Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ երկրներից բերվող ապրանքների մոտ 96 տոկոսը գալիս է ՌԴ-ից. Հայաստանի ներմուծման կառուցվածքը 2020 թվականին. ԻՔՄ

Մարտ 09,2021 14:20

2020 թվականին կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ողջ աշխարհը հայտնվեց ճգնաժամի մեջ, ինչը իր բացասական ազդեցությունն ունեցավ տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա։

Տնտեսության առավել տուժած ոլորտներից մեկն էլ առևտրաշրջանառությունն էր։

Հայաստանը, լինելով համաշխարհային տնտեսության մասնիկ, զերծ չմնաց դրա ազդեցությունից և նախորդ տարին ավարտեց արտաքին առևտրաշրջանառության 13․2 տոկոսանոց անկումով։ Եթե 2019-ին արտաքին առևտրի ծավալները կազմել էին 8 մլրդ 186 մլն դոլար, ապա նախորդ տարի արդեն այն կազմեց մոտ 1․1 մլրդ դոլարով պակաս՝ 7 մլրդ 104 մլն դոլար։

Ներմուծումն ըստ ամիսների

Նախորդ տարվա հունվար ամսին, երբ կորոնավիրուսի ալիքը դեռ չէր տարածվել աշխարհով մեկ, Հայաստանի ներմուծման ծավալները գերազանցեցին 2019 թվականի միևնույն ժամանակահատվածի ցուցանիշը 2․3 տոկոսով։ Մյուս բոլոր ամիսներին ներմուծումը 2019-ի նույն ամսվա համեմատ նվազում է արձանագրել։

 

Ինչպես նշեցինք, նախորդ տարի, բացառությամբ հունվար ամսի, մյուս բոլոր ամիսներին ապրանքների ներմուծման ծավալները ավելի պակաս էին, քան 2019 թվականի նույն ժամանակահատվածներում։ Եվ դա առավել ակնառու էր ապրիլ ամսին (ներմուծման 33․1 տոկոս անկում) և տարվա վերջին եռամսյակում (միջինը 25․8 տոկոսանոց անկում)։ Ապրիլ ամսին ներմուծման ⅓-ով նվազումը պայմանավորված էր COVID-19-ի պատճառով առաջացած առավել խիստ սահմանափակումներով, իսկ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ներմուծման ծավալների անկման հիմնական պատճառը Արցախում սկսված պատերազմն էր։

Ներմուծման ապրանքային կառուցվածքը

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2020 թվականին, Հայաստան մտնող ապրանքների մեջ ահռելի մասնաբաժին ունեն սարքերն ու սարքավորումները՝ 874 մլն դոլար (աճը 1%) և հանքահումքային արտադրանքը, առավելապես՝ նավթ ու գազ` 745 մլն դոլար (-8.5%): Հայաստան մտնող մյուս խոշոր ապրանքային խմբերից են քիմիական արդյունաբերության արտադրանքը՝ 415 մլն դոլար (-11․9%), պատրաստի սնունդը` 394 մլն դոլար (-9․9%), ոչ թանկարժեք մետաղները, քարերը և դրանցից պատրաստված իրերը՝ 358 մլն դոլար (+3․5%), բուսական ծագման արտադրանքը՝ 255 մլն դոլար (+8․7%) և մանածագործական իրերը` 244 մլն դոլար (-19․9%):

Ինչպես նկատեցիք, գրեթե բոլոր ապրանքային խմբերի ներմուծման ծավալները 2019-ի համեմատ անկում են ապրել, բացառություն են կազմում, թերևս, բուսական ծագման ապրանքները՝ 8.7% աճ, տարբեր արդյունաբերական ապրանքները՝ 5․7% աճ, ոչ թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը՝ 3․5% աճ, և սարքավորումները՝ 1% աճ։

Ինչ վերաբերում է ներմուծման ծավալների անկում արձանագրած ապրանքախմբերին, ապա նախորդ տարի 2019-ի համեմատ մոտ 75 տոկոսով նվազել է վերգետնյա տրանսպորտային միջոցների ներմուծումը, որը կապված է ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափերի կիրառման հետ։ Էականորեն կրճատվել է նաև թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի ներմուծումը։ Այս ապրանքային խմբից Հայաստանը ներմուծում է հիմնականում ադամանդ, և հենց ադամանդի ներմուծման զգալի կրճատման (34%) հետևանքով այս ապրանքախմբի ներմուծումը կրճատվել է ավելի քան 2 անգամ։ Մոտ 20 տոկոսով էլ կրճատվել է մանածագործական իրերի ներմուծումը։

Ներմուծման աշխարհագրությունը

Ի տարբերություն արտահանման, ներմուծվող ապրանքների գծով Հայաստանի առևտրային գործընկերների ցանկը շատ ավելի մեծ ու բազմազան է, սակայն հիմնական ուղղությունը շարունակում է մնալ ԵԱՏՄ-ն։ Ի տարբերություն այլ ուղղությունների, նախորդ տարի ԵԱՏՄ-ից ներմուծված ապրանքների ծավալը չնչին՝ 0․1 տոկոսով ավելացել է։

Առավել հասկանալի լինելու համար ասենք, որ եթե 2019-ին ԵԱՏՄ-ից գնված 1707 մլն դոլարի ապրանքները կազմում էին ներմուծման 30․8 տոկոսը, ապա նախորդ տարի այս երկրներից ներմուծվել են 1708 մլն դոլարի ապրանքներ, ինչը ներմուծման 37․5 տոկոսն է։

Բնականաբար, այս ապրանքների մեծ մասը (1640 մլն դոլար) գալիս է Ռուսաստանի Դաշնությունից, ինչը ԵԱՏՄ երկրներից բերվող ապրանքների մոտ 96 տոկոսն է։

Հայաստանն այս երկրներից ներմուծում է առաջին հերթին նավթ և գազ, սննդամթերք, խնամքի միջոցներ, անմշակ ալյումին ու ոսկի, մեքենաներ և դրանց մասեր, դեղորայք և այլն։

Հայաստան ներմուծվող ապրանքների մոտ ⅕-ը (20․3 տոկոս) գալիս է Եվրամիության անդամ երկրներից։ Նախորդ տարի այս երկրներից ներմուծվել է 926 մլն դոլարի ապրանք, ինչը 2019-ի համեմատ պակաս է ավելի քան 190 մլն դոլարով։ ԵՄ անդամ երկրներից մեր հիմնական առևտրային գործընկերներն են Գերմանիան՝ 237 մլն դոլար (5․2 տոկոս), Իտալիան՝ 167 մլն դոլար (3․7 տոկոս), Ֆրանսիան՝ 67 մլն դոլար (1․5 տոկոս), Նիդեռլանդները՝ 66 մլն դոլար (1․4 տոկոս), Բելգիան՝ 51 մլն դոլար (1․1 տոկոս) և Լեհաստանը՝ 48 մլն դոլար (1 տոկոս)։ 2020-ին կրճատվել են ԵՄ անդամ գրեթե բոլոր երկրներից ներմուծման ծավալները։ Բացառություն է կազմում, թերևս, Ֆրանսիան, որտեղից ներմուծումը 2019-ի համեմատ աճել է 2․5 տոկոսով։

Ավելի քան 40 և մոտ 50 տոկոսով նվազել են Բելգիայից և Նիդեռլանդներից ներմուծվող ապրանքների ծավալները։

ԵՄ երկրներից Հայաստանը գնում է հիմնականում դեղամիջոց և բժշկական սարքավորումներ, տեքստիլ արդյունաբերության արտադրանք, հաշվիչ մեքենաներ, կենդանիների կերեր, ադամանդ, մշակող արդյունաբերության սարքավորումներ, շինանյութ, գյուղատնտեսական տեխնիկա, մշակաբույսեր, սերմացու և այլն։

Բացի ԵԱՏՄ և ԵՄ անդամ երկրներից, Հայաստանը ապրանքներ է ներմուծում նաև այս միություններում չընդգրկված այլ երկրներից։ 2019-ի համեմատ նախորդ տարի այլ երկրներից ևս ապրանքների ներմուծումը էականորեն նվազել է։ Եթե 2019-ին այս երկրներից ներմուծվել էին ավելի քան 2 մլրդ 700 մլն դոլարի ապրանքներ, ապա նախորդ տարի ներմուծումը կազմել է ընդամենը 1 մլրդ 925 մլն դոլար։

Այս երկրներից Հայաստանն ամենից շատ ապրանքներ ներմուծում է Չինաստանից՝ 437 մլն դոլար (ներմուծման 9․6 տոկոսը), Վրաստանից՝ 323 մլն դոլար (7․1 տոկոս) և Իրանի Իսլամական Հանրապետությունից՝ 316 մլն դոլար (6․9 տոկոս)։ Բավական մեծ ծավալով ապրանքներ են ներմուծվում նաև Արաբական Միացյալ Էմիրություններից, Թուրքիայից, ԱՄՆ-ից և այլն։ Այս երկրներից ևս ներմուծվող ապրանքների ծավալը 2019-ի համեմատ նվազել է։ Բավական ակնառու՝ մոտ 5 անգամ նվազել են ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների ծավալները, ինչի հիմնական պատճառը, թերևս, 2020 թվականի հունվարի 1-ից միասնական մաքսային դրույքաչափերի կիրառումն է, որը լուրջ խոչընդոտ հանդիսացավ այս երկրից տրանսպորտային միջոցների ներմուծման համար։

ԵՄ և ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներից Հայաստանը գնում է հիմնականում նավթամթերք, մետաղյա իրեր, անմշակ ոսկի ու ադամանդ, պոլիէթիլեն, տրանսպորտային միջոցներ և պահեստամասեր, էլեկտրական սարքավորումներ, հեռախոսներ, տրիկոտաժ, պարարտանյութեր, ծխախոտ, ցիտրուսային մրգեր և այլն։

Սևադա ՂԱԶԱՐՅԱՆ
 «Իրազեկ քաղաքացիների միավորում»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031