2019թ. նոյեմբերին, երբ Երևանում թեժ քաղաքական հակասություններ էին բորբոքվում կրթության և մշակույթի ոլորտների շուրջ, «Մշակույթ, կրթություն, պետականություն, քաղաքացիություն» վերնագրով մի հոդված հրապարակեցի: Դա Արցախյան պատերազմի բռնկումից տասը ամիս, իսկ դրա ողբերգական ավարտից՝ ավելի քան մեկ տարի առաջ էր: Հայաստանն այն ժամանակ այլ երկիր էր, և, չնայած սուր բանավեճին, որ ծավալվել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի «սուպեր նախարարության» շուրջ, երկիրը շատ ավելի երջանիկ էր, քան այսօր: Այսօր, երբ ժողովուրդը փորձում է ինչ-որ կերպ հարմարվել աղետալի պարտությանը, մշակույթի և կրթության հարցերի քննարկումն անտեղի ճոխություն է թվում:
Բայց թեման այսօր շատ ավելի այժմեական է, քան այն ժամանակ: Այդ հոդվածի թեզերից մեկն այն էր, որ չնայած մեր՝ ընդհանուր առմամբ շատ հարուստ մշակութային ժառանգությանը, ճակատագիրը հայ ժողովրդին զրկել է պետականության մշակույթից, ինչը նշանակում է, որ մենք հնարավորություն չենք ունեցել զարգացնելու ինքնիշխանության, քաղաքացիության, պետական կառավարման, անվտանգության, գործառնական հայրենասիրության ավանդույթ (ի տարբերություն զգայական հայրենասիրության, որը լիուլի է): Հայերը տարբեր երկրների քաղաքացիներ են եղել, բայց Հայաստանի քաղաքացի՝ շատ կարճ ժամանակահատված: Անցած 646 տարիների ընթացքում միայն 32 տարի է գոյություն ունեցել անկախ և ինքնիշխան հայկական պետություն՝ բաժանված Առաջին և Երրորդ Հանրապետությունների միջև, և ևս 71 տարի ունեցել ենք ոչ ինքնիշխան պետականություն՝ Երկրորդ Հանրապետության շրջանում, երբ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը ԽՍՀՄ կազմում էր: Մնացած ժամանակ նույնիսկ տեղի հայերն ապրել են որպես տարբեր օտար կայսրությունների՝ Ռուսական, Օսմանյան, Պարսկական, հպատակներ:
Խնդիրն ու այս փաստարկի հիմնադրույթն այն է, որ, որպես օտար կայսրության հպատակներ, հայ ժողովրդի մի զգալի հատված ստիպված է եղել հարմարվել ժամանակի իշխանություններին, որպեսզի գոյատևի. մենք սովորել ենք զիջել մեր անկախությունն ու ինքնիշխանությունը՝ հանուն տնտեսական և ֆիզիկական գոյության: Միաժամանակ, մենք կարողացել ենք պահպանել կարևոր մշակութային ժառանգություն: Բայց, որպես ժողովուրդ, մենք հնարավորություն չենք ունեցել կենտրոնանալու մեր սեփական ռազմական անվտանգության կամ պետական ինքնիշխանության վրա: Սա հավասարապես վերաբերում է թե՛ Օսմանյան կայսրության, թե՛ Ռուսական կայսրության հպատակներին և թե՛ Խորհրդային Միության քաղաքացիներին, թեև, որպես Խորհրդային Միության մաս, Հայաստանը ոչ թե պարզապես համայնք էր կայսրության մեջ, այլ առանձին հանրապետություն՝ սահմաններով, տեղի կառավարությամբ և կառավարման մարմիններով, ուժեղ ազգային մշակույթով և զգալի ինքնավարությամբ, երբ խոսքը վերաբերում էր մշակութային ինքնության պահպանությանն ու տեղական կառավարում իրականացնելուն: Այս շրջանում հայ ժողովրդի տնտեսական, գիտական և մշակութային ձեռքբերումները նշանակալի են՝ չնայած ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների՝ հաճախ «ճնշող ձեռքերին»: Բայց ՀԽՍՀ-ն ինքնիշխան պետություն չէր. այն չէր կարող վարել իր ինքնուրույն արտաքին քաղաքականությունը՝ անկախ ԽՍՀՄ արտաքին քաղաքականությունից, ոչ էլ կարող էր ազգային բանակ ունենալ՝ իր սեփական սահմանների պաշտպանության նպատակով:
Հիմնականում առանց ինքնիշխան պետության գոյատևելու արդյունքում է, որ հայերի մոտ զարգացել է նշանակալի «զգայական հայրենասիրություն»: Զգայական հայրենասիրությունը ծաղկում է կորսված կամ հպատակված իդեալականացված Հայրենիք ունենալու դեպքում և ուղղակիորեն կապված է մշակույթի, լեզվի ու հավատի հետ, որոնք սնում են այն: Մյուս կողմից, գործառնական հայրենասիրությունը կապված է գոյություն ունեցող ինքնիշխան պետության հետ: Անկախ հայկական պետության գոյությունն ավելի խնդրահարույց է, քան իդեալական Հայրենիքինը: Պակաս կարևոր չէ, որ այն ենթադրում է հսկայական պատասխանատվություն: Հետևաբար, զգայական և գործառնական հայրենասիրությունների միակցումն այնքան էլ հեշտ չի եղել։
Կարդացեք նաև
Արժանահիշատակ բացառություն են հայկական զինված ուժերում կռվող զինծառայողներն ու կամավորականները, որոնց համար հանուն «Հայրենիքի» պաշտպանության կռիվը սուրբ առաքելություն է՝ անկախ «պետությունից», որը նրանց հասցրել է այդ պատերազմին: 2016 թ. ի վեր զրուցելով մի քանի տասնյակ զինծառայողների և սպաների, ինչպես նաև նահատակված զինվորների և կամավորների ընտանիքների անդամների հետ՝ ես եկել եմ այն հիմնավոր եզրակացության, որ նրանք պարտավորության զգացում ունեն պայքարելու հանուն Հայրենիքի պաշտպանության, բայց ոչ՝ գործող իշխանության: Շատ քիչ են ծնողները, եթե այդպիսիք կան, որ կցանկանային իրենց տղաները զոհվեին հանուն գործող քաղաքական էլիտայի կամ կառավարության կամ նույնիսկ հայկական պետականության վերացական գաղափարի: Բայց ծնողների մեծամասնությունն ու զինծառայողները կզոհաբերեին իրենց կյանքը՝ հանուն նրա, ինչը կոչում են «Հայրենիք»:
Ո՞րն է տարբերությունը: Միջազգային իրավունքը սահմանում է, որ ինքնիշխան պետությունը քաղաքական միավորում է, որն ունի մշտական բնակչություն, սահմաններ, կառավարություն և ինքնիշխանություն, այսինքն՝ այլ ինքնիշխան պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն և իրավասություն: Մյուս կողմից՝ «Հայրենիքի» հայեցակարգը ենթադրում է միայն մշակութային ժառանգություն, ժողովուրդ և տարածք: Միշտ չէ, որ «կառավարություն» և հատկապես «ինքնիշխանություն» հասկացությունները մտնում են «Հայրենիք» հասկացության մեջ, և հանուն դրանց իրենց կյանքը վտանգելու ցանկությունը լուսանցքային է զինծառայողների շրջանում: Ահավասիկ, հենց Հայրենիքի գաղափարն էր, որ Խորհրդային Միության օրոք Հայաստանի ժողովրդին մղեց Արցախի ու Հայաստանի վերամիավորման արշավ սկսելու, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Արցախն ինքնիշխան պետություններ չէին: Խորհրդային Միությունը հաճախ նույնիսկ շատ կոշտ մեթոդների կիրառությամբ չկարողացավ արմատախիլ անել հայերի հայրենասիրությունը: Դա նույնպես Հայրենիքի հանդեպ հայրենասիրությունն էր՝ անկախ այն հանգամանքից՝ այն ինքնիշխան էր, թե՝ ոչ[*]:
Մի բան ակնհայտ է զինվորների պարագայում՝ նրանք հատում են զգայական հայրենասիրության սահմանը՝ անցնելով գործառնական հայրենասիրության, երբ խոսքը վերաբերում է Հայրենիքի ֆիզիկական պաշտպանությանը: Նման անցումները հազվադեպ են լայն հանրության շրջանում: Դրանք լինում են արտաքին սպառնալիքի դեպքում, բայց ինքնին չեն ենթադրվում: Այդ անցումը գրեթե երբեք տեղի չի ունենում կառավարական բյուրոկրատիայի շրջանակներում: Եթե Հայրենիքը չունի որևէ հրատապ սպառնալիք, պետական կառույցների ամրապնդումը որպես այդպիսին չի ոգևորում կամ խրախուսում միջին քաղաքացուն: Անցած 30 տարիներին պետական համակարգն ավելի հաճախ ծառայել է որպես անձնական շահերի գործիք, քան բարձրագույն ազգային նպատակ. ախտանիշ, որն առավելապես ժառանգել ենք խորհրդային ժամանակաշրջանի ավանդույթներից, բայց արմատները գալիս են ինքնիշխան պետության մշակույթի ու ավանդույթի բացակայությունից:
Զգայական և գործառնական հայրենասիրության միջև տարանջատումը հեշտ և միանշանակ չէ: Պարադոքսներից մեկը, որն ինձ մտատանջել է վերջին երեք տասնամյակների ընթացքում, Հայաստանի սկզբունքորեն հայրենասեր ժողովուրդն է, որն, այդուհանդերձ, չի երկմտում առաջին իսկ հնարավորության դեպքում արտագաղթել երկրից, մշտապես վերընտրում է նույն օլիգարխներին, նույնիսկ եթե բողոքում է նրանց կոռումպացված լինելուց ու հովանավորչությունից, չի տատանվում կաշառք վերցնել ու կաշառք տալ և առավելագույնս օգտագործում է համակարգի հնարավոր բոլոր բացերն՝ շատ լավ հասկանալով, որ այդ բացերը թուլացնում են երկիրը, որն ինքը սիրում է: Այս թվացյալ հակասական վարքագիծը կարելի է բացատրել, գոնե մասնակիորեն, այն ոչ էական դերակատարությամբ, որ պետականության գաղափարն ունի զգայական հայրենասիրության գաղափարի շրջանակներում:
Ինքնիշխան պետության ավանդույթների բացակայության հետևանքները շատ խոր արմատներ ունեն: Դա է ներկայիս Հայաստանի թուլության հիմնական պատճառներից մեկը: Ավելի ուժեղ ռազմական ուժին հանձնվելը նորմալ է ընկալվում նրանց կողմից, ովքեր պատկանում են այս մշակույթին: Փոխանակ ինքնիշխանությունը դիտարկեն որպես ազգային անվտանգության հիմնաքար, նրանք այն ընկալում են որպես ազգային անվտանգության խոչընդոտ, քանի որ ինքնիշխանությունը ենթադրում է իրական անկախություն, դրա հետ մեկտեղ մեծ պատասխանատվություն, ինչը նրանց համար խորթ է ու վախեցնող և բացառում է ավելի մեծ ուժի կողմից ուղղակի պաշտպանությունը:
Այս մտածելակերպն իր զազրելի արտահայտությունն ունի նաև մերօրյա Հայաստանում՝ հիմնականում ի դեմս նրանց, ովքեր կողմ են արտահայտվում Ռուսաստանի հետ վերամիավորմանը, և ի դեմս նրանց, ովքեր պնդում են, որ Արցախը «երբեք մերը չի եղել»: Սա նման մտածելակերպի ծայրահեղ դրսևորում է, բայց այն ունի բազմաթիվ շերտեր, որոնց բնորոշ է մեր պետականության հանդեպ հավատի բացակայությունը:
Պետականության մշակույթը երկու առանձին, բայց փոխկապակցված բաղադրիչ ունի. հայեցակարգային կամ գաղափարաբանական բաղադրիչը, երբ պետականության կարևորությունն ինքնին դրսևորվում է ինքնակառավարման և անկախության հայեցակարգի շրջանակներում, և կառավարումը, երբ խոսքը պետական համակարգը կառավարելու և ղեկավարելու մասին է, այսինքն՝ արդյունավետ կառավարություն ձևավորելու մասին: Մեկն առանց մյուսի ոչ միայն անօգուտ է, այլև՝ վտանգավոր: Հայաստանի անկախությունից ի վեր տարբեր շրջաններում մենք ունեցել ենք այդ երկուսից մեկը, բայց հազվադեպ երկուսը միասին:
Ցավով եմ նշում, որ այն, ինչը տեղի է ունենում մերօրյա Հայաստանում, ինքնիշխան պետականության մշակույթի բացակայության ևս մեկ ապացույց է (և հետևանք): Քաղաքական խոսույթի որակը՝ լցված հիմնականում բացասական բովանդակությամբ, բացառությամբ հնչեցվող մի քանի կառուցողական գաղափարների (որոնք անտեսվում են), հաշվետվողականության ահագնացող բացակայությունը՝ անկախությունից ի վեր մարդկային կյանքերի և տարածքային ամենամեծ ազգային կորստից ու երկրի աշխարհաքաղաքական դերի անկումից հետո, պարտված և կատարելապես անգործունակ վարչակազմի մարտնչող ինքնագոհությունը, ընդդիմության՝ անցյալ երեսուն տարիների մեծամտության, անտարբերության ու սխալների համար իր բաժին պատասխանատվությունը չընդունելը (սխալներ, որոնց պատճառով երկիրը մինչև օրս տուժում է), պատերազմի բացթողումների մասին հանրության իրազեկման իրավունքի լիակատար անտեսումը, Ազգային ժողովի՝ ազգային շահն ու սահմանադրությունն ամեն ինչից վեր դասելու անկարողությունը, վարչապետի և Զինված ուժերի ղեկավարության միջև կործանարար հակասությունները, ողջ քաղաքական էլիտայի և մտավոր դասի բացարձակ անտարբերությունը երկրում առկա աղետալի պառակտումների հանդեպ՝ այս ամենը վկայում է, որ Հայաստանի ինքնիշխանության փրկությունը, լավագույն դեպքում, երկրորդական հարց է թե՛ քաղաքական գործիչների, թե՛ հանրության ընկալումներում:
Համազգային հայեցակարգի շրջադարձային փոփոխություն է անհրաժեշտ այս հոգեբանությունը փոխելու համար: Մենք չենք կարող մեզ թույլ տալ սպասել: Փոփոխության համար նաև պետք է վճռական խթան, որը ներկայումս մենք չունենք:
Կարճաժամկետ հեռանկարում, մինչ կմեկնարկի համազգային փոփոխությունների գործընթացը, վաղուց սպասված նոր սերնդի առաջնորդները պետք է սկսեն հասցված վնասի կառավարումից: Դա պետք է լինի անհատների մի խումբ, որը հասկանում է, թե ինչ է պետականությունը և ունի տեսլական, և որը հայ հասարակության համար կարող է դառնալ այնքան անհրաժեշտ քաղաքական երրորդ այլընտրանք: Ակնհայտորեն, այդպիսի խումբը նույնպես սեփական փորձով չգիտի, թե ինչ է պետականության մշակույթը և այս առումով նույնպես տուժելու է փորձի բացակայությունից, ինչպես նախորդ քաղաքական ղեկավարությունը: Ուստի, դա պետք է լինի այն սերունդը, որն իր սեփական, ինչպես նաև այլ ազգերի պատմությունից, որոնք հաղթահարել են նմանօրինակ դժվարություններ, սովորել է մեզ համար ամենակարևոր դասերը: Նրանք պետք է ներքնապես հասկանան ինքնիշխան հայկական պետությունը սնելու կարևորությունը: Նրանք պետք է անվերապահորեն գործնականում հավատարիմ լինեն պետությանը՝ անկախ քաղաքական կամ կուսակցական պատկանելությունից, և լիովին ու անվերապահ նվիրված լինեն ուժեղ հայկական պետության տեսլականին: Խումբը պետք է բաղկացած լինի պրոֆեսիոնալներից, արժանի մարդկանցից, խնդիրների լուծմանը միտված ստեղծարար, լայնախոհ մտածողներից: Դա պետք է լինի այնպիսի անհատների մի խումբ, որոնք կարող են սանձել իրենց էգոն և ընկած չեն անձնական շահի, իշխանության կամ փառքի հետևից: Դա պետք է լինի որքան ազգայնական, այնքան էլ աշխարհական մի խումբ՝ անկաշառելի, առաքելությունը գիտակցող և այդ առաքելությունն իրականացնելու ջանքերում անկասելի:
Արդո՞ք Հայաստանում և սփյուռքում կան նման որակներ ունեցող բավականաչափ մարդիկ: Ես հավատում եմ, որ կան: Իրական մարտահրավերն այն է, որ նրանք համախմբվեն, մշակեն ու ձևակերպեն կուռ օրակարգ, շահեն հանրության վստահությունը, Հայաստանում կառավարման ու ռազմավարական մտածողության բոլորովին նոր որակ սահմանեն: Սա պետք է անել հիմա: Այդպիսի խումբը ոչ միայն կստանձնի կարճաժամկետ վնասի կառավարումը, այլև կգործի որպես ազգային մտածելակերպում երկարաժամկետ փոփոխությունների խթան:
Ինչ վերաբերում է ավելի հիմնարար, երկարաժամկետ լուծմանը, այն պետք է սկսել կրթական համակարգից: Նույնիսկ անկախությունից հետո Հայաստանի կրթական համակարգը ուսանողների մեջ պետականության, պետական անվտանգության և քաղաքացիության գաղափարների սերմանումը չամրագրեց որպես խնդիր, էլ չասենք այն լուծելու մասին: Կրթական համակարգի հիմնովին վերակառուցումը պարզապես անհրաժեշտություն է:
Նախ և առաջ ընդունենք, որ կրթական համակարգը պետք է հիմնված լինի այն պարզ սկզբունքի վրա, որ մարդկային ստեղծարարությունը, ի տարբերություն բնական ռեսուրսների, երբեք չի սպառվում և չի արժեզրկվում: Այն վերականգնվող է, ավելին՝ քան պարզապես վերականգնվող, քանի որ այն ոչ միայն ձգտում է վերականգնվել, այլև կտրուկ բազմապատկվում է: Այն սահմաններ չունի: Այն հասնում է այնտեղ, որտեղ հասնելն անհնար է թվում համընդհանուր իմաստության տեսանկյունից: Այն հատում է իր իսկ ենթադրյալ սահմանները: Բնության մեջ չկա ավելի զորեղ մի ուժ: Եթե կրթական համակարգը ձախողում է այս գաղափարն աշակերտների մեջ ներդնելուց, ուրեմն Հայաստանն է ձախողում:
Մի հիմնարար բարեփոխում, որ պետք է անել ազգային կրթական ծրագրերում՝ տարրական դասարանից մինչև քոլեջ, քաղաքացիական դասընթացների ներմուծումն է՝ քաղաքացիական իրավունքներ և պարտավորություններ, սահմանադրությունն ու դրա կարևորությունը, զինվորական ծառայության բնույթն ու դերակատարումը, իշխանության ճյուղերն ու դրանց տարանջատման տրամաբանությունը, հանրային ծառայության մեջ հաշվետվողականության հայեցակարգը, դատարանների դերը, լավ և վատ կառավարման օրինակներ՝ պետության և ժողովուրդների համար դրանց ունեցած հետևանքներով: Մենք պետք է մեծացնենք քաղաքացիներ, ովքեր գիտակից են, վերջին տարիներին հնչեցվող «հպարտ» քաղաքացու դատարկ գաղափարի հռետորաբանությունից զատ: Ազգային իրազեկվածությունը, հայրենասիրությունը (կարծրատիպերից դուրս), քաղաքացիական պարտավորությունները, քաղաքացիության մշակույթը պետք է սերմանենք մանկությունից և աճեցնենք ու հասունացնենք պատանեկության շրջանում:
Կրթական համակարգը պետք է պատրաստ լինի վերլուծելու այն հստակ խնդիրները, որոնք հատուկ են փոքր պետությանը, որը գտնվում է անընդհատ ռազմական, իսկ հաճախ նաև գոյաբանական սպառնալիքի ներքո: Վերոնշյալի համար, բոլոր ժամանակակից գիտությունների և առարկաների մանրակրկիտ դասընթացներից բացի, անհրաժեշտ է ապահովել Հայոց պատմության պատշաճ դասավանդում, որը պետք է դուրս գա ներկայումս կիրառվող թվերը և իրադարձություններն անգիր անելու մեթոդից և շեշտադրում կատարի պատմական և աշխարհաքաղաքական տեսանկյունից քաղած դասերի վրա, որոնք ազդել են հայկական պետության վրա կամ կանխել դրա ձևավորումը: Հայաստանում ներկայիս դպրոցական ծրագրերն աշակերտներին չեն սովորեցնում պատմության իրական էությունը: Անցյալ երեսուն տարիների ընթացքում ես սովորություն եմ ձեռք բերել խոսել Հայաստանի (Երևանի, Վայոց Ձորի, Աշտարակի, Ապարանի տարբեր գյուղերի) տարբեր տարիքի դպրոցականների հետ՝ սկսելով իմ մեծ ընտանիքից և ընկերների երեխաներից ու թոռներից: Նրանք հիմնականում կարող են նշել ամսաթվեր և իրադարձություններ և մի քանի պատմական դրվագներ Հայոց պատմությունից, բայց նրանց գրեթե ոչինչ չի ուսուցանվել այդ պատմության կարևորության մասին, ոչ էլ ժամանակի պատմական համատեքստի մասին, որում տեղի է ունեցել տվյալ պատմական իրադարձությունը:
Կրթական համակարգի վերակառուցումը պահանջում է դասավանդման մեթոդաբանության և թեստավորման հայեցակարգի հիմնարար փոփոխություններ՝ ի վնաս առկա չափանիշների և անգիր անելու համակարգի: Գործունությունը, ճկունությունն ու ստեղծարարությունը, որը Հայաստանը պետք է ունենա իր տնտեսական և բիզնես մոդելներում, պետք է ներդրվի նաև կրթական համակարգում: Գոյություն ունեցող պրակտիկան, չափանիշներն ու հնապաշտությունը մահաբեր են: Փորձարարության, երևակայության սահմաններն ընդլայնելու, սուր հարցադրումներ կատարելու և պատճառաբանելու, հանկարծաստեղծ հմտությունների (կարևոր է ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական կյանքում), առաքելության գիտակցման, ռիսկի գնալու ճանապարհով ստացված կրթությունն է, որ շատ կարևոր է: Միայն քանակական ցուցիչները, ինչպիսիք են օրինակ դպրոցների, ուսուցիչների և աշակերտների համամասնությունները, չեն կարող վկայել կրթության որակի մասին: Որակն ու դասավանդման մեթոդաբանության արդյունավետությունը կախված են ուսուցիչների վերապատրաստման մակարդակից:
Առաջնորդների նոր սերնդի կարճաժամկետ խթանիչ գործունեության և կրթական համակարգի հիմնարար վերակառուցման համադրությունը պետք է սկիզբ դնի Հայաստանում բարենպաստ փոփոխությունների շղթայի, ինչը ժամանակի ընթացքում կտարածվի քաղաքացիական ծառայության մշակույթի, պրակտիկայի և օրենսդրության վրա՝ այդպիսով վերափոխելով կառավարության թե՛ կառուցվածքը, թե՛ գործունեությունը: Դա կլինի իսկական հեղափոխությունը, որովհետև դա կլինի ազգային մտածելակերպի և մոտեցումի հեղաշրջում: Միայն այդ ժամանակ Հայաստանը հնարավորություն կունենա վերջապես արմատախիլ անել հետխորհրդային օլիգարխիկ համակարգը և այն փոխարինել գործունակ պետությամբ:
Հակառակ դեպքում, հնարավորությունը մեծ է, որ մենք չենք կարողանա պահպանել այն, ինչ կստեղծենք վերջին պատերազմից հետո, եթե նույնիսկ կարողանանք պահպանելու արժանի մի բան ստեղծել:
Հոդվածը թարգմանված է անգլերենից՝ հրատարակված The Armenian Weekly-ի Մարտի 9-ի կայքէջին վրա։
Վահան Զանոյեան
8 մարտի 2021թ.
[*] Ճակատագրի հեգնանքով, բայց Արցախի կարգավիճակի հետ կապված մտահոգությունը եղել է ոչ կանխամտածված նպաստող գործոն, որը թուլացրել է ինքնիշխանության կարևորությունը հայերի համար: Ադրբեջանի իրավական հավակնություններին հակադարձելու համար հայկական դիվանագիտությունը մշտապես դեմ է եղել միջազգային ասպարեզում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հղումներին՝ խորհրդային շրջանի քարտեզների իրավականությունը հարցականի տակ դնելու և Ղարաբաղի կարգավիճակը՝ որպես Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների մի մաս մերժելու փոխարեն: Բայց այս գործոնը դուրս է սույն հոդվածի բովանդակային շրջանակից: