Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք շրջափակում ենք ԱԺ-ն, և ԱԺ-ն կաշխատի այն ժամանակ, երբ կգա մեր ժողովրդի համար հարիր որոշում ընդունելու». Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Մարտ 09,2021 19:17

Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ընթացքում շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ելույթի սկզբում հիշեց՝ մի քանի օր առաջ հարթակից մի երիտասարդ էր խոսում ու հարց տվեց՝ ո՞նց եղավ, որ նախորդ սերունդը, որ մեզ պարգևել էր անկախություն, ժողովրդավարության և ազատության սաղմերը դրել, անկախության օրոք ծնված սերունդն այդ ամենը կորցրեց: Ո՞րն է պատճառը: Այնուհետև ինքն էլ պատասխանեց իր տված հարցին. «Այս հարցի պատասխանը բանալի է մեր ապագայի: Կա հեշտ պատասխան, որովհետև մեր երկրում կար կոռուպցիա, և կեղծվում էին ընտրությունները: Բայց Ադրբեջանում ավելի շատ կար կոռուպցիա և ավելի շատ էին խախտվում ընտրությունները: Ե′վ կոռուպցիան, և′ ընտրությունների խախտումը շատ էր թուլացնում մեր պետությունը, բայց բանալին ավելի խորը, գաղափարական է: Կոչ եմ անում՝ մտածենք դրա մասին: Ես պատասխանը գիտեմ՝ մի օր ձեզ կասեմ: Եվ այդ պատասխանից է կախված մեր երկրի ապագան»:

Բնութագրելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Վազգեն Մանուկյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը մի զարմանալի հատկանիշ ունի. ինքն ուզում է ցանկացած հարց այնպես վերջանա, որ առավելագույն վնասը բերի մեր պետությանը: Պատերազմի չորրորդ օրն ասում էին կանգնեցրու այն, բայց ինքը տարավ մինչև այն աստիճան, որ մենք ամենածանր վիճակում վերջացնենք պատերազմը: Նույնը այժմ: Ինքը չի կարող կառավարել: Մարդը չի կարող զրահաբաճկոնով, հազարավոր ոստիկաններով շրջապատված կառավարել երկիր, որտեղ ինստիտուտների մեծ մասն իրեն չեն ենթարկվում: Ինքը, միևնույն է, գնալու է, բայց գնալու է՝  ամենամեծ վնաս բերելով մեր պետությանը: Բնավորություն է»:

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ Նիկոլ Փաշինյանը մտածում է՝ բռնապետություն կսարքի, բայց նրա համոզմամբ՝ բռնապետության հիմքում ընկած է բանակը, իսկ բանակի որոշումը հստակ է. խոսքը ամբողջ բանակի մասին է: Հրամանատարները որոշել են, որ մինչև վերջ անսասան կանգնելու են այդտեղ. «Այս ամենն այլ կերպ կլիներ, եթե մենք նախագահ  ունենայինք: Բայց մենք նախագահ չունենք, ունենք մի հարուստ տուրիստ, որը հինգ աստղանի դղյակում ապրում է, որին սպասարկում են հարյուրից ավել աշխատակիցներ: Մեր բյուջեի հաշվին պտտվում է աշխարհով մեկ՝ ոչ մի օգուտ չբերելով Հայաստանին: Նույնիսկ, եթե այս րոպեին Արմեն Սարգսյանը ստորագրի էլ Օնիկ Գասպարյանի որոշումը, իմ խոսքերն ուժի մեջ են: Դրա համար մոռացեք իր մասին: Բայց մենք ունենք այս ԱԺ-ն, որը մեր օրենքներով գերագույն իշխանությունն է: Այս երկուսուկես տարվա մեջ ի՞նչ որոշում է ընդունել հօգուտ մեր ժողովրդի և պետության՝ ոչ մի»:

Հիշեցնենք՝ Վազգեն Մանուկյանն այս ելույթի ընթացքում կոչ արեց հանրահավաքի մասնակիցներին փակել ՀՀ ԱԺ-ի բոլոր մուտքերը: Այժմ հատկապես Դեմիրճյան փողոցում լարված իրավիճակ է:

Միևնույն ժամանակ Վազգեն Մանուկյանը հարցրեց՝ կկարողանա՞ն պահել ԱԺ-ի շենքը շրջափակման մեջ: Ի պատասխան իր հարցի Վազգեն Մանուկյանը հայտարարեց. «Մեզ պետք է՝ ամեն գիշեր այստեղ երկու-երեք հարյուր մարդ լինի, պաշտպանեն վրանները: Դա է մեր պատասխանը: Մենք շրջափակելու ենք ԱԺ-ն, և ԱԺ-ն կաշխատի այն ժամանակ, երբ  կգա մեր ժողովրդի համար հարիր որոշում ընդունելու»:

Տեղեկացնենք՝ քիչ առաջ ցուցարարներին հաջողվեց վրան տեղադրել Դեմիրճյան փողոցում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ազգանուշ says:

    ԱԺ-ն ճիշտ կանի անցնի օնլայն աշխատանքի, իսկ կառավարությունը և Երևանի իշխանությունները, որպես ճգնաժամային կառավարում, որոշեն պետական կառույցներին, դպրոցներին և այլ ուս. հաստատություններին ևս վերադառնալ օնլայնի, որը կթեթևացնի Երևան քաղաքի երթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031