Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ն պետք է պահանջի ռազմագերիների վերադարձը և աջակցի Արցախի ինքնորոշման իրավունքին»

Մարտ 09,2021 17:01

2021թ.-ի մարտի 8-ին մեկնարկեց Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) Առցանց ազգային քարոզչական կոնֆերանսն ու Քարոզչական շաբաթը, որի առաջին պանելային քննարկման թեման էր «Պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները»: Այդ քննարկմանը մասնակցում էին Ներկայացուցիչների պալատի Հետախուզության հարցերով մշտական հատուկ հանձնաժողովի նախագահ, Կոնգրեսական Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը և Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության հաստատման և իրավունքների պաշտպանության ծրագրի տնօրենը Դեյվիդ Ֆիլիփսը:

Այս պանելային քննարկման խումբը, որի մոդերատորն էր Համագումարի համանախագահ Վան Գրիգորյանը, կենտրոնացավ Արցախի հայ ժողովրդի դեմ մարդու իրավունքների ոտնահարումների փաստագրման, ինչպես նաև այն քայլերի վրա, որոնք ձեռնարկվել են մարդասիրական օգնություն ու տարածաշրջանում շարունակվող հակամարտությանը երկարատև հանգուցալուծում տրամադրելու համար:

Կոնգրեսական Շիֆը նշեց, որ մարդու իրավունքները ոտնահարող հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն, և որ ԱՄՆ-ն պետք է պահանջի վերադարձնել հայ ռազմագերիներին ու զոհվածների մարմինները: Նա նաև հայտարարեց, որ Հայկական հարցերով հանձնախմբի իր գործընկերների հետ աշխատանքներ է տանում այս հարցի վերաբերյալ բանաձև ներկայացնելու ուղղությամբ: Բացի այդ, Կոնգրեսական Շիֆը ընդգծեց ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինկենին և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին ուղղված Ներկայացուցիչների պալատի 101 անդամների կողմից ստորագրած երկկուսակցական նամակը, որը հորդորում է Բայդենի վարչակազմին առաջնահերթություն տալ հայ ժողովրդի աջակցությանը, միևնույն ժամանակ կրկին ակտիվորեն ընդգրկվել Արցախի հակամարտության միջնորդությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Անդրադառնալով ԵԱՀԿ-ի խաղաղ կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի դերակատարությանը` Կոնգրեսական Շիֆը հայտարարեց, որ «Ողբերգական իրողություն է, որ Մինսկի խմբի գործընթացում ավելի ներգրավված լինելու մեր ձախողումը Ադրբեջանին թույլ տվեց հավատալ, որ կարող է անպատժելիորեն նման հարձակում ձեռնարկել: Այս ողբերգական արդյունքից հնարավոր էր խուսափել»:

«ԱՄՆ-ը պետք է վերականգնի մարդու իրավունքների չեմպիոն լինելու իր ժառանգությունը և հսկայական մարդասիրական աջակցություն ցուցաբերի տարածաշրջանին, պահանջի ռազմագերիների վերադարձը և աջակցի Արցախի ինքնորոշման իրավունքին», – եզրափակեց նա:

Որպես Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի Խաղաղության հաստատման և իրավունքների պաշտպանության ծրագրի տնօրեն՝ Դեյվիդ Ֆիլիփսը պատրաստեց ինստիտուտի Արցախի վայրագությունները փաստագրող էջ:

«Կարևոր է փաստագրել և արձանագրել հայերի դեմ կատարված հանցագործությունները, որոնք տեղի ունեցան բացեիբաց, և ԱՄՆ քաղաքականություն մշակողների համար կազմել փաստաթղթերի շտեմարան՝ հանցագործներին, այդ թվում` Ադրբեջանին, Թուրքիային և ջիհադիստ վարձկաններին պատասխանատվության ենթարկելու համար», – ասաց Ֆիլիփսը, ով թվարկեց հայ զինվորների և քաղաքացիական անձանց դեմ իրականացրած պատերազմական հանցագործությունները, ներառյալ արգելված զինատեսակների, կասետային ռումբերի և սպիտակ ֆոսֆորի զինամթերքի օգտագործումը:

Իր խոսքերում Ֆիլիփսը մանրամասն ներկայացրեց Թուրքիայի նշանակալի դերը պատերազմում, որն Ադրբեջանը սանձազերծեց Արցախի հայերի դեմ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ից, նշելով, որ երկու երկրներն աշխատեցին «սերտորեն»:

Էրդողանի բռնապետության ներքո Թուրքիան դարձել է «հակաժողովրդավարական և հանդիսանում է հակառակորդ այն բարոյական սկզբունքներին, որոնք արևմտյան երկրներ բարձր են գնահատում»:

Ֆիլիփսը առաջարկեց, որ պատժամիջոցները լինեն «առաջնային գործիք», որն ԱՄՆ-ն պետք է օգտագործի Թուրքիայի դեմ:

Ֆիլիփսը նաև կենտրոնացավ Հայոց ցեղասպանության վրա, որը նախագահ Ջո Բայդենը իր հանրային ծառայության ողջ կարիերայի ընթացքում ճանաչել է և խոստացել է պաշտոնապես ճանաչել՝ որպես նախագահ: Ֆիլիփսը առաջարկեց, որ ԱՄՆ պաշտոնատար անձինք այժմ թույլտվություն ստանան 1915թ.-ի իրադարձություններին անդրադառնալ որպես ցեղասպանության:

«Թուրքիայի ժխտողական արշավը բարոյապես նողկալի է», – ասաց Ֆիլիփսը: «Ճշմարտությունը ասելու ժամանակն է և այն սկսվում է նրանից, որ ԱՄՆ պաշտոնյաները օգտագործեն Հայոց ցեղասպանություն եզրույթը՝ կատարվածը բնութագրելու համար»:

Ամփոփելով, Ֆիլիփսը հայտարարեց, որ ԱՄՆ-ն պետք է ավելի շատ օգնություն տրամադրի Հայաստանին` շտկելու համար Ադրբեջանին տրամադրված անվտանգության աջակցության անհավասարակշռությունը, որը տեղի ունեցավ Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի կասեցման արդյունքում: Նա նաև ասաց, որ պետք է կատարվի ամբողջական հաշվառում այն բոլոր հայերի, ում Ադրբեջանը ձերբակալել է Արցախյան պատերազմի ընթացքում, հատկապես 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո և ազատել բոլոր ռազմագերիներին, ում մշտադիտարկում են միջազգային մարդասիրական դիտորդական կազմակերպություններն, որոնցից է Human Rights Watch-ը:

«ԱՄՆ-ի վստահելիության վարկանիշի վերականգնումը միջազգային ասպարեզում սկսվում է Թուրքիային՝ որպես մարդկության դեմ հանցագործություններ իրականացնող հանցագործ ճանաչելով», – ասաց Ֆիլիփսը:

Իր խոսքում Արտակ Բեգլարյանը շեշտեց անպատժելիությունը և Ադրբեջանի՝ պատիժ կրելուց ազատվելը` Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների համար:

«Ադրբեջանը մեկուսացման լուրջ քաղաքականություն է վարել Արցախի դեմ, որը սրվել է 2008թ.-ից», – ասաց Բեգլարյանը: «Տարեցտարի խորանում է մեկուսացումը և հայատյացության քաղաքականությունը»:

Նա շեշտեց Թուրքիայի դերը պատերազմում, որը «բավականին տեսանելի էր», ինչպես նաև վարձկանների ներգրավումը, որոնց գումար էին խոստանում յուրաքանչյուր սպանված հայ զինվորի դիմաց:

«Մենք ունենք բազմաթիվ խոստովանություններ և վկայություններ, որոնք ապացուցում են Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը դեպի Արցախ վարձկաններ հավաքագրելու ու տեղափոխելու հարցում», – ասաց Բեգլարյանը և հայտարարեց, որ տարածաշրջանում դեռ գտնվում են վարձկաններ:

Թուրքիան հստակորեն խախտել է ՆԱՏՕ-ի սկզբունքները և ԱՄՆ-Թուրքիա դաշինքի սկզբունքները, ըստ Բեգլարյանի, ով ցուցակագրեց և հետաքննեց հայերի դեմ իրականացված բոլոր ռազմական հանցագործությունները, այդ թվում՝ կասետային զինամթերք և ինքնաոչնչացող անօդաչու թռչող սարքեր, որոնք թիրախավորում էին խաղաղ բնակիչների, ովքեր բնակվում էին ռազմական տեղանքներից հեռու:

«Դրանք հետախուզական անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ դիտավորյալ թիրախավորման փորձեր էին», – ասաց Բեգլարյանը, նշելով, որ հանրային զեկույցները հասանելի են Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջոցով:

Գրանցվեք այստեղ՝ երեքշաբթի օրը (մարտի 9-ին), Արևելյան ստանդարտ ժամանակով (EST) ժամը 11:00-ից մինչև 17:00 հետևյալ երեք պանելային քննարկումներին միանալու համար. «Գլխավոր բանախոսներ», «Հետպատերազմյան Արցախ», «Կոնգրեսի առաջնահերթություններ և ԱՄՆ քաղաքականություն»:

2021թ.-ի գարնանային Ազգային քարոզչական կոնֆերանսի և Քարոզչական շաբաթվա պանելային քննարկումներին ու Կոնգրեսի անդամների (Ներկայացուցիչների պալատ և Սենատ) և նրանց համապատասխան աշխատակազմերի հետ Առցանց ժողովներին մասնակցելու համար գրանցվելն անվճար է:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031