Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բնապահպան պաշտոնյաները»՝ ապօրինի որսի «հեղինակ»

Մարտ 09,2021 13:07

Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնել է Սյունիքում տեղի ունեցած հնարավոր ապօրինի որսի մասին։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն՝ Սյունիքում վարազի ապօրինի որսի մասնակիցներ են հանդիսացել նույն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետ Արմեն Բավոյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը, ինչպես նաև՝ «Մաքս ֆիշ» ՍՊԸ ղեկավարը։ Նշված ընկերությունում Արմեն Բավոյանը մոտ օրերս պետք է տեսչական ստուգում իրականացներ։

Ընդգծենք, որ այս մարդիկ ի պաշտոնե կոչված են պահպանելու բնությունը և ուշագրավ է, թե ինչպես է վերահսկող մարմնի ղեկավարը տեսչական ստուգման ենթակա մասնավոր ձկնաբուծարանի «տիրոջ» հետ միասին հայտնվել Սյունիքում, այն էլ՝ մեքենայում, որի մեջ ապօրինի որսված վայրի խոզի միս է։

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ մեքենայում եղել են 4 հոգով, որոնցից մեկը հաստատ Արարատի տարածքային բաժնի պետն է եղել։ «Մեր տեսչական մարմնի աշխատանքների արդյունքում կասկած է եղել, որ տվյալ մեքենան մարզում է գտնվում ապօրինի որս կատարելու նպատակով։ Հետևելով մեքենայի շարժին՝ կասկած է առաջացել, որ իրենք կատարել են ապօրինի որս և փորձում են հեռանալ։ Դիմել ենք ոստիկանություն, որ նշված համարանիշներով մեքենան կասկածվում է ապօրինի որսի մեջ։ Մեքենան կանգնեցրել և խուզարկել են Սիսիանի բաժնում և պարզվել է, որ մեքենայում առկա է 26.5 կգ փաթեթավորված սառեցված միս։ Մեքենայում գտնվող մարդկանց մոտ եղել են իրենց անվանը կցված որսորդական հրազեն և փամփուշտներ։ Մեզ ոստիկանությունից հրավիրել են պարզելու համար, թե ինչ միս է։ Տեղում զննության արդյունքում պարզ է դարձել, որ առգրավվածը վայրի խոզի միս է՝ սառեցված վիճակում»․– մանրամասնեց նա։

Պարոն Սահակյանը նշեց, որ այժմ որոշակի դժվարություններ կան կապված վնասի հաշվարկի հետ, քանի որ դրա համար պետք է հստակ իմանալ տեղադիրքը, սակայն այդ տեղեկատվությունը դեռ թերի է։ Հավանական է նաև, որ որսն իրականացվել է բնության հատուկ պահպանվող տարածքում, ինչն ավելի է խստացնում պատիժը։

«Նրանք բռնվել են փետրվարի 22-ին, իմ կարծիքով՝ նրանք որսացել են կամ 20-ին կամ 21-ին, այդ իսկ պատճառով էլ միսը սառեցված է եղել, որպեսզի չփչանա։ Համենայնդեպս ես անձամբ փետրվարի 20-ին նրանց նկատել եմ մարզում, ինչն ինձ մոտ կասկած է առաջացրել, քանի որ նրանք եղել են հատուկ արտահագուստով, զենքերով և մենք մեր գործառույթն իրականացրել ենք։ Մեքենայում եղել են 4 հոգով, որոնցից մեկը հաստատ Արարատի տարածքային բաժնի պետն էր»,– ընդգծեց նա։

ՀՀ ոստիկանությունից մեզ հետ զրույցում հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում, իսկ Շրջակա միջավայրի նախարարությունը հերքեց տեղեկատվությունը, թե մեքենայում գտնվել է նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը։ Այնուամենայնիվ, ՀՀ ոստիկանությունը դեռ չի հայտնել փաստագրված տվյալներ, թե ովքեր են եղել նշված որսի մասնակիցները։

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հորդորում է ՀՀ ոստիկանությանը և մյուս իրավապահ մարմիններին իրականացնել բոլոր հնարավոր գործողությունները պարզելու համար դեպքի մանրամասները և մեղավորներին, իսկ ՀՀ կառավարությանը, այս դեպքում՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարին ու Բնապահպանութան և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին կիրառել ամենախիստ պատժամիջոցները։

Հիշեցնենք, որ ՀՀ–ում սիրողական որսաշրջանն ավարտվել է փետրվարի 15–ին։ Ավելին՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կողմից ստորագրված Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից) որսի կենդանիների համար նախատեսվող 2020-2021 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին հրամանով չի թույլատրվում վայրի խոզի՝ վարազի որս։ Այս կենդանատեսակի որսը թույլատրված չէ արդեն երկար տարիներ։

Լուսանկարը՝ այլ դեպքից։

Econews

ԼՐԱՑՈՒՄ. Տարածված տեղեկատվությունը, թե «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը մասնակցություն է ունեցել Սյունիքում վարազի ապօրինի որսի դեպքին, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջը: «Նշված ժամանակահատվածում արգելոցի փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը գտնվել է աշխատանքի վայրում՝ կատարելով իր աշխատանքային պարտականությունները»,- ասված է գրառման մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031