Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կյանք փրկող էիր, ժամանակին պատերազմը կանգնեցնեիր, կյանք փրկող էիր, Արցախը տասը մատի պես իմացող գեներալներին չմեկուսացնեիր». Արա Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

Մարտ 09,2021 18:30

«Սրանք անցել են բոլոր գրված և չգրված օրենքների սահմանները,  սրանք հատել են բոլոր կարմիր գծերը»,-Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ընթացքում հայտարարեց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար, ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» նախկին տնօրեն Արա Սաղաթելյանը:

Նա, դիմելով ներկայիս իշխանություններին, ասաց. «Հինգ հազար զոհվածների, գերության մեջ գտնվողների, անհայտ կորածների բոլոր մեր ջանքերի ու կորուստների հաշվետվությունը տալու փոխարեն համարում են, որ ճնշումներով, մարդկանց բանտերում փակելով կարող են պահպանել իրենց իշխանությունը: Չի ստացվելու»:

Արա Սաղաթելյանը հայտարարեց՝ ռեժիմի բոլոր սպասարկուները պատասխան են տալու օրենքի, սերունդների և Աստծո առաջ: Նա վրդովվեց. «Հազարներով տարան, կոտորեցին, հետո ոմն մեկն ասում է՝ Սյունիքի և Արցախի դիրքերը հանձնելով՝ մարդկային կյանք ենք փրկել, որտե՞ղ ես փրկել այդ կյանքերը, էնտեղ այդքան մարդ էր մնացե՞լ, որ կյանքն էլ փրկում էիք: Կյանք փրկող էիր, ժամանակին պատերազմ կանգնեցնեիր, կյանք փրկող էիր, Արցախը տասը մատի պես իմացող գեներալներին չմեկուսացնեիր մարտի դաշտից, կյանք փրկող էիր, տեղեկատվական պատերազմի մասնագետներին թույլ տայիր, որ աշխատեին, և այդ դեպքում հաստատ մեր կորուստներն ավելի նվազ կլինեին»:

Արա Սաղաթելյանը տեղեկացրեց՝  պատերազմի սկզբից ընդհատումներով եղել է առաջնագծում ու տեսել, թե ինչ է այնտեղ կատարվում՝ խառնաշփոթ: Նրա բնութագրմամբ՝ իշխանությունն անգամ պատերազմը վերածեց շոուի. «Մեզ վրա թափվում էին կասետային ռումբեր, իսկ իրենք քարոզում էին՝ հաղթում ենք: Հետո՞: Ասում է՝ կներեք: Ի՞նչդ ներենք, ինքդ հասկանո՞ւմ ես՝ ինչ ես արել, հաշիվ քեզ տալի՞ ս ես՝ ինչ ես արել, քանի օջախի լույս ես մարել, հաշիվ ես տալի՞ս քեզ, որ մի ամբողջ ժողովրդի զրկել ես հայրենիքից ու պատվից, հաշիվ տալի՞ս ես քեզ, որ տասնյակ հազարավոր մարդկանց թողել ես անտեր ու անտուն, հազարավոր երեխաների սարքել ես որբ: Քեզ ներող չկա ու չի լինելու այն պարզ պատճառով, որ յուրաքանչյուրը, ով կկիսի այս պատասխանատվությունը, կդառնա հանցակից ամբողջ կատարվածին: Իսկ որևէ բանական մարդ նման մեղքի տակ չի մտնի»:

Դիմելով իր՝ պետական համակարգում նախկին գործընկերներին՝ Արա Սաղաթելյանն ասաց. «Տղերք, ձեզ ի՞նչ է պատահել: Լուրջ ճանապարհ ենք անցել, ծառայել ազգային շահին:  Դուք ո՞ւմ եք ծառայում, մենք՝ այստեղ կանգնածներս և ժողովրդի մեծ հատված, գիտենք՝ ում դեմ ենք պայքարում և ինչի համար: Դուք ո՞ւմ եք ծառայում»:

Արա Սաղաթելյանը բոլոր իր նախկին գործընկերներին և ոստիկանության ներկայացուցիչներին հորդորեց սթափվել ու կանգնել ժողովրդի կողքին: Նա քննչական մարմինների և ԱԱԾ-ի ներկայացուցիչներին հորդորեց ծառայել պետությանը, ոչ թե ինչ-որ մեկին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031