Շուշիի ազատագրման մարտերին մասնակցել է Բեկոր Աշոտի գլխավորած առաջին դաշնակցական վաշտը՝ որի մեջ մտնում էր Վարդանի գլխավորած խումբը: Ապա տեղի ունեցավ հաղթական մուտք դեպի Լիսագոր եւ Բերձոր (այն ժամանակ՝ Լաչին)։
Իրականացվեց Դուշմանի երազանքը՝ տուն վերադառնալ Շուշի-Լաչին ճանապարհով։
Որոշեցի արխիվիցս ներկայացնել լրագրող, ազատամարտիկ, անցյալ տարվա աշնանն իր մահկանացուն կնքած Շուշանիկ Հայրապետյան-Աբրահամյանի՝ Վարդանին նվիրված հրապարակումը, որը նա թելադրել էր ինձ հեռախոսով՝ 1996թ.-ին:
Այս հրապարակումը տպագրվել էր «Լրագիր օր» օրաթերթի թիվ 28, մարտի 13, 1996թ. համարում: Եվ քանի որ թերթը, ուր մինչ «Առավոտը» աշխատում էի ես, չունի մինչ օրս էլեկտրոնային արխիվ, անհրաժեշտ եմ համարում վերհիշենք:
Շուշանի մահվանից հետո՝ նրա դուստրը, մորաքույրը հավաքում են Շուշանի՝ Արցախից ուղարկած հոդվածները: Հուսամ սա նույնպես անակնկալ կլինի:
Կարդացեք նաև
Շուշանը Արցախից իր հոդվածները «Լրագիր», «Առավոտ» քաղաքային հեռախոսով թելադրելիս, միշտ հուզվում էր: Նրա համար Վարդանները առաքյալներ էին, Հայրենիքը՝ Սրբատեղի: Ինչպես Վարդանի դեպքում էր, ինքն էլ երբեք Հայրենիք բառը փոքրատառով չգրեց, չասաց՝ «էս երկիրը, էս ժողովուրդը»:
Շուշանն իր հուշապատումում գրել էր, թե ինչպես իրավաբանականի քննության ժամանակ Վարդանը «Ազատ շարադրություն» էր գրել «Ձորի Միրո» կինոնկարի մասին եւ Հայրենիք բառը կրկին մեծատառ էր:
«ՎԱՐԴԱՆ ԷՐ-ԶՈՐԱՎԱՐ ՊԻՏԻ ԴԱՌՆԱՐ»
-Բարբերդցի Առաքել, որտեղի՞ց ստացար Կայծակ անունը:
-Մինաս Դոլբաշյան, որտեղի՞ց ստացար Գայլ Վահան անունը:
-Սերոբ Վարդյան, որտեղի՞ց ստացար Աղբյուր Սերոբ անունը:
-Արմենակ Ղազարյան, որտեղի՞ց ստացար Հրայր Դժոխք:
Տասնյակ տարիներ անց.
-Վարդան Ստեփանյան, ո՞վ քեզ կնքեց Դուշման անվանմամբ:
-Վարդան Ստեփանյան, որտեղի՞ց ստացար Դուշման անունը:
-Կամավոր ծառայության եմ մեկնել Աֆղանստան: Որպեսզի մորս ցավ չպատճառեմ, նամակներ էին գրում, իբր ծառայում եմ Հունգարիայում՝ Բալատոն լճի ափին: Զորամասի գրադարանից Հունգարիայի մասին գրքեր էի վերցրել, ծանոթանում էի, որպեսզի սուտ բաներ չգրեմ:
Բայց մի անգամ Կենտրոնական հեռուստատեսության «Ծառայում եմ Խորհրդային Միությանը» հաղորդաշարի ժամանակ ցույց էին տվել Աֆղանստանում իրենց «ինտերնացիոնալ» պարտքը կատարող զինվորների: Ինձ էլ էին ցույց տվել: Մայրս աչքերին չէր հավատացել: Եվ «դաշտային փոստ» հասցեով մի երկար նամակ ստացա: Արդեն քիչ էր մնացել ծառայությանը:
Եկա, բայց մայրս հասցրել էր ճերմակել: Ուզում էի լավ կռվել սովորել ու կռվում էի: Երեւի լավ զինվոր էի: Իրեն հարգող զինվորը կհարգի նաեւ հրամանատարին եւ հրամանները: Ես հավատում էի, որ Հայոց բանակի զինվոր եմ դառնալու:
Այսքանը:
Հետո 1992 թվականին հետմահու արժանացավ ԼՂՀ հերոսի կոչման՝ «Մարտական խաչ» Առաջին աստիճանի շքանշանի:
Ապրողների համար Աֆղանստանում ծառայության մեկնած, հետագայում համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ընդունված հայ պատանու ընդունելության գրավոր շարադրությունը կոչ եւ ազդակ կարող է լինել: Այդ գրավորը կարող է վկայել, որ նա ուզում էր զինվոր դառնալ:
«Իմ սիրած կինոնկարը» ազատ թեման գրելիս վերլուծել էր Ձորի Միրոյի կերպարը համանուն կինոնկարից: «Հայ ասելով՝ հասկանում եմ Եղեռն, Պայքար, Տառապանք ու Վերակենդանացում… Կռվել ու զոհվել Հայրենիքի համար մարդու սրբազան պարտքն է…»: Իսկ շարադրությունն ավարտվում էր. «Ախ, երանի այն մարդուն, ով Մասիսը տուն կբերի»:
Եվ Մասիսը երազած պատանու համար որպես մեծ ճանապարհի սկիզբ Արցախը պիտի լիներ:
Արցախ եկավ 1988-ի նոյեմբերի 28-ին: Հրազդանցի Արարատի հետ: Եկավ Դահրազ՝ ինձ մոտ (ծանոթացել էինք մամուլի տան հռչակավոր ցույցի օրը՝ Յու. Առաքելյանի լիգաչովյան սրբագրությամբ չարաբաստիկ հոդվածի դեմ աղաղակելիս): Օդանավակայանում խորհրդային բանակի զինվորները բռնել էին, ձեւացրել էր, թե թատրոնի դերասան է, եկել է թատրոնի հրավերով: Հավատացել էին, բաց թողել:
Տղաներից մեկը՝ Միսաքը, Մեհթիշենում էր: Անասնագոմում պահակ էր: Գիշերով գնացինք նրանց տեսնելու: Այդ տարվա սեպտեմբերի 18-ի դեպքերից հետո արդեն լարվածություն կար: Դեռեւս անասնագողության եւ քարով կռվելու ժամանակներ էին: Միսաքին, որպես պահակ, տնտեսության ղեկավարերը ողորկափող, ժանգոտված մի հրացան էին տվել՝ «12 տրամաչափի»: Մեհթիշենն էլ (այժմ Լուսաձոր) Խոջալուի ուսին նստած գյուղ էր: Հրացանը «Կարմիր անկյուն» պատի տակ էր դրված: Զրուցում էինք: Հրացանն ինքն իրեն կրակեց: Վեր թռանք: Դուշմանը մոտեցավ, վերցրեց հրացանը, զննեց ու ասաց.
-Ցախավելն էլ, որ տարիներով անգործ մնա անկյունում, ինքն իրեն կկրակի:
Խոջալուցիները նորագյուղցիների կովերը գողացել էին:
-Պետք է թշնամու ամեն քայլ պատասխան ստանա,-ասաց Վարդանը:
Այդ գիշեր 9 ձի տարանք Խաջալուից:
-Ղարաբաղյան երիվարներին միայն հայերը պետք է նստեն,-համոզիչ ասաց Վարդանը:
-Ամբողջ օրը թուրքի լակոտները դաշտում են: Կարող եմ մեկին կրակել,-ասաց Միսաքը:
-Եթե այդպես անես, ես քեզ կխփեմ: Զինվորը կնոջ եւ երեխայի վրա զենք չի բարձրացնում: Ես երեխա չեմ կարող սպանել,-պատասխանեց Վարդանը:
Այդպես էլ վարվել էր: Խոջալուի ազատագրման ժամանակ հավաքել էր ադրբեջանցի երեխաներին, լցրել մի տուն, հաց ու ջուր տվել:
Իսկ մինչ Խոջալուն Արցախում կամավորների հետ զորավարժություններ էր անցկացնում:
Երեւան գալիս հրահանգում էր.
-Մորս կասես՝ Մոսկվայում եմ, լավ եմ:
Չգիտեմ, մայրը հավատո՞ւմ էր ասածիս:
Մինչ Խոջալուն տասնյակ հայորդիներ նրանից կրակել սովորեցին՝ ասել է, թե՝ կռվել սովորեցին:
Հետագայում՝ արդեն բացահայտ կռվի ժամանակ, նրանից կռվել սովորած երիտասարդները դարձան հրամանատարներ ու արժանիորեն կոչումներ ստացան:
«Ինձ գնդակ չի կպչի: Եթե զոհվեմ, միայն դավադիր ականից»:
Կարդացե՞լ էր իր ճակատագիրը, թե վստահ էր գնդակից խույս տալու իր մեծ փորձին կամ էլ կոփված լինելուն էր ապավինում, որ 4-5 տարի առաջ հաստատ ասում էր այսպես:
Եվ իր ժողովրդին ու իր պատմությունը այնքան սիրող, Մասիս երազող երիտասարդը 1992թ. հուլիսի 3-ին Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտ ընկավ «դավադիր ականից», զոհվեց որպես Հայոց բանակի զինվոր եւ հրամանատար:
Այսօր Վարդան Ստեփանյանը (Դուշման Վարդան) պիտի դառնար 30 տարեկան: Եվ նրանց բոլոր ծննդյան օրերը տոն պիտի դառնան մեզ համար»:
Պատրաստեց
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
09.03.2021