«Ալիք Մեդիա». Վրաստանի Բոլնիսի շրջանի Նախիդուրի գյուղում «Ղարաբաղի պատերազմում զոհված շահիդ Բիլալ Գանբարովի անվան աղբյուր» է բացվել: Այս մասին գրում է report.ge լրատվամիջոցը:
Զինվորականի հայրենի գյուղում նրա անվան աղբյուր բացել են գյուղի բնակիչները՝ սեփական ծախսերով, իսկ բացման արարողությանը մասնակցել են նրա բարեկամները, գյուղի բնակիչներն ու Վրաստանում Ադրբեջանի դեսպանության ներկայացուցիչները:
Տարածված տեղեկության համաձայն, հետագայում ծրագրվում է այս վայրում այգի հիմնել:
Հիշեցնենք, որ, երբ Ջավախքի գյուղերից մեկում տեղադրվել էր արցախյան առաջին պատերազմի մասնակցի կիսանդրին, տեղի ունեցածը դիվանագիտական մակարդակով բարձրաձայնվեց Ադրբեջանի կողմից: Մասնավորապես, 2019-ի հունվարի 20-ին Վրաստանի Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում տեղի ունեցավ արցախյան պատերազմի ազատամարտիկ Միքայել Ավագյանի կիսանդրու վերաբացման արարողությունը, և ՀՀ դեսպանի ներկայությունը ադրբեջանական մեդիայի կիզակետում էր հայտնվել, Թբիլիսիում ադրբեջանցի ակտիվիստները բողոքի ցույցեր էին կազմակերպում:
Կարդացեք նաև
Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրանից պահանջել էին շտապ միջոցներ ձեռնարկել` վերացնելու տվյալ փաստը, որը չի համապատասխանում երկկողմ ռազմավարական հարաբերությունների ոգուն:
Թեմայի շուրջ հետագայում վրացական սոցցանցերում ու մեդիայում սկսեցին տեղեկություն տարածել, իբրև Միքայել Ավագյանն, ում կիսանդրին տեղադրվել էր Բուղաշենում, պատերազմել է նաև Բաղրամյանի գումարտակի անվան ներքո: Ու չնայած, տրամաբանորեն ազատամարտիկը չէր կարող Բաղրամյանի գումարտակում կռվել, սա էլ մեծ հակահայկական ալիք բարձրացրեց երկրում: