Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ոստիկանապետ. Պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների մեծ մասն արդեն բացահայտված է. «Արմենպրես»

Մարտ 10,2021 10:18

Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, գնդապետ Արտեմ Հարությունյանն «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում անդրադարձել է պատերազմի ընթացքում հասարակական կարգի պահպանման առանձնահատկություններին, ոստիկանության կրած կորուստներին, այդ ընթացքում իրականացված կողոպուտի դեպքերի բացահայտման աշխատանքներին ու հետպատերազմյան անելիքների առաջնահերթություններին:

Պարոն Հարությունյան, Արցախի ոստիկանները, ոչ միայն հասարակական կարգի ու պատերազմից բխող մյուս գործառույթների պահպանության առաջնագծում էին, այլ նաև՝ ռազմաճակատում: Ինչպիսի մարտահրավերների ու խնդիրների դիմագրավեց Արցախի ոստիկանությունը 44-օրյա պատերազմի օրերին և ինչպես հաջողվեց հաղթահարել: Ինչպիսի՞ մարդկային կորուստներ ունեցավ համակարգը:

-Համակարգը պատերազմը հաղթահարեց կորուստներով, հարազատ մարդկանց կյանքի գնով: Պատերազմը վերախմբագրեց մեր անցածն ու ունեցածը և այն, ինչ ունենք հիմա: Մարտահրավերներն ու խնդիրները եղել են և կան, բայց մենք երբեք չենք ընկրկում՝ մեր ամբողջ ներուժն իրացնելու և ավելին ունենալու հարցում: Նկատի ունեմ ունեցածի հիմքի վրա կառուցել ավելի կայացած ու ուժեղ համակարգ, որը պայքարելով իրավախախտումների դեմ՝ էլ ավելի կվայելի մեր հասարակության հարգանքն ու վստահությունը:

Ոստիկանական հավաքական գումարտակը պատերազմի առաջին օրվանից կանգնեց զինվորի կողքին՝ հայրենիքի պաշտպանության դիրքում: Ռազմագործողությունների ընթացքում համակարգն ունեցավ մարդկային 11 կորուստ: Զոհերից բացի, ունեցանք 3 տասնյակից ավելի վիրավորներ, որոնք մինչև այսօր տարբեր բուժհաստատություններում շարունակում են ստացիոնար բուժում ստանալ: Թերևս, սա այն իրողությունն է, որը մեզ զգաստացնում է, որպեսզի այսուհետ էլ ավելին պիտի անենք: Հանուն տղաների հիշատակի և սխրագործությունների՝ այլևս երբեք սխալվելու իրավունք չունենք:

Հետպատերազմյան առաջին օրերին, և ոչ միայն, բարձրաձայնվեց նաև պատերազմի օրերին գողության դեպքերի մասին: Դրանք մասնակի դեպքեր էին, թե հաճախակի են եղել: Ընդհանրապես ինչպիսի՞ չափեր են ունեցել այդ դեպքերը և ի՞նչ աշխատանքներ են տարվում դրանց բացահայտման ուղղությամբ:

-Ցավոք, այո, այդպիսի դեպքեր ևս արձանագրվել են: Գողության կամ ուրիշի սեփականությանը միտումնավոր վնաս պատճառելու հիմնական դեպքերը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ բնակչությունը տարհանվել էր՝ մայրաքաղաքում և մյուս բնակավայրերում շարժ գրեթե չկար: Այդ ժամանակ էլ տեղի են ունեցել տարաբնույթ հանցագործություններ: Ստացված բոլոր հաղորդումներն ընթացքավորվել են սահմանված կարգով, ու դրանց մեծ մասն արդեն բացահայտված է: Վստահեցնում եմ, որ մյուս բոլոր դեպքերը ևս կբացահայտվեն:

Ի՞նչ ընդհանրական, հանրային հնչեղություն ստացած այլ հանցագործության ու հանրային կարգի խախտման դեպքեր են արձանագրվել պատերազմի օրերին և հետպատերազմյան ժամանակահատվածում, որոնք ինչոր տեղ պայմանավորված էին նաև պատերազմի հանգամանքով ու հետևանքներով:

-Որպես համակարգի ղեկավարի, ինձ համար հանցավորության դեմ տարվող պայքարն առաջնային է՝ անկախ հանցատեսակից: Ցավոք, մեր կողքին կան այնպիսի մարդիկ, որոնք պատերազմի օրերին օգտվել են ստեղծված ծանր իրավիճակից: Հիմնականում գրանցվել է անձնական ունեցվածքի հափշտակության և տրանսպորտային միջոցներին ապօրինաբար տիրանալու դեպքեր: Այդ հանցագործությունների մեծ մասն արդեն իսկ բացահայտված է:

Հարցազրույցը՝ Վան Նովիկովի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031