«Հայրենիքի փրկության շարժման» ցուցարարները 19:35-ի դրությամբ վրան տեղադրեցին ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ։ Ցուցարարները կուտակված են այս հատվածում, իրավիճակը շարունակում է լարված մնալ։ «ԱԺ-ի քաղաքական մեծամասնությանը հայտարարում ենք, որ իրենք հակապետական են, հակաազգային եւ չեն ծառայում ժողովրդի շահերին։ Այս խորհրդարանի շենք քաղաքական մեծամասնությունն այսուհետեւ պետք է մտնի մեր թելադրած օրակարգով։ Այս մեծամասնությունն այլեւս անելիք չունի»,-հայտարարեց շարժման անդամ, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով` այս խորհրդարան այլեւս պատգամավոր չի մտնելու։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հերթական հանրահավաքի ժամանակ շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարեց. «Մենք շրջափակում ենք ԱԺ-ն, և ԱԺ-ն կաշխատի այն ժամանակ, երբ կգա մեր ժողովրդի համար հարիր որոշում ընդունելու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ