Բրյուսել, 8 Մարտ 2021թ.- Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսի (Կիպրոս, Սոցիալիստների և Դեմոկրատների խմբակցություն) նախաձեռնությամբ, բոլոր հիմնական խմբակցություններից թվով 30 եվրապատգամավոր հրատապ հարցում է հղել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգային հարցերով Բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին: Եվրապատգամավորները հարցնում են Բարձր հանձնակատարին, թե ԵՄ-ն ինչ հստակ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանի կողմից գերեվարված հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, այդ թվում՝ քաղաքացիականների և կանանց վերադարձն ապահովելու համար: Ադրբեջանը շարունակում է բազմաթիվ հայ ռազմագերիների անազատության մեջ պահել՝ չնայած 10.11.2020 հրադադարի եռակողմ հայտարարությանը, որն ամրագրում է բոլոր ռազմագերիների և պահվող անձանց վերադարձը:
Եվրապատգամավորները նաև հարցում են հղում ԵՄ Բարձր հանձնակատարին, թե ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկել ԵՄ-ն հայ ռազմագերիների չարաշահումը և քաղաքական նպատակների համար շահագործումը կանխելու և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից նրանց այցելությունն ապահովելու համար: Եզրափակելով՝ Եվրապատգամավորները հետաքրքրվում են, թե արդյոք ԵՄ-ը ադրբեջանական կողմից հայցել է իրեն փոխանցել հայ ռազմագերիների հստակ թիվը և եթե այո, ապա ինչ տեղեկություն է տրամադրվել:
Խոսելով գրավոր հարցման մասին՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսը հայտնեց. «Մենք չենք կարող մարդկության դեմ ուղղված հանցագործությունների առջև լուռ մնալ: Այդ պատճառով տարբեր խմբակցություններից և ԵՄ անդամ երկրներից իմ գործընկերների հետ մենք կոչ ենք անում ԵՄ-ին գործի անցնել և կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ ձեռք բերված համաձայնության 8-րդ կետի իրագործմանը հասնելու համար, մասնավորապես՝ վերադարձնել Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիներին և գերիներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և կանանց: Ադրբեջանը բացահայտորեն խախտում է միջազգային իրավունքը, և մենք պետք է բարձրաձայնենք այս զուտ մարդասիրական հարցի մասին»:
Մեկնաբանելով եվրապատգամավորների նախաձեռնությունը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Ակնհայտ է, որ խախտելով ձեռք բերված համաձայնությունն Ադրբեջանը շահագործում է այս մարդասիրական հարցը քաղաքական օգուտ կորզելու և հավելյալ տառապանք պատճառելու համար»:
Կարդացեք նաև
«Մենք ողջունում ենք եվրապատգամավորների այս նախաձեռնությունը: Ժամանակն է, որ ԵՄ գործադիր իշխանությունը և ԵՄ անդամ պետությունների ղեկավարները գործի անցնեն: Մարդու իրավունքներն ու մարդկային արժանապատվությունը սոսկ բառեր չեն և չեն կարող լինել սակարկության առարկա: Որպես ԵՄ քաղաքացիներ` մենք ԵՄ-ից ակնկալում ենք օգտագործել դիվանագիտական և քաղաքական բոլոր լծակները և դադարեցնել Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդկային արժանապատվության այս անթույլատրելի ոտնահարումը: Պետք է Ադրբեջանին հստակ հասկացնել, որ այն պարտավոր է հարգել իր հանձնառությունը և անհապաղ վերադարձնել բոլոր հայ գերիներին»,-եզրափակեց Կարապետեանը:
ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ