Հաշվի առնելով թե՛ մակրոտնտեսական՝ գրեթե բոլոր ոլորտներում անկում արձանագրող ցուցանիշները, թե՛ տնտեսության ընդհանուր իրավիճակը, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը կարծում է, որ տնտեսական խորքային ճգնաժամի մեջ ենք, որի հաղթահարման համար գործող վարչակազմը չունի ո՛չ անհրաժեշտ մասնագիտական ռեսուրս, ո՛չ քաղաքական կամք:
«Վերջին գրեթե 3 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական համակարգը կառավարվում էր ու առ այսօր շարունակում է կառավարվել քաոտիկ ու ֆրագմենտար կերպով՝ առանց գոնե միջնաժամկետ պլանավորման: Իսկ այն, ինչ փորձում էին ներկայացնել որպես երկարաժամկետ զարգացման հեռանկար, ոչ այլ ինչ էր, քան հերթական բաժակաճառ: Տնտեսության մեջ խորքային խնդիրների առկայությունն ակներև դարձավ դեռ 2019 թ.-ին, երբ իրեն իշխանություն համարող, սակայն «իշխանություն» եզրույթի իրական իմաստը չգիտակցող խմբակը հաստատեց կառավարության ծրագիրը, որում որևէ ցուցանիշ ու չափորոշիչ չկար: Դա վկայում էր մեկ բանի մասին, այն է՝ կառավարությունն ի սկզբանե չի ցանկացել իրական պատասխանատվություն կրել երկրի տնտեսական զարգացման համար՝ տեղափոխելով այդ բարդագույն ոլորտի խնդիրները պոպուլիզմի դաշտ, ինչի ամենավառ դրսևորումներից է տնտեսական հեղափոխության մասին խոսույթը:
Իսկ թե ի՞նչ քաղաքականությամբ է առաջնորդվում ներկայիս կառավարությունը երկու արհավիրքների՝ թե՛ համաճարակի, թե՛ հատկապես պատերազմի խորացող հետևանքները մեղմելու ուղղությամբ, Վահե Դավթյանը նշեց. «Գործող ապազգային կառավարությունը մեկ օրակարգ ունի և իրականացնում է մեկ քաղաքականություն՝ Հայաստանը դարձնել թուրք-ադրբեջանական գեոռազմավարական մերձեցման հարթակ: Հրամցվում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման գաղափարը, որն ուղղակի սպառնալիք է մեր ազգային անվտանգության համար: Սպառնալիք է, քանի որ ավանդաբար Անկարան օգտագործում է տնտեսական գործիքակազմը աշխարհաքաղաքական էքսպանսիա իրականացնելու համար, ինչի վառ օրինակներից է վրացական Աջարիան: Մյուս կողմից, ո՛չ Անկարան, ո՛չ Բաքուն Հայաստանը որպես գեոտնտեսական գործընկեր չեն դիտարկում, հակառակ դեպքում տարածաշրջանում տրանսպորտա յին հաղորդակցությունների վերսկսման շրջանակներում օրակարգ կբերվեր Կարս-Գյումրի երկաթուղու վերաբացման հարցը: Մինչդեռ կողմերը որպես կարևորագույն միջանցք դիտարկում են Կարս-Իգդիր-Նախիջևանը, իսկ Ալիևը Լաչինում հայտարարում է, որ Հայաստանի տրանսպորտային ինտեգրման հարցը, խոշոր հաշվով, Ռուսաստանի գործն է:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։