Լրահոս
Օրվա լրահոսը

Երբեմն արժե նաեւ գործ անել

Մարտ 10,2021 10:00

Ներկայիս իշխանությունը չափից դուրս մեծ տեղ է տալիս քարոզչությանը՝ հաճախ մոռանալով գործի մասին: Նրանք ավելի շատ են մտածում այն մասին, թե ինչ լույսի տակ են երեւալու, ինչպես են ընկալվելու, քան այն մասին, թե ինչ են իրականում արել: Օրինակ, ասվում է, որ Ալիեւը պատրաստվում էր վերադարձնել մեր ռազմագերիներին, բայց Երեւանում անցկացվող ընդդիմության ցույցերը դրան խանգարեցին: Թերևս, գերիների խնդրի մասին տեղեկացվածության եւ տրամաբանության որոշակի (զրոյական) մակարդակ ունեցողները դրան կհավատան, բայց դրանից այդ պնդումը քարոզչական գյուտ չի դառնա: Դա բոլոր դեպքերում կմնա պարզունակ սուտ, որը կոչված է խաղալ մարդկանց զգացմունքների վրա: Բայց խորքում այստեղ այլ բան կա՝ նման հեքիաթները կոչված են քողարկել այդ փաստը, որ իշխանության համապատասխան կառույցները պատշաճ ջանքեր չեն գործադրում՝ գերիներին վերադարձնելու համար:

Ճիշտ նույն ձեւով զինվորների ճաշացանկը հարստացնելը կամ զինծառայողներին ներքնազգեստ բաժանելը լավ շոուներ էին, որոնք, սակայն չէին կարող փոխարինել ժամանակակից սպառազինությունը եւ ամենօրյա կազմակերպչական աշխատանքը:

Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում իրավիճակը եւ դրա վերաբերյալ իշխանության իրականացվող (իսկ հիմնականում՝ չիրականացվող) քայլերը քարոզչությունը գերագնահատելու մեկ այլ դրսեւորում են: Կրկնվող պատմություն է. համացանցում հայտնվում են կադրեր, որոնք վկայում են, որ Սյունիքի մարզում ադրբեջանցի զինծառայողներն իրենց պաստառներով եւ դրոշներով հայտնվում են մեր բնակավայրերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Դրան հետեւում է պաշտոնական «ջղային» հերքումը, որն ավարտվում է «հորդորում ենք զերծ մնալ կեղծ եւ ստահոդ լուրերից» կոչով, իսկ ԱԱԾ-ն, իր բուն գործը թողած, փորձում է արգելել բոլոր նկարահանումները (ինչն, ի դեպ, գործնականում անիրագործելի է): Բայց եթե անգամ հնարավոր է արգելափակել տեղեկատվությունը, կոծկել ճշմարտությունը, արդյոք դա նշանակո՞ւմ է, որ իրավիճակը բարվոք է: Ի՞նչ է, այդ գյուղերի բնակիչները չե՞ն տեսնում, թե ինչ է կատարվում:

Ինչպիսին պիտի լինի իշխանության մոտեցումը նման դեպքերում: Իմ կարծիքով, «դեղատոմսը» շատ պարզ է. պետք է ասել ճշմարտությունը, ոչ թե փորձել ֆռռացնել մարդկանց՝ բացասական վերաբերմունքից խուսափելու համար: Այսինքն, պարզ ասել՝ «մենք պայմանավորվել ենք ռուս խաղաղապահների եւ ադրբեջանական կողմի հետ, որ ադրբեջանցի զինծառայողներն իրենց դրոշներով եւ պաստառներով պետք է լինեն հենց այնտեղ, որտեղ կանգնած են»: Կամ, եթե դա այդպես չէ, ապա պետական կառույցները պիտի հայտարարեն՝ «մենք համաձայն չենք, որ ադրբեջանցիներն այնտեղ կանգնեն եւ բանակցություններ ենք վարում, որ նրանք հեռանան»: Բայց ծամածռություններով զբաղվել, անընդհատ հերքել, քողարկել փաստերը 21-րդ դարի երրորդ տասնամյակում, ինձ թվում է, անիմաստ է:

Երբ իշխանությունը մտածում է ոչ թե հարց լուծելու ուղղությամբ, այլ այն մասին, թե ինչ է պետք անել հնարավորինս շատ մարդու խաբելու համար, մենք ունենում ենք հենց այն իրավիճակը, որն ունենք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. հայկ համբարձումեան says:

    ճիշդ կ’ըսէք, բացի յօդուածին առաջին բառէն։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031