Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես համադրել բուհերի եւ գործատուների շահերը

Մարտ 10,2021 12:30

Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության արդյունքում 40 հոգի Հայաստանից, 40՝ Մոլդովայից, աշխատանք կունենան:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի եւ որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը (լուսանկարում) «Առավոտի» հետ զրույցում ներկայացրեց «Էրազմուս +» ծրագրի «Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրում Հայաստանի եւ Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում» (WBL4JOB) նախագիծը, որը միաժամանակ իրականացվում է Հայաստանում եւ Մոլդովայում:

Պարոն Նավոյանն այս կարեւորագույն նախագծի կոորդինատորն է: Նա նշեց, որ նախագիծը Եվրոպական հանձնաժողովի «Էրազմուս պլյուս» ծրագրի շրջանակում է համաֆինանսավորվում, եւ նպատակն է ներդնել աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն (ԱՀՈւ)՝ Հայաստանի եւ Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում:

Նախագծում ներգրաված են երկու երկրների ԿԳՄՍ նախարարությունները, Հայաստանի բանկերի միությունը, մեկ առեւտրային բանկ Մոլդովայից եւ երկուական համալսարան Հայաստանից եւ Մոլդովայից: Մասնավորապես, Հայաստանից մասնակցում են Շիրակի պետական համալսարանը եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանը:

Եվրոպական երկրներից նախագծում մասնակցում են դուալ կրթության հարուստ փորձ ունեցող ֆրանսիական Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը, Ստրասբուրգի համալսարանը, ավստրիական Կրեմսի կիրառական գիտությունների համալսարանը եւ Համալսարանական շարունակական կրթության եվրոպական ցանցը Իսպանիայից:

Այս նախագիծը ֆրանսիական համալսարանի կողմից ղեկավարվող եվրոպական եւ «Էրազմուս+» ծրագրերի 3-րդ նախագիծն է, ինչի համար Արայիկ Նավոյանն իր շնորհակալությունը հայտնեց «Էրազմուս+» ծրագրին՝ համալսարանին ցուցաբերած վստահության համար:

Նա առանձնացրեց նախագծի իրականացումից հիմնական ակնկալվող արդյունքները, որոնցից առաջինը բոլոր գործընկերների հետ՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հայեցակարգի մշակումն է եւ քաղաքականության մոտեցումները՝ երկու երկրների համար, որոնք պետք է հետագայում ընդունվեն ՀՀ եւ Մոլդովայի կառավարությունների կողմից որպես պետական ուղղորդիչ փաստաթուղթ:

Երկրորդ կարեւոր ակնկալվող արդյունքն այն է, որ մշակվի ընդհանրական եւ ճկուն աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդել, որը պետք է կիրառվի բարձրագույն կրրթության այն մասնագիտությունների համար, որոնք ենթակա են ԱՀՈՒ-ով իրականացման: Այս համատեքստում նա անդրադարձավ նաեւ դուալ կրթությանը, խոսեց պրոցեսից, որի ընթացքում ուսանողն աշխատելով՝ նաեւ սովորում է: Պարոն Նավոյանը փաստեց, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանում արդեն գործում է դուալ կրթության սկզբունքով կրթական ծրագիր՝ ունեն «Բանկային գործ եւ ապահովագրություն» մասնագիտացված բակալավրիատ, երբ ուսանողներն առավոտյան աշխատում են բանկերում եւ ապահովագրական ընկերություններում, իսկ ժամը երկուսին գալիս են դասի:

Նախագծով նախատեսվում է «Բանկային գործ եւ ապահովագրություն» մասնագիտացված բակալավրիատի կրթական ծրագրի պիլոտային ներդնում՝ դուալ կրթությամբ: Մասնավորապես, նախատեսվում է հստակ սահմանել կրթական վերջնարդյունքների ցանկը, որոնք պետք է ձեռք բերվեն լսարանում եւ աշխատավայրում աշխատելիս, բանկերում եւ ապահովագրական ընկերություններում ուսանողների՝ ԱՀՈՒ կազմակերպումը, մենտորների դերի եւ գնահատման կառուցակարգերի հստակեցմանը եւ այլն:

Հաջորդ բաղադրիչը, նրա ձեւակերպմամբ՝ պիլոտից հետո օրենսդրական փոփոխությունների առաջարկումն է, որոնք պետք է նպաստեն աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրմանը Հայաստանում: Ընդ որում, փոփոխությունը կարող է վերաբերել ինչպես Աշխատանքային օրենսգրքին, այնպես էլ կրթական համակարգին:

Իսկ թե ինչու է ընտրվել հենց բանկային ոլորտը, ծրագրի կոորդինատորը հետեւյալ կերպ է մեկնաբանում՝ նախ ԱՀՈՒ-ն իրականացնելու համար պետք է լինի գործատուների ակտիվ մասնակցություն, իսկ բանկային ոլորտում բարձր մրցակցություն կա, բացի այդ՝ ոլորտը զարգացող է: Նաեւ ընդգծեց, որ ցավոք, մեր երկրում չկա ԱՀՈՒ իրականացնելու համար որեւէ արտոնություն, եւ եթե որեւէ կազմակերպություն պրակտիկանտ է ընդունում, կարող են նաեւ հարկային խնդիրներ ծագել, որովհետեւ հարկային մարմինները պրակտիկանտին կարող են դիտարկել որպես թաքնված աշխատող: Մեր զրուցակիցը հայտնեց, որ 20 ուսանող պետք է ընդգրկվի պիլոտային ծրագրում:

Խնդրեցինք ներկայացնել քայլերի հաջորդականությունը: Արայիկ Նավոյանն ասաց, որ 2022-ի սեպտեմբերին պիլոտը կիրականացնեն, մինչ այդ կմշակեն հայեցակարգը, կվերապատրաստեն դասախոսներին:

Իսկ ինչու ԱՀՈՒ, որովհետեւ նախ երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը շատ բարձր է, մյուս կողմից՝ ունենք այնպիսի իրավիճակ, երբ գործատուներին չեն բավարարում բուհերի շրջանավարտների, ուսանողների կոմպետենցիաները, բուհերն էլ դժգոհում են, որ գործատուները չեն գալիս բուհեր. «Այսինքն՝ կառուցակարգի խնդիր կա, իսկ ԱՀՈՒ-ն մեխանիզմն է, որը թույլ է տալու, որ երկուստեք շահերի համադրում լինի»:

Նրա խոսքով, այդպիսով գործատուն ժամանակ չի ծախսի աշխատող փնտրելու համար, որովհետեւ կտեսնի, թե վեց ամիս ինչպես է ուսանողն աշխատում, ինտեգրվում է իր կազմակերպությանը, մի բան, որ վաղուց կիրառվում է շատ երկրներում: Արայիկ Նավոյանը փաստում է, որ զարգացած երկրներում, հատկապես Գերմանիայում, Ֆրանսիայում դուալ կրթությունը բարձրագույն կրթության մեջ խրախուսվում է, որովհետեւ եւ պետությունն է շահում, եւ գործատուն, եւ համալսարանը, արդյունքում՝ շրջանավարտը աշխատանք է գտնում, իսկ պետությունը շահում է, որովհետեւ այն գումարը, որ ներդրվում է բարձրագույն կրթության մեջ, չի փոշիանում, նպաստում է, որ գործազրկությունը երիտասարդների շրջանում նվազի:

Մեր զրույցի ժամանակ ԱՀՈՒ-ի համար խրախուսման միջոցներին էլ անդրադարձ եղավ, որոնք կարող են լինել ինչպես ֆինանսական, այնպես էլ՝ ոչ ֆինանսական ձեւաչափով: Մեր զրուցակիցը նշեց, որ օրինակ, Ֆրանսիայում յուրաքանչյուր կազմակերպություն իր աշխատավարձի 0,68 տոկոսը վճարում է որպես «ուսումնառության հարկ», որի մի մասը փոխանցում է այն կազմակերպությանը, որի հետ ցանկանում է դուալ կրթություն իրականացնել: Կա այլ տարբերակ, երբ պետությունը տալիս է նպատակային սուբսիդիա կամ իր վրա է վերցնում սովորողի աշխատավարձը, ուսումնառության հետ կապված այլ ծախսերը: Ինչ վերաբերում է ոչ ֆինանսական խրախուսմանը, պետությունը դա կարող է անել, դիցուք, դուալ կրթության մեջ ներգրավված կազմակերպության գովազդմամբ:

ԱՀՈՒ-ի ներդրման ռիսկերից էլ խոսեցինք: Արայիկ Նավոյանն ասաց, որ եթե սովորողը նաեւ աշխատում է, եւ դասավանդելու մի մասն իրականացվում է աշխատավայրում, նշանակում է՝ բուհում կամ քոլեջում իրականացվող գործնական աշխատանքները պետք է կրճատվեն, ինչը ենթադրում է՝ դասախոսական կազմի ժամերի կրճատում եւս: Դրա համար նույն դասախոսները կվերապատրաստվեն, որպեսզի կազմակերպությունում աշխատեն մենթորների հետ:

Արայիկ Նավոյանն ամփոփելով ասելիքը՝ հայտնեց, որ հայեցակարգը պատրաստ կլինի դեկտեմբերի վերջին, ապա նախագիծը կդրվի լայն հանրային քննարկման, կմշակվի ճանապարհային քարտեզ կամ գործողությունների ծրագիր՝ առանց պետության վրա լրացուցիչ ֆինանսական բեռ ավելացնելու: Առաջին արդյունքը կլինի դեկտեմբերին՝ նախագծի հայեցակարգի տեսքով, վեց ամիս անց կլինի ընդհանրական մոդելը, 2022 թ. մայիս-հունիս ամիսներին կվերապատրաստվեն մենթորներն ու դասախոսները, սեպտեմբերից կսկսվի դուալ կրթության պիլոտային ներդրումը նախագծում ընդգրկված հայկական եւ մոլդովական համալսարաններում, իսկ 2023թ. հունիսին տեղի կունենա մեծ համաժողով, որտեղ կներկայացվի պիլոտա:

Նախագծի ամենամեծ արդյունքը կլինի այն, որ կներդրվի աշխատանքի վրա հիմնված կրթության համակարգ՝ բուհ-գործատու համագործակցության արդյունավետ, փոխշահավետ կառուցակարգ, իսկ առաջին 40 հոգին, որ ծրագրում ներգրաված կլինեն Երեւանում եւ Գյումրիում եւ 40 հոգի՝ Մոլդովայում, ծրագրի ավարտին կունենան աշխատանք բանկերում: 2023-ից մինչեւ դեկտեմբեր օրենսդրական փոփոխությունների փաթեթ կառաջակվի, իսկ ծրագիրը կավարտվի 2024թ. հունվարին:

Արայիկ Նավոյանն այս համատեքստում կարեւորում է երկու երկրների նախարարությունների, բանկերի դերը եւ Հայաստանի Բանկերի միության պատրաստակամությունը՝ լավ գործ անելու առումով՝ աշխատանքի վրա հիմնված կրթության համակարգը երկու երկրների բարձրագույն կրթության համակարգերում ներդնելու:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031