Լրահոս
Օրվա լրահոսը

«Շահենը մեր ամենաինտելիգենտ բժիշկն էր. ամբողջ կռվի ընթացքում ընդամենը երեք անգամ է հայհոյել». Արմեն Հակոբջանյան

Մարտ 09,2021 23:03

«Շահենը մեր ամենաինտելիգենտ բժիշկն էր. ամբողջ կռվի ընթացքում ընդամենը երեք անգամ է հայհոյել: Մնացածս հայհոյում էինք ամեն երեք րոպեն մեկ»,- այսօր #AuroraDialogues կազմակերպած առցանց քննարկման ժամանակ ասաց Լոս Անջելեսի ոտնաթաթի եւ սրունք-թաթային հոդի վիրաբուժության ինստիտուտի հիմնադիր եւ ղեկավար Արմեն Հակոբջանյանը`հիշելով 44-օրյա պատերազմի, իրենց աշխատանքի մասին:

Քննարկման ընթացքում պատերազմին մասնակցած բժիշկները անդրադառնում էին բժիշկների՝ մտավոր, ֆիզիկական, կազմակերպական եւ հոգեբանական մարտահրավերներին:

Արմեն Հակոբջանյանը համամիտ է վիրաբույժ Գեւորգ Գրիգորյանի հետ. «Հումորը փրկություն էր: Ու ոչ միայն մեզ համար, այլ նաեւ տեղացիների համար. հիվանդանոցի աշխատողները ռազմաճակատում ամուսին, եղբայր, որդի ունեին եւ ամեն րոպե սպասում էին վատ լուրերի: Օրվա մեջ 2-3 հոգի բերում էին, որ աշխատողներից մեկի հարազատը կամ բարեկամն էր. նրանք ուրախանում էին, որ այդ մարդը ողջ է: Ու այդ մարդիկ այդպես 30 տարի էին ապրում, հուսով եմ, հիմա էլ այնտեղ կապրեն»:

Լոսանջելեսաբնակ Արմեն Հակոբջանյանը նաեւ ստեփանակերտյան սրճախմություններն է հիշում. «Ես կյանքում այդքան ռուսական թխվածքաբլիթ չեմ կերել, ինչքան կերա այդ օրերին Ստեփանակերտում. ընտրության մեծ հնարավորություն չկար`մի բաժակ սուրճ եւ ռուսական թխվածքաբլիթներ»:

Ստեփանակերտ մեկնելու իր որոշման մասին պատմում է. «Զգացողությունը, որը բոլորիս մոտ կար`դա պարտք է, մարդու մեջ պետք է լինի, դա հնարավոր չի դնել մարդու մեջ: Պապս 16 տարեկանում մեկնել է ռազմաճակատ`երկրորդ համաշխարհայինի ժամանակ: Միշտ հպարտությամբ պատմել եմ պապուս պատմությունը, երբ կռիվը սկսվեց`հասկացա, որ պետք է ես էլ գնամ»: Կինն ու փոքր որդին են իմացել ռազմաճակատ մեկնելու իր որոշման մասին: Կինը փորձել է հետ պահել, ինքը կյանքի ապահովագրության թղթերն է տվել նրան, ընկերների հումորը ասելով`«Արմեն դու մահացած ավելի թանկ արժես»: Կինը, իհարկե պատռում է այդ թղթերը, բայց ինքը մեկնում է`9 մեծ ճամպրուկ գործիքներով, դեղորայքով: Արդեն Ստեփանակերտի հիվանդանոցում անցկացրած օրերի մասի պատմում է. «Այդտեղ ես տեսա`ինչպես են մարդիկ միանում ու մի բռունցք դառնում: Դա գեղեցիկ բան է»:

Քննարկումը վարող բժիշկ Արմեն Մինասյանն արձանագրում է`պատերազմը «ջրի երես հանեց» նաեւ այն բոլոր համակարգային խնդիրները, որոնք կան առողջապահության ոլորտում: Քննարկման մասնակիցները կիսում են գործընկերոջ կարծիքը`այս ոլորտում Հայաստան-Սփյուռք համագործակցությունը նոր ձեւեր եւ որակներ է պահանջում: Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, երբ պատերազմները ամեն րոպե կարող են կրկնվել, նաեւ երկրաշարժերի մշտական վտանգ կա, ուստի, պետք է պատրաստ մեկնել առաջնագիծ, ոչ թե տեղում փորձել սովորել, թե ի՞նչ է պետք անել: Այս առիթով, Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան Շտապ բժշկության գիտահետազոտական ինստիտուտի կրծքային-որովայնային վիրաբուժության բաժանմունքի առաջատար հետազոտող, վիրաբույժ Շահեն Դանիելյանն ասաց. «Մենք մեր գործին չպետք է իբրեւ հերոսության վերաբերվենք, սա սովորական վերաբերմունք պետք է լինի Հայրենիքի նկատմամբ, սովորական պարտավորություն: Սա էլի կրկնվելու է: Սփյուռքը պետք է միանա Հայաստանին`միասնական որոշում կայացնենք`ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից»:

Շահեն Դանիելյանը 44 օրերի ընթացքում երկու անգամ է մեկնել ռազմաճակատ: «Երկրորդ անգամ, երբ գնացի`բարդ որոշում էր, հոկտեմբերի վերջերին էր, առաջն անգամվա ոգեւորությունը մարել էր: Գորիսից Ստեփանակերտ ճանապարհին խրամատներ կային, ռումբեր էին պայթում`բավականին մոտ: Ես հասկանում էի, որ վատ կլինի, որ ընտանիքն առանց ինձ մնա, բայց ես չէի կարող հանգիստ ապրել Մոսկվայում`իմանալով, որ հնարավոր է մի երիտասարդ այնտեղ իմ կարիքն ունի»,- ասաց նա`պատմելով պատերազմի դրական ձեռքբերումներից: Դա իրեն հանդիպած լավ մարդիկ են, նրանց հետ շփումներից կյանքի համար հարուստ փորձ է կուտակել: «Պատերազմն իր օրենքներն ունի ու բժշկի համար ծանր է այն ժամանակ, երբ կա վիրավոր ու դու նրան օգնել չես կարող, քանի որ ժամանակը չի բավականացնում, թեեւ ամեն ինչ անում էինք, որ բոլորին օգնության հասնեինք, անգամ նրանց, ում ակնհայտ էր, որ մեր օգնությունն անիմաստ է: Ամենածանր որոշումը եղել է այդ խայտառակ օրը, երբ Շուշին ընկավ. թե ինչպե՞ս ընկավ`չգիտեմ, բայց ընկավ եւ մենք տեղափոխվեցինք, շատ տգեղ ձեւով, Չլդրան: Դա ամսի 7-ին էր կարծեմ: Այդ փախուստից, այդ էվակուացիայից հետո խոսք կար, որ բժիշկների ինչ-որ մի մաս հետ գնա Ստեփանակերտ»,- պատմում է Շահեն Դանիելյանը`հավելելով, որ վերջին օրերին հասկացել է, որ «հարցը լուծված է», քանի որ վերջին օրերին վիրավորներին, անգամ թեթեւ, 7-8 հոգով էին հիվանդանոց ուղեկցում: Ինքը վերադարձել է Վարդենիս`չմիանալով Ստեփանակերտ մեկնող ընկերներին, դա իր համար ամենածանր որոշումն էր:

Աշխարհի տարբեր հիվանդանոցների հետ շփված բժիշկն արձանագրում է, որ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի, մասնավորաբար, շտապօգնության բաժանմունքը բավական բարձր կազմակերպված մակարդակ ուներ, բուժանձնակազմն իր աշխատանքը կատարում էր 10+ մակարդակով. «Հիվանդանոցի ողջ անձնակազմը բավական բարձր մակարդակ ունեցող ու շատ նվիրված, Երեւանից, Մոսկվայից եկած բժիշկները: Մի օր էր մնացել պատերազմի ավարտին, Նորայր Զաքարյանն ինձ համոզում էր`արի Շուշիում տուն առնենք, որ մարդիկ հասկանան, հավատան… Գրիգորի Կարապետյանը, Արմեն Պետրոսյանը, Ատոմ Տեր-Գրիգորյանը, Երեւանից Դավիթ Բարսեղյանը, որ 44 օր լուռ ու մունջ աշխատեց…»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031