է արագացել՝ 2020 թվականի հունվարի համեմատ աճելով 6,4 տոկոսով, իսկ այս փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, սննդամթերքի ու ոչ ալկոհոլային խմիչքի գները աճել են 7,8 տոկոսով։
Տնտեսագետ, «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ ղեկավար Մովսես Արիստակեսյանի խոսքով՝ գնաճի տեմպն ավելի վատ է իրականում, քան ներկայացնում է ԱՎԿ-ն, որը սովորաբար վիճակը ավելի մեղմ է ներկայացնում։
Գնաճային վատ վիճակը տնտեսագետը մի քանի գործոններով է պայմանավորում։ Առաջին գործոնը պատերազմի հետևանքներն են, երբ պետությունը ստիպված անում է հսկայական ծախսեր պատերազմի հետևանքները վերացնելու համար: «Այդ ծախսերից են՝ տների կառուցումը, սոցիալական ծրագրերը, փոխհատուցումները։ Հայաստանը արդեն 20 ծրագիր է կատարում, որի շրջանակներում արդեն ծախսել է 61 միլիարդ դրամ գումար։ Ավելին՝ Հայաստանը ծախսեր է կատարում նաև Արցախում, վարկ է տրամադրել Արցախին 740 միլիոն դրամի չափով։ Այսինքն՝ շրջանառության մեջ հսկայական հայկական դրամ է նետվել, որի դիմաց, սակայն, արտադրություն չկա։ Արտադրության տեմպերը, ցավոք, շատ ցածր են։ Արտադրության ու տնտեսության վերականգնման հեռանկարը շատ մշուշոտ է։ Հետևաբար` այս պայմաններում շատ տրամաբանական է, որ պետք է տեղի ունենար գնաճ,- ասաց Արիստակեսյանը։
Տնտեսագետի խոսքով՝ գնաճի պատճառներից մեկն էլ որոշ ներմուծվող ապրանքների դեֆիցիտն է։ Տարբեր եղանակային, լոգիստիկ խնդիրներով պայմանավորված՝ որոշակի ներմուծվող ապրանքների դեֆիցիտ կա, և բնական է, որ դրանց գները պետք է աճեն, քանի որ բնակչության մեջ պահանջարկ կա, բայց առաջարկ չկա։
Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: