Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավարտվել է Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի այցը Ռուսաստան

Մարտ 09,2021 22:15

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում: Մոսկվայում Զարեհ Սինանյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել Մոսկվայի հայ երիտասարդական շրջանակների ներկայացուցիչների հետ: Մոսկվայի հայ երիտասարդների ասոցիացիայի ակտիվիստները հանդիպմանը ներկայացրել են այս տարի իրականացվելիք ծրագրերը:

Այնուհետև Գլխավոր հանձնակատարը նրանց մանրամասնել է մեր գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը, որից հետո երիտասարդները բազմաթիվ հարցեր են հղել Զարեհ Սինանյանին: Հարցերը վերաբերել են Հայաստանի քաղաքական իրադրությանը, հայրենադարձության և զբաղվածության հնարավորություններին, սփյուռքում հայոց լեզվի պահպանմանը, ինչպես նաև այն ծրագրերին, որոնք կարող են օգտակար դառնալ Արցախին:

Այնուհետ Գլխավոր հանձնակատարը այցելել է Լազարևների անվանի թիվ 2042 դպրոցում, որտեղ հայերենը որպես օտար լեզու է դասավանդվում: Զարեհ Սինանյանի հետ զրույցում շեշտվել է, որ հայերենը Ռուսաստանում մայրենի լեզուների ցանկում չէ, ինչը խոչընդոտում է երկրի տարածքում հայերենով գրքերի հրատարակմանը: Զարեհ Սինանյանն իր այցի ընթացքում այս խնդիրը ևս մեկ անգամ բարձրաձայնել է պատկան մարմինների հետ հանդիպումների ընթացքում: Այդ իրավիճակից ելքը այսօր այն գրքերն են, որոնք անվճար Հայաստանից Ռուսաստան են տեղափոխվում, և տարբեր ազգությունների 700-ից ավելի երեխաների հնարավորություն տալիս հայերենը սովորել որպես երկրորդ օտար լեզու: Դպրոցը նաև աչքի է ընկնում երեխաների զարգացման համար կրթական և մշակութային բազմազան ուղղություններով:

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի հետ հանդիպման ընթացքում նախևառաջ քննարկվել են Արցախի վերականգնմանն առնչվող հարցեր: Կողմերը միաձայն էին, որ հետպատերազմական Հայաստանի և Արցախի զարգացման գործում մեծ է լինելու սփյուռքի դերը: Քննարկվել են նաև Ռուսաստանում հայերենի

դասավանդմանը և տեղի հայ համայնքին առնչվող մի շարք հարցեր: Գլխավոր հանձնակատարը անդրադարձել է գրասենյակի գործունեությանը, և մասնավորապես ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագիրը մեծ հետաքրքրություն է ստացել: Փոխարտգործնախարարը ներկայացրել է Ռուսաստանում նմանատիպ ծրագրերը և ռուսական բուհերում հայերին տրամադրվող կրթաթոշակները:

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը այնուհետ հանդիպել է «Բարեփոխում և բիզնես» ասոցիացիայի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են պետություն-բիզնես-սփյուռք շղթային առնչվող հարցեր: Գործարար համայնքի ներկայացուցիչները ներկայացրել են Ռուսաստանում իրենց գործունեությունը, ասոցիացիայի նպատակներն ու առաքելությունը: Զրույցի հիմնական թեման էր Հայաստանի համագործակցությունը սփյուռքի, մասնավորապես՝ գործարար կազմակերպությունների հետ, առկա խնդիրներն ու բացերը: Զարեհ Սինանյանը կարևորել է ասոցիացիայի գործունեությունը, ինչպես նաև հետագա սերտ համագործակցության հույս է հայտնել:

Սարատովի շրջանի «Կռունկ» հայ համայնքն անցկացրել է հայ ակտիվիստների համառուսաստանյան համագումարը, որին Գլխավոր հանձնակատարը ևս մասնակցել է: Համագումարի գլխավոր թեման էր սփյուռքի միավորող բիզնես կառուցվածքի՝ Հայ ազգային համակարգի ներկայացումը։ Կազմակերպիչները Ռուսաստանի 29 քաղաքներից ժամանած հայկական տարբեր ասոցիացիաների ներկայացուցիչներին պատմել է այս համակարգի աշխատանքային կառուցվածքի մասին։ Գաղափարի հեղինակների կարծիքով՝ համակարգի հիմնական նպատակն է ստեղծել կենտրոնացված ֆինանսական ուժ Հայաստանին և Արցախին օգնելու և աջակցելու համար։ Նման նախագիծը մասնակիցների կողմից շատ հարցեր է առաջացրել, բայց ընդհանուր առմամբ, դրանք հստակեցնում էին համակարգի մեխանիզմի բնույթը։

Համաժողովի ավարտին Գլխավոր հանձնակատարը Սարատովի հայ համայնքի ղեկավարության հետ միասին շրջել է Սուրբ Աստվածածին նորակառույց հայկական եկեղեցու տարածքում։

Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում ցուցաբերած հսկայածավալ մասնագիտական աջակցության համար Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը երախտագիտություն է հայտնել նաև բժիշկների «Վիվա» բարեգործական հիմնադրամի անձնակազմին:

Հիմնադրամի հետ հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում: Զարեհ Սինանյանը ներկայացրել է գրասենյակի գործունեությունը, և ներկաներին հատկապես հետաքրքրել է համահայկական առողջապահական ցանցը ու այդ համատեքստում գրասենյակի աշխատանքը: Ցանցը սկսեց ավելի ակտիվ գործել, երբ անցած տարի  գրասենյակի համակարգմամբ ամբողջ աշխարհից հայ բժիշկները համախմբվեցին Կովիդ-19-ի դեմ պայքարում: Կազմակերպվեցին ավելի քան 40 վեբինարներ աշխարհի լավագույն հայ մասնագետների մասնակցությամբ, Հայաստան ժամանեցին բժշկական խմբեր, որոնց մի մասը՝ պատերազմի ընթացքում: Նշենք, որ փետրվար ամսից «Վիվա» հիմնադրամի հետ համատեղ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղացի մասնագետների համար կազմակերպում է հոգեկան առողջության վերաբերյալ վեբինարներ:

Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Հայ իրավաբանների ասոցիացիայի անդամների հետ: Ասոցիացիայի նպատակն է աջակցություն ցուցաբերել ֆիզիկական և իրավաբանական անձանց անկախ քաղաքացիությունից, ինչպես նաև համախմբել հայ իրավաբաններին սոցիալական և մասնագիտական հարթության մեջ: Ասոցիացիայի մասնաճյուղերը գործում են Ռուսաստանի 65 սուբյեկտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել է ասոցիացիայի և Հայաստանի պետական համակարգի միջև հնարավոր համագործակցությունը:

Մոսկվա այցի վերջին օրվա ընթացքում Զարեհ Սինանյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունում բաց ձևաչափով հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:  Գլխավոր հանձնակատարի հետ հանդիպման մասնակցել են Մոսկվայի, Տվերի, Պսկովի, Օրենբուրգի, Դոլգոպրուդնիի, Պերմի և Պենզայի հայկական սփյուռքի ներկայացուցիչները։ Հնչել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերմանն առնչվող հարցեր։ Զարեհ Սինանյանը նշել է, որ այս ոլորտում նախատեսվում են բարեփոխումներ, օրինակ՝ քաղաքացիություն ստանալու ժամկետը գործող 3-6 ամսի փոխարեն կրճատել մինչև 3 ամիս։

Սփյուռքին և հայրենադարձության գործընթացին վերաբերող հնարավոր օրենսդրական և այլ իրավական փոփոխությունների հարցերի վերաբերյալ Գլխավոր հանձնակատարը ևս մեկ անգամ շեշտել է, որ գրասենյակը կարևորում է Հայաստանի Ազգային ժողովում սփյուռքի վերին պալատի ստեղծումը, ինչպես նաև ընթանում են աշխատանքներ «Հայրենադարձության մասին» օրենքի նախագծի շուրջ։

Առաջին անգամ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ուրալի հայ համայնքներ, մասնավորապես՝ Տյումեն: Տեղի հայ համայնքի նախագահ Աբրահամ Հովեյանը Գլխավոր հանձնակատարին ներկայացրել է քաղաքում հայկական ամենահայտնի կենտրոնները: Տյումենում գործում են հայկական երկու մշակութային կենտրոններ, որոնցում 500 երեխաներ սովորում են հայերեն և հայոց պատություն, ստեղծագործում և վարում ակտիվ մշակութային կյանք:

200 պատանիներից կազմված «Նաիրի» պարային համույթը հայտնի է ամբողջ քաղաքում: Հայ համայնքն աչքի է ընկնում իր լայնածավալ գործունեությամբ, տեղի իշխանությունների հետ արդյունավետ աշխատանքով, հայ մշակույթի պահպանմամբ և զարգացմամբ: Զարեհ Սինանյանն այցելել է նաև Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ռուսաստան աշխատանքային այցի ավարտին Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Եկատերինբուրգ քաղաք: Այցը սկսվել է համայնքային «Անի-Արմենիա» կազմակերպության հավաքով, որին մասնակցել են երիտասարդական շրջանակների ակտիվիստներ, հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներ և այլք: Գլխավոր հանձնակատարը ներկայացրել է 2021 թվականին գրասենյակի գործունեությունը և պատասխանել ներկաների հարցերին, որոնք վերաբերել են հայրենադարձությանը և Հայաստան-ռուսաստանյան սփյուռք նոր որակի համագործակցությանը:

Նշվել է, որ Եկատերինբուրգի հայ համայնքը առանձնանում է իր ակտիվ գործունեությամբ և ազգային ինքնության պահպանմամբ: Քաղաքում գործում է հայկական մշակույթի կենտրոն, որը ներառում է հայերենի դասարան, պարային և երգի անսամբլներ: Համայնքի մասն է կազմում նաև Սվերդլովսկի մարզի հայ երիտասարդների միությունը, որը կազմակերպել է 400-ից ավելի միջոցառումներ: Մարզի համալսարաններից մի քանիսում բացվել են նաև հայագիտության կենտրոններ, որոնք թույլ են տալիս ուսումնասիրել հայ մշակույթը ակադեմիական մակարդակում:

Հավաքից հետո Զարեհ Սինանյանը համայնքի ղեկավար Մասիս Նազարյանի հետ այցելել է Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցի, ինչպես նաև ազգությամբ հայ քանդակագործ Ալեքսանդր Սամվելի արվեստանոց:

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031