Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդունենք, Օնիկ Գասպարյանին ազատեցին, եթե մյուս բարձրաստիճան սպաները չենթարկվեցին վարչապետին`ի՞նչ է տեղի ունենալու». Արա Զոհրաբյան

Մարտ 09,2021 13:11

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, հասարակական գործիչ Վահագն Չախալյանը, Ռոման Գասպարյանը, Զինավոր Մեղրյանը եւ այլ հասարակական գործիչներ ու տարբեր ոլորտները ներկայացնող մասնագետներ այսօր նախագահի նստավայրի մոտ էին: Նրանք պահանջում էին, որ Արմեն Սարգսյանը դիմի ՍԴ՝ ԶՈւ ԳՇ պետին ազատելու վերաբերյալ առաջարկը Սահմանադրությանը հակասող ճանաչելու համար։

Երեկ Արա Զոհրաբյանն այս առիթով ֆեյսբուքյան գրառում էր արել`նշելով, որ նախագահի կրավորական կեցվածքի արդյունքում պետությունը կարող է կանգնել սահմանադրական կարգի խախտման վտանգի առջեւ, ուստի Արմեն Սարգսյանն իրավունք չունի անգործություն դրսեւորելու:

Հիշեցնենք, որ այս կազմն իր աջակցություն էր հայտնել ՀՀ ԶՈՒ-ին նաեւ շաբաթ օրը`պաշտպանության նախարարության մոտ բողոքի ցույցով եւ նույն կոչը նորից հղել էին նախագահին:

Այսօր լրանում է ժամկետը, երբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու Նիկոլ Փաշինյանի դիմումը կարող է ուղարկվել ՍԴ, քանի որ առաջարկի սահմանադրականության վերաբերյալ վեճ է առաջացել: Նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ չի ստորագրելու առաջարկը: Արա Զոհրաբյանը վտանգ է տեսնում, որ նախագահը նաեւ ՍԴ չի ուղարկի միջնորդությունը, ինչը վտանգներ կարող է առաջացնել. «Ստացվում է, որ նախագահն ընտրել է անգործության ճանապարհը, որի իրավունքը չունի, իբրեւ Սահմանադրության երաշխավոր: Փոխարեն երկու լուրջ սահմանադրական մարմինների միջեւ վեճը տեղափոխի դատական հարթակ, այսինքն, քաղաքակիրթ լուծման հարթակ, նա, փաստորեն, հրաժարվում է այդ գործիքից եւ բոլորիս թողնում է բախտի քնահաճույքին»:

Լրագրողների հետ զրույցում Արա Զոհրաբյանն ասաց նաեւ, որ հարցը միայն Օնիկ Գասպարյանին չի վերաբերում, այլ բոլոր սպաներին, որոնք նույնպես կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է եւ պետք է հրաժարական տա. «Ընդունենք, Օնիկ Գասպարյանին ազատեցին, եթե մյուս բարձրաստիճան սպաները չենթարկվեցին վարչապետին`ի՞նչ է տեղի ունենալու»:

Նախագահին ուղղված պահանջը գրավոր ներկայացվեց նրան: Եթե Արմեն Սարգսյանն այսօր այդ հարցը չուղարկի ՍԴ, ապա նախաձեռնող խմբի անդամները անպայման ձեռնամուխ են լինելու այս հարցադրումների պատասխանները ստանալուն. «Ինչո՞ւ է նախագահը վախենում վարչապետից, ի՞նչն է խնդիր, որ նախագահը փոխեց իր կեցվածքը: Արդյո՞ք իրենից կրկին քաղաքացիության մասին փաստաթուղթ ուզեցին»:

Արա Զոհրաբյանի փոխանցմամբ, եթե Արմեն Սարգսյանին իր քաղաքացիության մասին փաստաթղթով են վախեցրել, իրենց այս քայլով ուզում են ասել, որ այդ կերպ իրենք էլ կարող են գործել եւ ավելի բաց հարթակներում:

ԳՇ հայտարարությամբ առաջացած փակուղին լուծման երկու տարբերակ ունի. կամ Նիկոլ Փաշինյանն է հրաժարվում իր առաջարկից, կամ Արմեն Սարգսյանը դիմում է ՍԴ: Հակառակ պարագայում, Արա Զոհրաբյանի պնդմամբ, հանրապետությունը հայտնվում է ճգնաժամի մեջ: Եթե նախագահը անգործություն ցուցաբերի, Արա Զոհրաբյանը գտնում է, որ դա բավարար հիմք է, որպեսզի վերջինիս պաշտոնանկության գործընթաց սկսվի:

Արա Զոհրաբյանի համար տարակուսելի է, որ նախագահը Նիկոլ Փաշինյանի առաջարկում խնդիր տեսել է, արձանագրել է այն, եւ հիմա փորձում է խուսանավել: Եթե ի սկզբանե Արմեն Սարգսյանը խնդիր արձանագրած չլիներ, Արա Զոհրաբյանի համար հասկանալի կլիներ. «Բայց այս պայմաններում, ստացվում է, նախագահն ումից ավելի շատ է վախենում`նրա կողմն է բռնում: Կներեք, բայց մարդը պետք է ամուր նյութից կազմված լինի եւ ամուր կամք ունենա, ոչ թե ժելեի նման`լինի`ով ձեռքով սեղմի, այդ ձեւն ընդունի»: Արա Զոհրաբյանը նաեւ արձանագրում է, որ նախագահի վարքագծում նախկինում էլ եղել են թուլության նշաններ, երբ ԱԺ-ն հանրաքվեի փոխարեն ինքն ընդունեց դատական իշխանությանը վերաբերվող սահմանադրական փոփոխությունները եւ Արմեն Սարգսյանը քայլեր չձեռնարկեց:

Արա Զոհրաբյանը հիշեցնում է Արմեն Սարգսյանին, որ ինքն էլ է պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031