Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Կոտայքի լեռնային շրջաններում մարտի 7-ին ողջ գիշեր ձյուն է տեղացել: Այսօր՝ մարտի 8-ին, տեղումները շարունակվում են: Այնինչ հանրապետության տարբեր մարզերում ծառերը հասցրել էին ծաղկել:
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի փոխանցմամբ՝ տեղումներն այսօր կշարունակվեն մինչեւ երեկոյան ժամը 10-ից 11-ն ընկած ժամանակահատվածը, դրանից հետո կդադարեն:
Սուրենյանի խոսքով՝ որոշ պտղատու ծառեր արդեն ծաղկել են Տավուշի եւ Սյունիքի հովտային գոտիներում: Այդ հատվածներում գիշերը ջերմաստիճանը զրոյին մոտ է եղել, որը, ըստ Սուրենյանի, վտանգ չի ներկայացնում:
Ինչ վերաբերում է հանրապետության ողջ տարածքում ցրտահարության վտանգներին, Սուրենյանը մանրամասնում է՝ Արարատյան դաշտում ծառերի ծաղկում գրեթե չունենք, դեռ բողբոջներն են ուռչում, այդտեղ որեւէ վտանգ չկա:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ եղանակային վատ պայմանները՝ տեղացող ձյունն ու ջերմաստիճանի անկումը, կարող են չնչին վնասներ հասցնել Տավուշի հովտային գոտիներում, բայց՝ փոքր թվով պտղատու ծառերի դեպքում: «Ամեն դեպքում Տավուշում էլ դեռ լոկալ հատվածներում են որոշ ծառատեսակներ ծաղկել՝ հոն, նուշ, նուռ: Համատարած ծաղկում հանրապետության ոչ մի հատվածում չկա: Արարատյան դաշտում ոչ մի ծառատեսակ չի ծաղկել»,- ասաց Սուրենյանը:
«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալի համոզմամբ՝ ներկայիս ջերմաստիճանի ու տեղումների հետեւանքները ցրտահարություն որակելը սխալ կլինի:
Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: