ԱԺ-ում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստում «Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը մի քանի հարց ուղղեց հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանին։
Արտակ Մանուկյանը հետաքրքրվեց՝ արդյոք հանձնաժողովի ուսումնասիրության մեջ այդ հարցերին անդրադարձ լինելո՞ւ է եւ ինչպե՞ս է լինելու։ Օրինակ՝ կարո՞ղ են կառավարությանն ասել, թե կորոնավիրուսի դեմ որ պատվաստանյութն է ճիշտ, որպեսզի կառավարությունը ձեռք բերի։ Կամ՝ անդրադարձ արվելո՞ւ է այն հայտարարություններին, որոնք վերաբերում էին համավարակի թեժ շրջանում տրանսպորտի աշխատանքի վերականգնմանը, ընտանիքիներին հարյուր հազար դրամից մինչեւ չորս հազար դոլար փոխհատուցելուն, կա՞ր տնտեսությունում այդ գումարը, եւ ի՞նչ կլիներ, եթե տրամադրվեր այդ գումարը։
«Այս հարցերին պատասխան տրվելո՞ւ է, թե՞ ոչ, որովհետեւ, այո, մենք այստեղ խոսում ենք խոսքի պատասխանատվության մասին, եւ եթե մի պոստուլատ է հնչեցվում՝ մեդիատեռորից սկսած, վերջացրած այլ բանով, պետք է այս մասին քննարկումներ լինեն։ Երբ ասում եք՝ արդյունավետ չի եղել, բայց որպեսզի նման բան ասենք, պետք է ունենանք արդյունավետ վարքագիծ։ Ամբողջ աշխարհում չկա պատասխան, թե որն է արդյունավետ։ Ո՞րն է արդյունավետության չափորոշիչը, որից շեղվում ենք»։
Արկադի Խաչատրյանն ի պատասխան Արտակ Մանուկյանի հարցերի, ասաց՝ հանձնաժողովն ի սկզբանե ուղղված է միջոցառումների արդյունավետության գնահատմանը, ինչը ենթադրում է բազմաթիվ միջոցառումների, որոշումների ուսումնասիրություն, մարդու իրավունքների սահմանափակումներ եղե՞լ են, թե՞ ոչ, այսինքն՝ առանձին-առանձին արդյունավետության ուսումնասիրությանը, ինչպիսի ելքային արդյունքներ են տվել այդ սահմանափակումները, ովքեր եւ ինչ չափով են օգտել աջակցությունից, դա բավարա՞ր է եղել, թե՞ ոչ։
Կարդացեք նաև
Արկադի Խաչատրյանը բացատրեց՝ ուսումնասիրությամբ փորձում են պարզել՝ ասենք՝ եթե պարետի կամ կառավարության որեւէ որոշում ավելի շուտ կայացվեր, արդյոք այդ պարագայում տնտեսական ավելի նվազ գին կվճարվեր կամ մահերն ավելի քիչ կլինեին։ Նա համաձայնեց՝ այո, աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարում ունիվերսալ լուծում չկա, բայց ամեն երկիր իր առանձնահատկությունն ունի։
Հանձնաժողովի նախագահի այս պարզաբանումը Արտակ Մանուկյանին չգոհացրեց․«Ես կոնկրետ հարց եմ տվել, դուք ընդհանրացված բան եք ասում, ինչը թղթի վրա ճիշտ է։ Ասում եք՝ պետք է ուսումնասիրենք, որպեսզի ապագայում որոշումներն ավելի արդյունավետ լինեն: Նախ, դրա համար գիտելիք է պետք, հետեւաբար այդ գիտելիքի առկայությունը նաեւ պետք է հանգեցնի, որ խորհուրդ տանք կառավարությանը, թե ինչ քանակի պատվաստանյութ վերցնի, որը վերցնի։ Կոնկրետ հարց եմ տալիս՝ այս հարցերը ձեր ուսումնասիրության շրջանակներո՞ւմ են, ի՞նչ չափանիշներով եք առաջնորդվելու։ Անկեղծ ասեմ՝ հետո գալու եք այն ելակետին, որ աշխարհում դեռեւս մեծ վեճեր են ընթանում «կողմնակի էֆեկտների» մասին։ Եթե չկա գիտելիք, ինչ որոշում էլ լինի՝ պատահական ճիշտ կլինի կամ հակառակը»։
Արկադի Խաչատրյանն ի պատասխան ասաց՝ դահլիճում որեւէ մեկը չունի համապատասխան գիտելիք, սակայն դրա համար դիմելու են փորձագետներին։
Նշենք, որ հանձնաժողովի անդամներից միայն ԲՀԿ եւ ԼՀԿ պատգամավորներն են հարցեր ուղղել համապատասխան գերատեսչություններին, իսկ «Իմ քայլը», ինչպես նախապես հայտարարել էին, որեւէ հարց չի նախատեսել ուղղելու կառավարությանը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ