Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատերազմի ընթացքում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի քննադատված դիրքորոշումը միայն Մարիան Քլարկ-Հաթինգինը չէր. տեղի ունեցածի վերաբերյալ այդ օրերին իր վրդովմունքը հայտնեց նաեւ ՀՀ վարչապետի տիկինը. «Հայկական ժամանակ»

Մարտ 10,2021 09:00

Հայաստանում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգը Հայաստանում «պերսոնա նոն գրատա» չի հայտարարվել, նա այս պահին գտնվում է Հայաստանում: ՀԺ-ի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց կազմակերպության հայաստանյան գրասենյակի հաղորդակցման թիմի ղեկավար Զառա Սարգսյանը:

– Տիկին Սարգսյան, Կառավարությունը որոշել է դադարեցնել ձեր կազմակերպության ներկայացուցչի պաշտոնավարումը Հայաստանում: Ըստ մամուլի հրապարակումների՝ նա լրտեսություն է իրականացրել եւ շտապ լքել է Հայաստանը: Ի՞նչ տեղեկություն կարող եք փոխանցել:

– Տիկին Քլարկ-Հաթինգի պաշտոնավարման դադարեցման հարցը քննարկվել է «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի ու Կառավարության ներկայացուցիչների միջեւ ու համատեղ համաձայնություն է ձեռք բերվել, որ նա կդադարեցնի իր գործունեությունը Հայաստանում մինչեւ ս.թ. մարտի վերջ: Ինքը հիմա Հայաստանում է, կլքի այս ամսվա ընթացքում: Եվ այնուհետեւ եկող շաբաթների ընթացքում սպասում ենք ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման:

– Իսկ Քլարկ-Հաթինգը «պերսոնա նոն գրատա՞» է հայտարարվել: Լրտեսության մասին լուրերը սո՞ւտ են:

– «Պերսոնա նոն գրատա» չի հայտարարվել, իսկ նման հոդվածները չեմ կարող ոչ հերքել, ոչ էլ փաստել, որովհետեւ անհիմն ինչ-որ ապատեղեկատվություններ են տարածում: ԱԳՆ-ն եւ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը նման բան չեն ասել:

– Տիկին Սարգսյան, պատերազմի ընթացքում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի դիրքորոշումը, պահվածքը կապ ունի՞ այս ամենի հետ, կարո՞ղ եք հաստատել կամ հերքել:

– Ոչ կարող եմ հաստատել, ոչ հերքել, պատերազմի ընթացքում «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի դիրքորոշումը միայն Մարիան Քլարկ-Հաթինգինը չէր, «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը որպես կազմակերպություն է հանդես եկել, այսինքն` Հայաստանի գրասենյակի ներքո չէր այդ մոտեցումը:

 

Հիշեցնենք, որ Արցախյան 2-րդ պատերազմի օրերին ՄԱԿ-ի եւ հատկապես դրա մանկական գրասենյակի՝ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի հայաստանյան ներկայացուցչության պահվածքը բազմիցս է քննադատվել: Թե որքանով նաեւ սա կապ ունի Քլարկ-Հաթինգի հեռացման հետ՝ դժվար է ասել: Փաստենք ընդամենը, որ այդ շրջանում նրա ղեկավարած գրասենյակը Հայաստանում մեղադրվում էր երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: Որոշ իրավապաշտպաններ ՄԱԿ-ին ու «ՅՈՒՆԻՍԵՖ»-ին քննադատում էին հատկապես Leave No One Behind (Ոչ ոք չպետք է անտեսվի) սկզբունքը չպահպանելու մեջ: Պատճառն այն էր, որ ՄԱԿ-ի Ադրբեջանի ներկայացուցիչն, օրինակ, այցելում էր հրթիռակոծված վայրեր, տեսակցում վնասվածքներ ստացած երեխաներին, հայտարարություններ տարածում, իսկ հայաստանյան ներկայացուցչությունը նման գործունեությունից զերծ էր մնում, աչք փակում դպրոցների, հիվանդանոցների թիրախավորման վրա, երեխաների զոհվելու հանգամանքի վրա:

Ավելի ուշ, ճնշումներից, բողոքի ակցիաներից հետո ՄԱԿ-ն ու «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը հայտարարություն տարածեցին, բայց դրանով երկակի ստանդարտների կիրառումը էլ ավելի հստակ դարձավ: «Ցավով տեղեկացանք, որ Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում 14-ամյա երեխա է ծանր վիրավորվել բերքահավաքի նպատակով դաշտ գնալու ճանապարհին։ Սրտով նրա եւ բոլոր այն երեխաների հետ ենք, ովքեր տուժել են այս հակամարտությունի»,-ասվում էր նրանց տարածած հայտարարությունում: Որեւէ խոսք չկար Արցախում քաղաքացիական զոհերի, այդ թվում երեխաների մահվան մասին:

Տեղի ունեցածի վերաբերյալ այդ օրերին իր վրդովմունքը հայտնեց նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Հրապարակելով Հայաստանում եւ Արցախում ծանր վիրավորված երեխաների լուսանկարները՝ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Կա՞ արդոք տարբերություն այս երեխաների միջեւ։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ է տառապել, քան մյուսը։ Արդյոք նրանցից մեկն ավելի շա՞տ էր արժանի սրան, քան մյուսը։ Արդյոք նրանցից մեկի վիճակն ավելի շա՞տ է արժանի ուշադրության, քան մյուսինը։

ՄԱՐԴԸ չի կարող տարբերություն դնել այս երեխաների միջեւ։ Դա ուղղակի անհնար է։

Բայց ահա մարդիկ, որ նստած են ՄԱԿ-ի Նյու Յորքի, Ժնեւի, Երեւանի եւ Բաքվի գրասենյակներում, ՅՈՒՆԻՍԵՖ-ի օֆիսներում, կարողանում են այս երեխաներին անցկացնել «աշխարհաքաղաքական մաղի միջով» եւ նրանց մասին խոսել կամ չխոսել բացառապես աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով։ Թերեւս դա ի վերուստ տրված կարողություն է»։

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031