Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հյուրանոց ու սուպերմարկետ, բայց ոչ մի արտադրամաս․ ովքե՞ր են Գյումրիում ներդրում կատարողները

Մարտ 09,2021 17:58

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ թեև կորոնավիրուսն ու պատերազմական իրավիճակն ազդել են քաղաքում կատարվող ներդրումների վրա, սակայն վերջերս նորից աշխուժություն է նկատվում։

«Բավականաչափ մարդիկ ցանկություն են հայտնել ներդրումներ կատարել Գյումրի քաղաքում։ Մենք բոլորի հետ համագործակցում ենք՝ և՛ մասնավորի, և՛ պետության հետ, տարբեր կազմակերպությունների հետ, ցանկացած ծրագիր, որն իրատեսական է, աջակցում ենք, որ իրականացվի»,- ասաց Հենրիկ Գասպարյանը։

Քաղաքի գլխավոր ճարտարապետը նշեց, որ այս պահին Գյումրիում ներդրումներ է կատարում «Դոմուս» խանութ-սրահների ցանցը, որը մի խանութ բացելուց բացի՝ քաղաքի պատմական հատվածում՝ Ճերմակ հիվանդանոցի մոտակայքում, հիպերմարկետ է կառուցելու։

Նա նաև նշեց, որ քաղաքի կենտրոնում հյուրատներ ու հյուրանոցներ կառուցելու նոր հայտեր են ներկայացրել, մասնավորապես Սերգեյ Համբարձումյանի ու Հովհաննես Շիրազի անվան փողոցների հարևանությամբ։

Թե ովքե՞ր են հյուրատներ կառուցելու հայտեր ներկայացնողները, Հենրիկ Գասպարյանն ասում է՝ ինչպես մայրաքաղաքում բնակվող գործարարներն, այնպես էլ տեղի՝ գյումրեցի ներդրողները։

Մեր հարցին, թե որևէ գործարան կառուցելու հայտ չե՞ք ստացել, Հենրիկ Գասպարյանն ասաց․ «Գործարանային փողոցի երկու շենքերը՝ նախկին ռադիոգործարանի շենքերը «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության՝ Վարդան Սրմաքեշի կողմից նախատեսվում է կառուցել որպես արհեստագործական կենտրոն։

Ցավոք, ներկա դրությամբ մեծ արտադրություններ բացելու հայտեր չունենք, կան փոքր արտադրություն կազմակերպելու, աշխատատեղեր ստեղծելու ցանկություն, բայց այդպիսի խոշոր գործարաններ դեռ չունենք։ Այդ ուղղությամբ աշխատում ենք, դա կարևոր է մեր քաղաքի համար։

Ավելի շատ սպասարկման օբյեկտներ կառուցելու պահանջ կա, մենք զբոսաշրջության ուղղությունն ենք վերցրել, մեր փաստաթղթերը ճկուն էինք մշակել, զարգացման հիմքում չէինք դրել արդյունաբերություն կամ գյուղատնտեսություն։ Երկրի տնտեսական իրավիճակն ու տեխնիկան, տեխնոլոգիան շուտ-շուտ փոխվում է, և զբոսաշրջությունն այն կարևոր ուղղություններից էր, որ հաջողության հասել էինք, վստահ եմ՝ նորից կվերականգնենք»։

Ճարտարապետը Հենրիկ Գասպարյանն, անդրադառնալով «Շիրակ» հյուրանոցի շենքը մասնավոր ներդրողի տրամադրելուն, ասաց, որ կառույցի մի մասը կծառայի որպես սուպերմարկետ, մի մասն էլ՝ հյուրանոց։ Ըստ ճարտարապետի, դա Գյումրու՝ 2020 թվականի խոշոր ներդրումներից է։

«Ես զրուցել եմ ներդրողի հետ, 100-150 աշխատատեղ անպայման կստեղծվի»,-տեղեկացրեց ճարտարապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031