Հայաստանը գտնվում է ճգնաժամից դուրս գալու ուղիների փնտրտուքի մեջ, եւ յուրաքանչյուրը յուրովի՝ իր ավանդն է փորձում ունենալ այդ փնտրտուքի ընթացքում։ Պետք է արժանին մատուցել նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին, որը զգուշորեն մեկնարկ տվեց գործնական բանավեճին, հոդված հրապարակելով «Անհրաժեշտ է աշխատել երեք ուղղությամբ» վերտառությամբ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներից մեկում եւս հայտարարել էր, որ մենք պետք է սկսենք խոսել ապագայի մասին, սակայն, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներով, բայց այդքանով սահմանափակվեց, համենայնդեպս, այս պահի դրությամբ։
Եվ ուրեմն, անկախ նրանից, թե ինչ վերաբերմունք եւ գնահատական կա կամ կարող է լինել Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք հայկական դիվանագիտությունը գլխավորած Վարդան Օսկանյանի, այդ տարիներին նրա դերակատարության նկատմամբ, որի բացասական «մասը», մեղմ ասած, այդքան էլ անհիմն չէ, այնուամենայնիվ, նրա կողմից «թղթին» հանձնված մի քանի կարեւոր գաղափարներ արժանի են ամենայն ուշադրությանը։
Եվ ուրեմն, ի՞նչ է ասում պարոն Օսկանյանը։ «Արտաքին քաղաքականության եւ հատկապես Լեռնային Ղարաբաղի գործընթացին առնչվող գնացքը տեղից շարժվել է։ Այժմ, երբ այն սկսում է թափ հավաքել, մենք ոչ թե կողքից քայլում ենք՝ փորձ անելով ցատկել ներս, այլ կանգնել ենք։ Այդ գնացքը շուտով կլքի կայարանը, եթե մենք չսկսենք արագ վազել նրա հետեւից եւ ներս ցատկել։ Դա անելու համար մեզ անհրաժեշտ է աշխատել երեք ուղղությամբ՝ դիվանագիտական, ռազմական եւ միջազգային իրավական», – ահազանգում է նախկին նախարարը։
Կարդացեք նաև
Վերոնշյալ ուղղություններով մի քանի կարեւոր առաջարկությունների շարադրանքը եզրափակելով, պարոն Օսկանյանը շեշտում է. «Եթե մենք ուզում ենք, որ մեր հակառակորդները, բարեկամներն ու հարեւանները, ինչպես նաեւ միջազգային հանրությունը մեզ լսեն, հարգեն եւ մեզ ընկալեն որպես տարածաշրջանային դերակատար, անհրաժեշտ է, որ այս երեք ուղղություններով չհապաղենք եւ ամենակարճ ժամկետում սկսենք արդյունքներ ցույց տալ։ Ավելին՝ եթե շարունակվի այս ներքին համառությունը եւ արտաքին անգործությունը, ապա, իմ խորին համոզմամբ, ոչ հեռու ապագայում մեզ սպառնում է Արցախի մնացորդ մասի նախիջեւանացում, Սյունիքի հայաթափում ու նույնիսկ կորուստ»։
Որեւէ նպատակ չունենալով վիճարկելու տեքստի բովանդակությունը, քանզի այնտեղ վիճարկելու բան էլ չկա ըստ էության, ավելին, պատրաստ եմ ստորագրել այդ շարադրանքի տակ, այնուամենայնիվ, մի քանի նկատառում անհրաժեշտ է՝ անելիքի պատկերն ամբողջացնելու համար։
Վարդան Օսկանյանի կողմից մատնացույց արված ուղղությունները, այն է՝ դիվանագիտական, ռազմական եւ միջազգային իրավականը, իրապես գերմարդկային ջանքեր են պահանջելու՝ որոշակի ճեղքումներ ապահովելու համար։ Իր հերթին, դա նաեւ ենթադրում է զգալի ջանքեր մի շարք այլ՝ ռազմավարական ոլորտներում, մասնավորապես՝ գիտություն, կրթություն, տնտեսություն, իսկ դա իր հերթին՝ մեծածավալ ներդրումներ եւ ինստիտուցիոնալ ջանքեր։
Բացարձակապես ակներեւ է, որ համալիր աշխատանք հնարավոր է մեկ պարագայում. երբ պետությունը որպես համակարգ՝ ներսից առողջ է։ Սակայն, նույնպես բացարձակապես ակներեւ է, որ մեր պետությունը ներկայումս կատարելապես փչացած է՝ բառիս ամենալայն եւ բազմապլան իմաստով, եւ գոնե այդ հարցում առկա է համահայկական կոնսենսուս։
Ձեռնպահ մնալով կրկին մատնացույց անելուց, թե ում «կոտրած ձեռքով», ում թողտվությամբ, ում փնթիությամբ հնարավոր դարձավ այս տխուր ախտորոշման արձանագրումը եւ շարունակելով հայացքը պահել դեպի առաջ, պետք է փաստել, որ այսպիսի փչացած «միջուկով» պետության մեջ չի՛ կարող նպատակին հասնել եւ հաջողություն ունենալ Օսկանյանի կողմից մատնանշված ուղղություններով որեւէ գործունեություն։
Այդ իմաստով արտահերթ խորհրդարանական ընտրությունների, Սահմանադրության փոփոխության գաղափարները միանգամայն առողջ են՝ ճգնաժամից դուրս գալու ճանապարհին պետությանը եւ հասարակությանը նոր լիցք հաղորդելու տեսակետից։
Սակայն այդ գործընթացները կմնան որպես ինքնանպատակ, եթե չեն ծառայում մոտակա տեսլականին՝ ինչի՞ համար, ո՞ր գերնպատակին ծառայելու, ո՞ր գերխնդիրը լուծելու համար։ Անցումն, ասենք, կիսանախագահական համակարգին կոչված կարող է լինել որոշումների՝ ավելի արդյունավետ կայացմանը եւ իրականացմանը։ Սակայն հարց է առաջանում. որոշումներ ինչի՞ մասին։ Դրանք որոշումներ են լինելու, որպեսզի ո՞ր տեսլականը սպասարկեն։
Նույնը՝ արտահերթ ընտրությունների պարագայում։ Նոր ընտրությունների արդյունքներով նոր մանդատ են շնորհելու նոր իշխանություններին։ Սակայն նույնպես հարց է ծագում. ո՞ր գերխնդիրը լուծելու համար։ Այդ հարցի պատասխանը պետք է սկսի ուրվագծվել հենց այսօրվանից, որքան էլ որ «վերբալ աղբը» հեղեղել է երկիրը, եւ դառնա նախընտրական շրջանի բանավեճի գլխավոր թեման։ Ի վերջո, պետք է հասկանալի լինի, թե ո՞րն է մեր՝ «Հայաստան-2025» տեսլականը, մեր քաղաքական գործողությունները դեպի ինչպիսի Հայաստան-2025 են տանում՝ բառիս ամենաընդգրկուն իմաստով։
Մենք չունենք այս պահին տեղի ունեցածի ամբողջական «ախտորոշումը», եւ առանց դրա հազիվ թե կարողանանք ձեւակերպել, թե ո՞րն է լինելու, ըստ այդմ, «բուժումը»։ Մենք ներսում չունենք ձեւակերպված պայմանավորվածություններ, թե ինչ չե՛նք անելու, առանց որի՝ «ի՞նչ ենք անելու» հարցը շարունակելու է մնալ անպատասխան։ Ինչո՞ւ հատկապես 2025։ Որովհետեւ հենց այդ տարվա վերջում է ավարտվելու ռուսական զորքերի՝ Արցախի մնացած հատվածում գտնվելու պայմանավորված ժամկետը։
Ինչպե՞ս են դասավորվելու առաջիկա չորս տարիների ընթացքում Արեւմուտք-Թուրքիա, Արեւմուտք-Ռուսաստան, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները։ Անվիճելի է, որ դրանց վրա մեր ազդեցության հնարավորություններն, ըստ էության, զրոյական են, սակայն, հաստատապես, դրանից կախված, իրավիճակը մեր շուրջ կարող է անպատկերացնելի փոփոխությունների ենթարկվել։ Եվ եթե մենք չենք խոսելու այդ հնարավոր փոփոխությունների պայմաններում մեր անելիքների մասին, ապա ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես խոսելը Հայաստանում։ Ավելին, նույնիսկ ավելի վաղ կարող են տեղի ունենալ գործընթացներ, որոնք մեզ պարզապես փաստի առաջ կկանգնեցնեն, ինչպես վերջին հարյուր տարվա ընթացքում արդեն երկու անգամ տեղի է ունեցել, ըստ էության, հաշված օրերի ընթացքում եւ մեզ համար հաստատապես ոչ բարենպաստ պահին։ Օսկանյանի կողմից մատնանշված խնդիրները, միեւնույն ժամանակ, կարեւոր են հենց տեսլականի ձեւակերպման տեսանկյունից, եւ զինված չլինելով այդ տեսլականով, առանց ղեկ ու առագաստի՝ ցանկացած իրադարձություն մեզ համար կարող է վերածվել ֆորս-մաժորի, ունենալով աղետալի վերջաբան։
Բանակի վերաստեղծման հետ կապված, պարզ է, որ «իներցիոն» բնույթի խոսակցությունները, թե «մենք մեր ռազմավարական դաշնակցի հետ» չգիտեմ ինչեր ենք անելու՝ կոպեկի արժեք չունեն, քանզի միանշանակ է. Ռուսաստանն ինքը ոչինչ չունի մեզ առաջարկելու թե՛ ռազմաքաղաքական, թե՛ ռազմատեխնիկական առումներով, մեզ այլ լուծումներ են պետք, եւ այդ լուծումների աղբյուրները հաստատապես Ռուսաստանում չեն։ Դրա հետ մեկտեղ, խոսակցությունները «գիտելիքահեն տնտեսություն», «գիտական ճեղքումներ» թեմաներով նույնպես՝ տանում են ոչ մի տեղ, եթե Հայաստանն իրապես ինտեգրված չէ քաղաքակրթության վերելքին ծառայող՝ գլոբալ կրթական եւ գիտական ցանցին։
Եվ ուրեմն, սպասվելիք արտահերթ ընտրությունները կարող են դառնալ առաջին կենսական կարեւորության քայլը ճգնաժամից դուրս գալու ճանապարհին, սակայն, եթե ապահովվի մեկ կարեւոր պայման. այդ ընտրությունները պետք է ավարտվեն տեսլականի ձեւավորմամբ եւ ձեւակերպմամբ, որն էլ հավանություն կստանա քաղաքացիների մեծամասնության կողմից։ Դրա բացակայության պարագայում ընտրական գործընթացը ներկայիս քաղաքական պայմաններում կվերածվի հերթական մսխված հնարավորության ի սկզբանե, որի ռեսուրսը մենք պարզապես այլեւս չունենք։ Մեզ պետք է հստակ պատկեր. ի՞նչ ենք անելու գալիք չորս տարվա ընթացքում։ Հետեւաբար ելքը մեկն է. ապագային միտված՝ պետք սկսել խոսել, ազնվորեն գույքագրելով անցյալի սխալները։ Եվ նաեւ՝ սովորել լսել։
Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ
Նկարը՝ Smithsonian Magazine
«Առավոտ» օրաթերթ
09.03.2021
1.«եթե Հայաստանն իրապես ինտեգրված չէ քաղաքակրթության վերելքին ծառայող՝ գլոբալ կրթական եւ գիտական ցանցին»;
2.« քանզի միանշանակ է. Ռուսաստանն ինքը ոչինչ չունի մեզ առաջարկելու թե՛ ռազմաքաղաքական, թե՛ ռազմատեխնիկական առումներով, մեզ այլ լուծումներ են պետք, եւ այդ լուծումների աղբյուրները հաստատապես Ռուսաստանում չեն»։
Գեղեցիկ բառեր՝ ոչինչ չասող։ Պարզապես, հեղինակը որոշել է «զավուալիրովաննո» (հուշեք հայերենը) հերթական հակառուս «կաթիլը» կաթացնել ընթերցողի ականջին։ Իսկ ընտրության պետք է գնալ, իմ կարծիքով, երբ կտրվեն վերջին պատերազմին վերաբերվող բոլոր (լավ, գոնե հիմնական) հարցերը: Թե չէ տպավորություն է, թե ինչ է եղել որ, մոռացեք այդ ամենը եւ մտածեք ինչ ենք անելու։
«Հետեւաբար ելքը մեկն է. ապագային միտված՝ պետք սկսել խոսել (ո’չ, գործել), ազնվորեն գույքագրելով (+պատասխանատվության ենթարկելով) անցյալի սխալները։
Եվ նաեւ՝ սովորել լսել (ու տեսնե’լ)»։