Լրահոս
Օրվա լրահոսը

Ոմանց հակառակորդն ու բոլորի մրցակիցը

Մարտ 10,2021 12:00

Պաշտոնական Անկարան չի թաքցնում իր հավակնություններն ամենուր

Թուրքիայի հետախուզության ծառայության պետ Հական Ֆիդանն օրերս ուշագրավ խոստովանություն է արել. «Թուրքական ազգային հետախուզության կազմակերպությունը՝ MIT-ը, ընդլայնել է իր դերակատարումը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճակատում տեղեկատվության հավաքման առումով: Մեր կառույցն իր վրա է վերցրել պարտավորություն՝ հակամարտության տարածաշրջաններում մեր երկրի շահերին համահունչ»:

Թուրքիայի այսօրվա քաղաքականությունը հարեւան երկրներում, աշխարհի տարբեր պետությունների, Արեւմուտքի ու Ռուսաստանի հետ այսօր լուրջ վերլուծությունների առիթ է դարձել: Հատկապես Արցախի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմից հետո, բոլորի համար հստակ է, որ տարածաշրջանում վերադասավորումներ են ընթանում, շահեր են բախվում, իսկ Թուրքիան ակտիվ դերակատար է դարձել ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ՝ նախկին խորհրդային միության հանրապետություններում:

Այս առումով թուրքական MIT-ի ղեկավարի արձանագրումը խիստ օրինաչափ է. Լեռնային Ղարաբաղը, որպես թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակ, այսօր պաշտոնական Անկարայի առաջնահերթ շահերի կիզակետում է եւ նրա ակտիվությունն ակնհայտ է: Եվ ոչ միայն Լեռնային Ղարաբաղը… Թուրքիայի իշխանությունները ամենաբարձր մակարդակով Հայաստանի նկատմամբ են աննախադեպ հետաքրքրություն ցուցաբերում, կարծես, նաեւ Հայաստանն են դիտարկում իրենց հետաքրքրությունների շարքում:

Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով «Տնտեսական համագործակցության կազմակերպության» 14-րդ գագաթաժողովում, դարձյալ խոսել է Արցախի թեմայով եւ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական իրադարձությունների մասին։ Էրդողանը պնդել է, թե Թուրքիայի գլխավոր խնդիրը Ղարաբաղում անվտանգության ապահովումն է. «Մեր տնտեսական եւ առեւտրային հարաբերությունները կարող ենք ամրապնդել մեր անվտանգությանը եւ կայունությանը ուղղված սպառնալիքները չեզոքացնելու միջոցով: Հավատում եմ, որ որպես կազմակերպություն նույնպես այս գործընթացում Ադրբեջանի հետ ամբողջական համերաշխության մեջ կլինենք: Հույս ունենք, որ Հայաստանն էլ իր կատարելիք խաղաղությանը միտված քայլերով տարածաշրջանային կայունությանը մաս կկազմի»: Այնուհետեւ, ակնարկելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, նա հավելել է. «Ցանկանում եմ կրկնել, որ մենք երբեք չենք ընդունել եւ չենք ընդունելու ժողովրդի կամքը առոչինչ համարող հակաժողովրդավարական միջամտությունները»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանն անդրադարձել էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ «հեղաշրջման փորձ» էր անվանել. «Այս պահին Հայաստանում հեղաշրջման փորձ է… Գիտեք, որ մենք դեմ ենք հեղաշրջման բոլոր տեսակներին: Պետք է բացեիբաց ասեմ, որ անընդունելի է զինվորականների միջամտությամբ հեղաշրջման աղմուկ-աղաղակ բարձրացնելը: Եթե իշխանության փոփոխություն լինի, ապա դա պետք է Հայաստանի ժողովուրդն անի: Առանց այդ էլ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ ժողովուրդն ինքը կարող է տապալել Փաշինյանին: Սակայն երբ հարցը հասնում է հեղաշրջմանը, ապա դրա վերաբերյալ մեր կարծիքը տարբեր է»:

Էրդողանը միակը չէր, որ հարկ համարեց անդրադառնալ հայաստանյան ներքաղաքական կյանքին: Նրա խոսնակը՝ Իբրահիմ Քալընը, որ բավական ակտիվ քաղաքական գործիչ է, եւս դատապարտել էր Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները՝ հավելելով. «Հեղաշրջումները միշտ ընդհատել են ժողովրդավարական գործընթացները եւ քաոսի պատճառ դարձել»:

Իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անդրադարձել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը: «Հայաստանում ռազմական հեղաշրջման փորձը խստորեն դատապարտում ենք: Իհարկե, ժողովրդավարական երկրներում քաղաքացիները, ժողովուրդը իշխանություններին ուղղված քննադատություններ կարող են անել, անգամ հրաժարականը կարող են պահանջել: Սրանք բնական բաներ են, սակայն անընդունելի է, երբ զինվորականները ընտրությունների միջոցով իշխանության եկած կառավարությանը նույնիսկ հրաժարականի կոչ են անում: Այդ իսկ պատճառով մենք Հայաստանում արված այս կոչը մեկ անգամ եւս խստորեն դատապարտում ենք: Տարածաշրջանի կայունության համար կարեւոր հնարավորության պատուհան կա, որը պետք է լավ գնահատել: Միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորումը, հրադադարի մնայուն դարձնելը բավարար չէ: Տարածաշրջանային երկրների հետ 3+3 ձեւաչափով խոսում ենք հնարավոր անելիքների մասին: Այսօրինակ հեղաշրջման փորձերը երկրի կայունության համար քայքայիչ քայլեր են, ինչի պատճառով մենք դեմ ենք»:

Անցյալ շաբաթ Թուրքիայում կայացավ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի եւ Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հանդիպումը: Բանակցությունների ավարտին համատեղ մամուլի ասուլիսում՝ Զալկալիանին նշել է, որ Թուրքիան Վրաստանի աջակիցն է ու հիմնական ռազմավարական գործընկերը:

Թուրք-վրացական վերջին բանակցություններում շեշտվել է Վրաստան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը: Ըստ Զալկալիանիի՝ Վրաստանն ու Թուրքիան ունեն ընդհանուր մարտահրավերներ համավարակի հաղթահարման, ինչպես նաեւ տնտեսական վերականգնման առումով:

Վրաստանի ԱԳ նախարարը խոսել է նաեւ հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական հարաբերությունների կարգավորման մեկնարկի եւ բիզնես կապերի զարգացման նախաձեռնության մասին։ «Մենք մեր հարեւաններին առաջարկում ենք Թբիլիսին որպես երկխոսության հարթակ։ Մասնավորապես, առաջարկում ենք սկսել հարաբերությունների կարգավորում, տնտեսության, բիզնեսի եւ մշակույթի զարգացման վերաբերյալ կողմնորոշման գործընթաց»,- ասել է Զալկալիանին՝ համոզմունք հայտնելով, որ երեք երկրները պետք է իրենք հոգ տանեն տարածաշրջանի մասին։

Իր հերթին Չավուշօղլուն էլ հավելել է, որ աջակցում են Վրաստանի տարածքային եւ սահմանային ամբողջականությանը: Թուրքիայի ԱԳ նախարարի փոխանցմամբ՝ վրաց գործընկերոջ հետ մտքեր են փոխանակել ԼՂ-ում հրադադարից հետո տարածաշրջանի կայունության համար ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ. «Առաջիկա ժամանակահատվածի համար «3+3» ձեւաչափով առաջարկ է եկել Ադրբեջանից, մենք դրան աջակցում ենք: Մենք շատ լավ հասկանում ենք, որ Վրաստանը որոշ ռեզերվներ ունի, բայց ամեն դեպքում Թուրքիան շարունակելու է մեծացնել աջակցությունը տարածաշրջանային մեխանիզմներին եւ համագործակցությանը, որի մեջ է նաեւ Վրաստանը»:

Չավուշօղլուն նշել է, որ նպատակ կա տարածաշրջանում խաղաղության, բարօրության եւ կայունության հաստատման համար, ինչպես նաեւ մի շարք ոլորտներում, ինչպիսիք են՝ լոգիստիկան, առեւտուրն ու էներգետիկան, վստահությունը բարձրացնելու միտված քայլեր ձեռնարկել. «Մենք աջակցում ենք Վրաստանի եվրաատլանտյան կապերի հետագա ամրապնդմանը, եւ, այդպիսով, մենք միշտ հստակ արտահայտում ենք մեր դիրքորոշումը ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների ավելի ամրապնդման եւ անդամակցության գործընթացի վերաբերյալ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ»:

Անցյալ շաբաթ թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց՝ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանսի ձեւաչափով առաջին անգամ քննարկումներ են անցկացրել: Էրդողանն անդրադարձել է Անկարայում թուրք-ֆրանսիական համաձայնագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին եւ շեշտել, թե երկու երկրների հարաբերություններում առաջնորդների միջեւ հաստատված երկխոսությունը միշտ մեծ դեր ունի: Էրդողանը պնդել է, որ թուրք-ֆրանսիական համագործակցությունը շատ լուրջ ներուժ ունի. «Մենք, որպես ՆԱՏՕ-ի երկու հզոր դաշնակից, կարող ենք կարեւոր ներդրում ունենալ Եվրոպայից մինչեւ Կովկաս, Մերձավոր Արեւելք ու Աֆրիկա ձգվող հսկայական աշխարհագրությունում անվտանգության, կայունության եւ խաղաղության ջանքերում: Մենք կարող ենք նաեւ համատեղ քայլեր ձեռնարկել ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում, որոնք սպառնում են մեր երկրներին եւ մեր քաղաքացիների կյանքի եւ գույքի անվտանգությանը»:

Մակրոնի հետ հարաբերությունները փչացնելուց որոշ ժամանակ անց, արդեն Էրդողանը Հարավային Կովկասում Ֆրանսիային դաշնակից է մատնանշվում՝ իրեն որպես «տան տեր» ներկայացնելով:

Էրդողանը վերջերս իրանցի իր գործընկերոջ հետ զրույցում ասել էր, որ Իրանի եւ Միացյալ Նահանգների համար հնարավորությունների պատուհան է տեսնում՝ հավելելով, որ ցանկանում է Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկում: Անցյալ շաբաթ նա կոչ է արել վերացնելու Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները: «Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցների դադարեցումը կնպաստի տարածաշրջանի տնտեսական բարգավաճմանն ու կայունության հաստատմանը»,- նշել է նա՝ հանդես գալով Իսլամական ութնյակի ղեկավարների 14-րդ գագաթաժողովում:

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Թուրքիան բանակցություններ է վարում Պակիստանի հետ համատեղ ռազմական ինքնաթիռներ ու հրթիռներ արտադրելու համար: Ամերիկյան «Bloomberg» պարբերականը՝ մանրամասնելով, որ երկու երկրների կառավարության ու ԶՈՒ պաշտոնյաները կանոնավոր կերպով բանակցում են։ Բարձր մակարդակով վերջին բանակցությունները կայացել են հունվարին, հայտնել է Ermenihaber-ը: Ըստ պարբերականի՝ այս թեմայով տեղի ունեցող կանոնավոր բանակցությունների մասին են վկայում նաեւ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հաճախակի հանդիպումները Պակիստանի պաշտոնակցի ու բարձրաստիճան ռազմական ղեկավարության հետ, ինչպես նաեւ նախորդ տարի նախագահ Էրդողանի պակիստանյան այցի ընթացքում Աքարի ներկայությունը: Ըստ աղբյուրի՝ բանակցությունների ընթացքի կամ պայմանագիր կնքելու հնարավոր ժամկետների մասին առայժմ մանրամասներ հայտնի չեն: Նշվում է նաեւ, որ կործանիչների համատեղ արտադրության դեպքում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան պետք է ինչ-որ չափով օգտագործի չինական տեխնոլոգիաներ, քանի որ Պակիստանն իր JF-17 կործանիչները նախագծել է Չինաստանի հետ համատեղ: Այս պահին, սակայն, հայտնի չէ, թե արդյոք նախատեսվո՞ւմ է բանակցել Պեկինի հետ չինական պաշտպանական տեխնոլոգիաները ձեռք բերելու համար: «Թուրքիան միջուկային տերություն հանդիսացող Պակիստանին դիտարկում է որպես ռազմավարական դաշնակից եւ պոտենցիալ գործընկեր իր «Siper» հեռահար ՀՕՊ համակարգերի ու «TF-X» կործանիչների նախագծերը կյանքի կոչելու համար»,- ասվում էր հրապարակման մեջ:

Պաշտոնական Անկարայի ակտիվ քաղաքականությանը ո՛չ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ո՛չ Ռուսաստանը չեն ընդդիմանում, թեեւ ունեն այս կամ այն հարցերում տարբերվող մոտեցումներ, նույնիսկ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին է խոսվում եւ հաճախ լսում ենք քննադատություններ Թուրքիայի վարած քաղաքականության նկատմամբ:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բրիտանիայում լույս տեսնող «ՀցրրՍՈÿ ՎօրսՖ» պարբերականին տված հարցազրույցում՝ ի շարս այլ հարցերի, անդրադարձել է Անկարայի քաղաքականությանը: «Թուրքիայի ղեկավարությունը բարձր է գնահատում ազգային անվտանգության հարցերում անկախ քաղաքականությունը, Անկարան գերադասում է ոչ թե կուրորեն հետեւել ԱՄՆ գծին, այլ ինքնուրույն գործել», – ասել է Լավրովը: Նրա փոխանցմամբ` Թուրքիան մեծ նշանակություն է տալիս ՆԱՏՕ-ին անդամակցությանը եւ կատարում է դաշինքի շրջանակում ստանձնած պարտավորությունները, սակայն իրեն վերապահում է քաղաքական հարցերում անկախ որոշումներ ընդունելու իրավունք: «Թուրքիայի ղեկավարությունը ցանկանում է վարել ազգային կողմնորոշման արտաքին քաղաքականություն ու հենց Վաշինգտոնի գծին չհետեւելու եւ պաշտպանությունն իր ընտրած միջոցներով ապահովելու համար է քննադատության ենթարկվում ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից», – ասել է Լավրովը՝ հավելելով, թե որոշ դեպքերում դա նույնիսկ հանգեցրել է պատժամիջոցների: «Թուրքիայի օրինակը վկայում է, թե ինչ վիճակում է դեմոկրատիան ՆԱՏՕ-ի ներսում», – ասել է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերությունները, հիշեցնենք, սրվեցին այն բանից հետո, երբ թուրքական կողմը Ռուսաստանի հետ կնքեց S-400 տեսակի հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու գործարքը: Մինչ այժմ չի կայացել Բայդեն-Էրդողան հեռախոսազրույց, ամերիկյան կողմը հասկացնել է տալիս, թե դա կկայանա, երբ ամերիկյան կողմը դրա անհրաժեշտությունը զգա: Բայց չնայած այս ամենին՝ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, ԱՄՆ-ի դաշնակիցն է եւ նրա հետ հարաբերությունները առաջնահերթություն են ամերիկյան վարչակազմի համար:

Ահա, թե ինչ ուշագրավ դիտարկում է արել օրերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը. «ԵՄ-ում բնակչության 90%-ից ավելին ապրում են ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, սակայն ՆԱՏՕ-ի պաշտպանական ծախսերի միայն 20%-ն է ստացվում ԵՄ-ից: Թուրքիան սահմանակից է Սիրիայի եւ Իրաքի հետ: Այս տարածաշրջանների անվտանգության խնդիրն իր վրա է վերցրել Թուրքիան: ԵՄ անդամ չհանդիսացող (ԱՄՆ, Թուրքիա եւ Մեծ Բրիտանիա) երկրները պաշտպանում են Եվրոպան»: Ի դեպ, Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նշյալ խոսքերի համար երախտագիտություն է նրան հայտնել՝ նշելով. «Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի դաշնակից, կշարունակի իրականացնել իր բոլոր պարտավորությունները եւ ծառայել հանուն աշխարհում գլոբալ խաղաղության եւ անվտանգության»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 09.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031