Մի շարք քաղաքացիներ այսօր մոտ կես ժամով փակել են Երևան – Նոյեմբերյան ավտոճանապարհը և հանդիպում պահանջել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ։
Քաղաքացիները պարզաբանում էին պահանջում մարզպետից՝ Տավուշի մարզի սահմանների հետ կապված խոսակցությունների վերաբերյալ։
Չնայած նրան, որ Հայկ Չոբանյանը հայտարարություն էր տարածել, որ Տավուշի մարզից ոչ մի կտոր հող չի հանձնվելու Ադրբեջանին, բնակիչները ցանկանում էին անձամբ հանդիպել մարզպետին և ավելի մանրամասն պարզաբանում ստանալ։
Մարզպետի հետ ցուցարարները այդպես էլ չհանդիպեցին և ոստիկանության պահանջով բացվեց ճանապարհը։
Կարդացեք նաև
«Yerkir.am»-ին տված հարցազրույցում ակցիայի մասնակիցները պնդեցին, որ նման ցույցերը շարունակվելու են, իսկ այսօր ճանապարհը համաձայնել են բացել, քանի որ ուղևորներից ոմանք առողջական խնդիրներ ունեին։
Չնայած, որ լրատվամիջոցը պնդում էր, որ ճանապարհը փակողները Իջևանի բնակիչներ են, Իջևանի համայնքապետ Հայկ Ղալումյանը մեր զրույցում վստահեցրեց, որ Իջևանում իրավիճակը հանգիստ է և ցույցն իրականացվում է Իջևանի տարածքից 20 կիլոմետր հեռավորության վրա։
Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ ընդդիմությունը պնդում է, որ Տավուշի սահմանամերձ Ազատամուտ համայնքում կատարվում են չափագրումներ, և որոշ հատվածներ հանձնվելու են Ադրբեջանին, ինչին ի պատասխան Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը վստահեցրել էր, որ նման տեղեկությունները կեղծ են և միտում ունեն տավուշցիների և հանրության շրջանում անհանգստություն առաջացնել։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ