Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայատյաց քաղաքականությունը գեներացվում է Ադրբեջանի իշխանական մարմինների կողմից». ՀՀ ՄԻՊ օգնական

Մարտ 09,2021 15:46

«Ադրբեջանում հայատյացության քաղաքականության եւ էթնիկ հայերի նկատմամբ թշնամանքի խորքային ապացույցները Արցախի եւ Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանները ներկայացրել են իրենց համատեղ զեկույցում»,- մարտի 9-ին Մեդիա կենտրոնի «Քսենոֆոբիան՝ Ադրբեջանում. գեներացվող ատելություն» թեմայով առցանց քննարկման ժամանակ նշեց ՀՀ ՄԻՊ օգնական Տաթեւիկ Մանուկյանը: Զեկույցում փաստվում է, որ ադրբեջանական կողմի ատելությունն ու անհանդուրժողականությունը Արցախի հայ բնակչության համար գոյապահպանական լուրջ վտանգներ է ստեղծում։

«Սեպտեմբերի 27-ից սկսած իրականացվել է մշտադիտարկում, որի արդյունքում պարզվել է, որ Արցախի, այդ թվում` խաղաղ բնակչության նկատմամբ նախաձեռնած հարձակումներն իրականացվել են էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով: Ընդ որում, այս մեծածավալ ատելության խոսքն ուղեկցվել է նաեւ բռնության, նաեւ սպանության կոչերով:

Այս բոլոր հրապարակումները տարածվել են թուրքական եւ ադրբեջանական աղբյուրներից: Զեկույցում ներկայացված ապացույցներն ուղարկվել են մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին ու կազմակերպություններին: Զեկույցը գրվել է անգլերեն: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է այդ կազմակերպությունների հետ»,-ասաց ՀՀ ՄԻՊ օգնականը:

Թրանսփարենսի ինթերնեշնլե հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշեց, թե ինչից է ծագել զեկույցի գաղափարը: «Երբ պատերազմը սկսվեց, մի խումբ ՀԿ-ներ, որոնք Հայաստանում զբաղվում են մարդու իրավունքներով, սկսեցին դիմումներ, բողոքներ գրել տարբեր, այդ թվում` ՄԱԿ-ի, ԵԽ-ի կառույցներին: Բողոքներ են ներկայացվել տարբեր հարցերով` կրթություն, վարձկաններ, առողջապահություն, գերիներ եւ այլն:

Հասկացանք, որ այդ բոլոր զեկույցների, բողոքների մեջ կարմիր թելի նման անցնում էր քսենոֆոբիան, որը հիմնական խնդիրն էր հանդիսանում պատերազմի գաղափարի, մարդասպանության, այն մեթոդների, որ կիրառվում էին պատերազմի ընթացքում եւ դրանից առաջ: Այդ ամենը մեզ հուշեց, որ պետք է ամփոփենք ատելության դրսեւորումների տարբեր դրվագները զեկույցում»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը անդրադառնալով զեկույցից ակնկալվող արձագանքին` ասաց. «Զեկույցում իրապես ոչ միայն նկարագրված են 44-օրյա պատերազմի ընթացքում ատելության խոսքի դրսեւորումները, սպանությունները, խոշտանգումները, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, այլեւ այն, որ դրանք ներկայացվել որպես ատելության դրսեւորմամբ օրինակներ` ըստ էթնիկ պատկանելության»:

Տաթեւիկ Մանուկյանի խոսքով, զեկույցը նախեւառաջ ապացուցում է, որ այս պատերազմի ընթացքում ադրբեջանական դաժանությունները ուղղված հայկական կողմի զինվորականների եւ քաղաքացիական անձանց, բացահայտ թշնամանքի, քարոզի ու կազմակերպված հայատյաց քաղաքականության արդյունք են:

«Զեկույցն ապացուցում է, որ Ադրբեջանում հայատյաց քաղաքականությունը փակ շղթայի մեջ է, գեներացվում է Ադրբեջանի իշխանական մարմինների կողմից, այդ թվում` բարձրագույն մարմինների կողմից, ապա գրեթե նույն ձեւակերպումներով, արտահայտություններով օգտագործվում է մշակութային ու սպորտային ներկայացուցիչների կողմից` արժանանալով գովասանքի: Այս ամենն իրականացվում է հաճախ թիրախավորելով նաեւ երեխաներին»:

Մանրամասն՝ տեսանյութում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031