Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լրտեսները ԱԱԾ-ի՞ գծով են, թե՞ ԱԳՆ-ի. ԱԱԾ-ն չի մեկնաբանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ–Հաթինգի լրտես լինել-չլինելու լուրը

Մարտ 09,2021 17:33

Հայաստանյան լրատվամիջոցներով տեղեկություն է շրջանառվում, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը՝ Մարիան Քլարկ–Հաթինգը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի, ինչի հետեւանքով էլ ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել նրա գործունեությունը մեր երկրում՝ որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի: Լուրը սակայն, որեւէ կերպ չեն մեկնաբանում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից: Aravot.am-ի հարցին ի պատասխան, ԱԱԾ-ի մամուլի բաժնից ասացին՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արդեն պարզաբանել է եւ ավելացնելու ոչինչ չունեն:

Մեր այն դիտարկմանը՝ Աննա Նաղդալյանի պարզաբանման մեջ որեւէ խոսք չկա լրտեսության մասին եւ խոսքը լրտեսության մասին է, եւ, սովորաբար, լրտեսներով ԱԱԾ-ն է զբաղվում, ազգային անվտանգության ծառայությունից կրկին հորդորեցին բավարարվել ԱԳՆ խոսնակի պարզաբանմամբ:

Հիշեցնենք, որ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը նշել էր. «Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները եւ ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ»։

Թե ինչ խնդիրներ կան, որոնց պատճառով ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նույնպես տեղյակ չէր: Այսօր նա լրագրողների հետ զրույցում ասաց՝ չգիտեմ:

«Եթե լրտեսությամբ է զբաղվել, դա լրիվ այլ թեմա է, եթե անգործություն է ցուցաբերել կամ էլ ոչ պատշաճ աշխատանք՝ այլ թեմա է»:

Տիկին Մարիան Քլարկ-Հաթինգի կենսագրականից, որը զետեղված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կայքում, տեղեկանում ենք, որ նա մեր երկրում ներկայացուցչի ղեկավարությունը ստանձնել է 2020 թ. հուլիսին: Մինչ այդ՝ 2016–2020 թթ․, որպես ՅՈՒՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչ պաշտոնավարել է Մալազիայում։ Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ–ում աշխատանքային գործունեությունը սկսել է Մադագասկարից, որտեղ աշխատել է 5 տարի:

Ապա աշխատել է Բուլղարիայում՝ «Սեյվ դը Չիլդրեն» կազմակերպության ղեկավար: 2000 թ. նորից աշխատանքի է անցել ՅՈՒՆԻՍԵՖ–ում՝ այս անգամ պաշտոն ստանձնելով Նյու Յորքում։ Նույն առաքելությամբ աշխատել է նաեւ Գվինեայում, Բենինում, Սոմալիում, Իտալիայում, Չինաստանում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031