Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ընթացքում շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հորդորեց հանրահավաքի մասնակիցներին փակել ՀՀ ԱԺ-ի բոլոր մուտքերը՝ տեղադրելով վրաններ: Այս պահին լարված իրավիճակ է Բաղրամյան պողոտայում, հատկապես Դեմիրճյան փողոցում: Ոստիկանության հսկայական ուժեր են կենտրոնացած:
Ոստիկանները թույլ չեն տալիս հանրահավաքի մասնակիցներին վրաններ տեղադրել: Ցուցարարները գոչում են՝ «Նիկո′լ, դավաճան», «Առանց թուրքի Հայաստան», «Ոստիկանը մերն է»:
Կարդացեք նաև
ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Ոստիկանությունը դիմում է սադրանքների, ամբողջ պատասխանատվությունը ձեզ վրա է: Արհեստական բախումների, ցնցումների մի տարեք, մենք ոստիկանության հետ հարց չունենք: Մենք այս փողոցի վրա շարունակելու ենք մեր անհնազանդության գործողությունները»:
Նշենք, որ Վազգեն Մանուկյանն իր ելույթի ժամանակ հարթակից հայտարարեց՝ ՀՀ ԱԺ-ն երկուսուկես տարվա ընթացքում ոչ մի ազգօգուտ գործ չի արել, ուստի նրանց աշխատանքն իմաստ չունի: Նա, դիմելով հանրահավաքի մասնակիցներին, ասաց. «Ուրեմն պիտի չկարողանան այստեղ մտնել, այս մուտքը փակված է, գնացեք, փակեք մյուս մուտքերը: Տղե′րք, առաջ, կփակենք այդ մուտքը, որ ոչ մի պատգամավոր չկարողանա մտնել այս շենքը: Փակեք, հետո կշարունակենք մեր խոսքերը»:
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց՝ իրենք վճռական են. փողոցում մնալու են այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռանա:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ