Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մայրիկի մարտի 8-ին եւ հոր ծննդյան օրը` հետմահու Արիության մեդալը բերեցին». հերոսի քույր

Մարտ 09,2021 14:27

Հովիկ Վերանյանն ընդամենը 19 տարեկան էր: Նա չհասցրեց բոլորել քսանամյակը` հոկտեմբերի 21-ին անմահանալով Արցախյան երկրորդ պատերազմում իր տարեկից այլ հայորդիների նման: Հովիկի քույրը` Նաիրա Գրիգորյանը պատմում է, որ նա սովորում էր Սեւանի պետական քոլեջում`ծրագրավորում մասնագիտությամբ, երազում էր կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատությունում:

«Ծրագրավորման հետ շատ կապված էր, սիրում էր տեխնիկա, սիրում էր «մտնել» ամեն ինչի մեջ, ամբողջ գյուղի` Գագարինավանի մարդկանց տեխնիկան ինքն էր վերանորոգում: Ինքը շատ համեստ, զուսպ ու բարեխիղճ մարդ էր: Անգամ պատերազմի օրերին ոչինչ չի ասել հարազատներին, չի տրտնջացել: Մենք իր ընկերներից ենք իմացել, որ առաջնագծում է: Եղբորն ասել էր` ծիտ ենք խփում, նկատի ունենալով հակառակորդին»,- պատմում է հերոսի քույրը:

Հավելում է. «Հովոս սիրում էր կյանքն իր բոլոր գույներով, ուղղակի սիրահարված էր կյանքին, ամեն պահն ուզում էր վայելել` ընկերության, հարազատության, բոլորիս հետ: Շատ էր սիրում անակնկալներ անել… Նա չէր սիրում խոսել իր սխրագործությունների մասին, բայց խոստացել էր, որ հենց գա, պատմի…Ի դեպ, քոլեջում առաջարկել էին 6 ամսով հետաձգել ծառայությունը, բայց հրաժարվել էր»:

Նաիրան նշում է, որ վերջին անգամ հոկտեմբերի 21-ի առավոտյան Հովիկը խոսել է հոր հետ ու ասել է, որ իրենց տեղափոխում են, դեպքը հենց այդ օրն է տեղի ունեցել, որից հետո տղայից լուր չեն ունեցել. «Շատ վարկածներ կան մահվան հետ կապված…Մարմինը գտնվել է 80 օր հետո: Հովս հունվարի 10-ին` մեկ տարի անց հուղարկավորվեց հենց իր զինվորական երդման օրը»:

Նաիրան արտասովոր է համարում Հովիկի մահվան դեպքը. «Կարծես Աստված էլ չէր հարմարվում նրա մահվան հետ: Գիտեք, որ մահացած մարդկանց տների մուտքի դիմաց լույս է վառվում: Այդ լույսն անընդհատ հանգում էր, հետո սեւ ժապավենը` «Հովիկ 19-ը» գրությամբ, անընդհատ ընկնում էր, գյուղում 5 զոհ կար, բայց միայն իր շիրիմի ծաղիկները երկրորդ օրը քամին քշել-տարավ, ու ոչ մի ծաղիկ չմնաց: Մենք մեզ հույս էինք տալիս, որ գուցե չի մահացել…Իսկ եթե զոհվել է, ուրեմն Աստված չի հարմարվում: Մայրիկի մարտի 8-ին, որ նաեւ իր հայրիկի ծննդյան օրն էր, հետմահու Հովիս Արիության համար մեդալը բերեցին, դա ամենածանրն էր»:

Հերոսի քույրը ֆեյսբուքի իր էջում նաեւ հուզիչ գրառում է կատարել. «Բոլորը գիտեն, որ Հովս ամեն տարի, սովորության համաձայն` անակնկալներով լի էր դարձնում օրը` իր բոլոր գույներով, սակայն արդեն 5 ամիս խամրած գույները, կանգ առած սրտերը, սառած ու դատարկ օրերը այդ օրը կարծես ելել էին ափերից ու չէին կառավարվում…

Գիտե՞ք` ինչ էր տեղի ունեցել…Նրա անակնկալը կրկին չէր ուշացել, ստացվել էր ճիշտ այնպես, ինչպես ամեն տարի` Մարտի 8֊ին, նվիրված մայրիկին եւ հայրիկին` ծննդյան օրվա առիթով։ Ու առավոտյան ճիշտ այն ժամին, երբ սրտատրոփ իր անակնկալին էր սպասում մայրը, այս տարի կարծես ուրիշ կերպ եղավ…Դուռը թակեցին` Հովիս ուղարկած նվերն էին բերել։ Հովս ծաղիկներից բացի, Արիության մեդալ էր ուղարկել, Հերոսի մեդալ, որով ուզում էր ասել, թե մայրն ու հայրն իմանան, որ Հերոս ունեն, որ այս տարվա հերոսական նվերն արդեն ուղարկել է, սակայն ինքը չի կարող գալ այլեւս…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է հերոսի քույրը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031