«Ասել եմ ու կրկնում եմ՝ այլևս քաղաքական օրակարգը թելադրվում է Բաղրամյան պողոտայից, և այստեղից են որոշվելու ՀՀ ապագա զարգացման հետ կապված բոլոր հարցերը»,- Բաղրամյան պողոտայում Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա ասաց՝ հույս ունի, որ պայքարի հարցով պլան B-ի ոչ անցում, ոչ այդ ճանապարհի իրագործման կարիք կլինի:
Լրագրողների հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է քաղաքական ուժերի հետ նախապայմաններով խոսել, ինչն անում է, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Իհարկե, չունի»:
Մյուս հարցին՝ ինչպե՞ս կընդունի այն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպի և համաձայնագիր ստորագրի Նիկոլ Փաշինյանի հետ, նա պատասխանեց. «Դա պարոն Ծառուկյանի որոշումն է: Նա ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժի ղեկավարն է: Իր որոշումն է՝ կգնա, կհանդիպի, թե ոչ»:
Կարդացեք նաև
Լրագրողների փաստմանը՝ մամուլում շատ է գրվում այն մասին, որ եթե լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա «Հայրենիք» կուսակցության և ՀՅԴ-ի՝ վարչապետի թեկնածուն լինելու է Ռոբերտ Քոչարյանը, նա արձագանքեց. «Եկեք ձուկը ջրում դեռևս այդ թեմաների շուրջ չխոսենք: Ունենք առաջնային խնդիր՝ Նիկոլ Փաշինյանի հեռացում, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հենց հասնենք այդ հատվածին, այդ մասին կխոսենք: Իմ վերջին մեկ տարվա գործունեությունը ցույց տվեց, որ քաղաքականության մեջ որևէ բան բացառել չի կարելի, բայց այս պահին որևէ բան պնդել ևս հնարավոր չէ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ