Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավաբան Արտաշես Խալաթյանն արտառոց ոչինչ չի տեսնում նախագահի ու Վահրամ Բաղդասարյանի հանդիպման մեջ՝ այնքանով, որքանով որ գոյություն ունի անմեղության կանխավարկած. «Ժամանակ»

Մարտ 09,2021 10:04

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ: Ընդ որում, հանդիպումը տեղի է ունեցել հանրապետության նախագահի հրավերով: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ:

Հիշեցնենք, որ Վահրամ Բաղդասարյանը անցնում է ԱԱԾ-ի կողմից հարուցված իշխանության յուրացման և վարչապետի սպանությունը նախապատրաստելու քրեական գործով։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ ցանկացած քաղաքական խնդիր կամ ճգնաժամ կարող է լուծվել կամ հաջողություն ունենալ լուծվելու տեսակետից, եթե դա հիմնված լինի օրինականության և Սահմանադրության ու ժողովրդավարության սկզբունքների վրա։ «Վերջին ժամանակներում պարբերաբար փորձ է արվում հրամցնել հասարակությանը, թե կարևոր չեն Սահմանադրությունը, օրինականությունը, օրենքները, ժողովրդավարությունը, այլ կարևոր է կայունությունը, բայց նույնիսկ մաֆիոզ խմբերը որոշակի սկզբունքներ, չգրված օրենքներ ունեն, որոնց հիման վրա հասնում են համաձայնության։ Բայց պետությունը տարբերվում է նրանից, որ համաձայնությունը պետք է ձեռք բերվի ոչ թե կամայական, մտացածին սկզբունքների հիման վրա, այլ օրենքի ու օրինականության հիման վրա։ Այնպես որ, ես չեմ հասկանում՝ ինչ է նշանակում խորհրդակցել հեղաշրջման փորձի, բռնության կոչեր անող, սպանություն նախապատրաստող անձանց հետ։ Այս առումով հանրապետության նախագահը հանդես է գալիս ոչ թե Սահմանադրության պահպանման դիրքերից, Սահմանադրությամբ խնդիրները լուծելու դիրքերից, այլ միջնորդի դեր է ստանձնում սահմանադրական սկզբունքները ոտնահարելու կողմնակիցների միջև, որը չի կարող հանգեցնել քաղաքական այն ճգնաժամի լուծմանը, որում մենք հիմա գտնվում ենք»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Սաքունցի խոսքով՝ հստակ է, որ զինված ուժերը պետք է պահպանեն քաղաքական չեզոքություն, դա ամրագրված է Սահմանադրությամբ, ու պետք չի ինչ-որ մանիպուլյացիաներ անել, փորձել օրենքը շրջանցել, այլ մեկնաբանություններ տալ։ Դա ոչ մի լավ հետևանքի չի բերի։ «Չկա որևէ օրինակ, որ զինված ուժերի ներգրավումը քաղաքական գործընթացներին որևէ դրական արդյունքի բերի։ Իսկ եթե նման հայտարարություններ անողներ եղել են, ապա դրա հետևանքները միայն ու միայն բացասական ազդեցություն են ունեցել»,- ասաց զրուցակիցը՝ հավելելով. «Նախագահի կողմից կրակի վրա յուղ լցնելու այս վարքագիծը դատապարտելի է ու ոչ մի կերպ ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել»։

Իրավաբան Արտաշես Խալաթյանը, սակայն, արտառոց ոչինչ չի տեսնում նախագահի ու Վահրամ Բաղդասարյանի հանդիպման մեջ՝ այնքանով, որքանով որ գոյություն ունի անմեղության կանխավարկած։ Քանի դեռ չկա ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, անձը համարվում է անմեղ: «Այս առումով ես խնդիր չեմ տեսնում նախագահի ու Վահրամ Բաղդասարյանի հանդիպման մեջ։ Վերջինս ներկայացնում է ընդդիմադիր ուժ և հանդես է գալիս ռադիկալ, վտանգավոր կոչերով, որոնք հղի են լուրջ վտանգով նույն սահմանադրական կարգի համար։ Նրանք հանդիսանում են նաև Գլխավոր շտաբի քաղաքական հայտարարության շահառուներից մեկը, և նախագահը փորձ է անում շարունակել կոնսուլտացիաները ներհասարակական համերաշխության հասնելու համար։ Այնպես որ, ես այստեղ մեծ հաշվով խնդիր չեմ տեսնում, իսկ Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի պատասխանատուն քննչական մարմինն է և դատարանը, որը մերժեց կալանավորման միջնորդությունը։ Հարցը լրիվ դատաիրավական համակարգի տիրույթում է, և նախագահը այս առումով պատասխանատվության ու էթիկական նորմեր խախտելու խնդիր չունի։ Նախագահը իր գործառույթը շարունակում է՝ անկախ ամեն ինչից»,- եզրափակեց Խալաթյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031