«Դիմում եմ ոստիկանությանը։ Հիշեք, որ ձեր հիմնական եւ կարեւոր աշխատանքը կարգուկանոն պաշտպանելն է եւ ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը։ Ուրիշ ոչ մի բան չի լինելու։ Ոչ մեկի մտքով չպետք է անցնի սադրիչի ուղարկել այստեղ եւ ժողովրդին եսիմ ուր տանել։ Արդեն մի երկու նման հոգու տեսել եմ»,-Դեմիրճյան փողոցում քիչ առաջ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայրենիքի փրկության շարժման» անդամ Արման Աբովյանը։
«Նման մարդկանց հանձնեցինք ոստիկանությանը։ Եթե հանկարծ հայտնվեն սադրիչներ, միանգամից ձեռքից բռնեք ու տվեք ոստիկանին, ժողովուրդ ջան։ Ինքներդ ոչ մի ուժ չկիրառեք եւ ոչինչ չանեք»,-հավելեց Արման Աբովյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հերթական հանրահավաքի ժամանակ շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց. «Մենք շրջափակում ենք ԱԺ-ն, և ԱԺ-ն կաշխատի այն ժամանակ, երբ կգա մեր ժողովրդի համար հարիր որոշում ընդունելու»: ԱԺ երկու մուտքերը փակ են։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ