Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկե ականջօղեր, արծաթե ապարանջաններ եւ ազնվական ուրարտուհի` «Էրեբունի» թանգարանում

Մարտ 09,2021 13:39

Մարտի 8-ին ընդառաջ Երևանի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում տեղի ունեցավ «Կինը և Նոր Արմավիրի հնագիտական գանձերը» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրության բացումը։ Ներկայացված իրերը պեղվել են Նոր Արմավիր գյուղի տարածքում՝ հայտնի հնագետ-ուրարտագետ Սիմոն Հմայակյանի գլխավորած արշավախմբի պեղումների շնորհիվ։ Թանգարանի հավաքածուն առաջին անգամ համալրված է ոսկե իրերով։

«Ցուցադրությունում ներկայացված են բազմաթիվ արժեքավոր իրեր, որոնք կարող են զարդարել ցանկացած հեղինակավոր թանգարան։ Ներկայացված են բազմաթիվ ոսկե ականջօղեր, արծաթե ապարանջաններ, սափորներ, կարասներ և այլ իրեր»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:

Նրա խոսքով. «Պեղումների ընթացքում բացված կանանց թաղումները և դրանց ուղեկցող նյութերը մեծապես հարստացնում են մեր պատկերացումները Հին Հայաստանում կանանց, նրանց զարդերի և սոցիալական կարգավիճակի մասին»։ Ցուցադրությունն ավելի ընկալելի և հանրամատչելի դարձնելու համար օգտագործվել են հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներով և համապատասխան պատկերներով ու գրաֆիկական դիզայնով հագեցած գիտահանրամատչելի ցուցապաստառներ, նաև տեղադրվել են պեղումներից հայտնաբերված նմանօրինակներ՝ հատուկ տեսողության խանգարում ունեցող անձանց համար:

«Մեր գլխավոր առաքելությունը մարդկանց կրթելն է այնպիսի միջոցներով, որոնք նաև կլինեն հաճելի։ Փորձել ենք հնարավորինս ներդաշնակություն ստեղծել այս երկու սկզբունքը մեկտեղելու համար»,- ասում է Միքայել Բադալյանը։


Թանգարանում իր տեղն է գտել նաև ճարտարապետ, վերակազմող Ռուբեն Սարգսյանի կողմից արված ազնվական ուրարտուհու հագուստի վերակազմությունը։

Ցուցադրությունը կշարունակվի մինչև մայիսի 21-ը։

Մոնիկա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները` Միքայել Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031